Դեկտեմբերի 30-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները,դպրոցների եւ առողջապահական հիմնարկների տնօրենները: Մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց 2015թ. մարզում կատարված աշխատանքները եւ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այնուհետեւ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը համայնքների սեփական եկամուտների կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդեց: Նա նշեց, որ դեկտեմբերի 28–ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 3 միլիարդ 480 միլիոն դրամ, որը նախատեսվածի 98.5 տոկոսն է:
Իսկ համայնքների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 92.5 տոկոսով: Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ ամանորի շեմին չի ցանկանում շատ խոսել խնդիրներից, սակայն սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող մի քանի համայնքների ղեկավարների հարցրեց, թե որոնք են նման ցուցանիշների պատճառները:
Սահմանամերձ Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը մարզպետ Աբովյանին շնորհակալություն հայտնեց սահմանամերձ համայնքին ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Վազաշենի համայնքապետարանը ուշացրել է քամուց տուժած վազաշենցիներին վնասների գումարների պետական փոխահատուցման համար ցուցակների տրամադրումը, սակայն մարզպետի աջակցությամբ այդ խնդիրը լուծվել է: Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը Հ. Աբովյանին շնորհավորեց «Դե ֆակտո» ամսագրի կողմից «Տարվա մարդ» կոչմանն արժանանալու առթիվ: Հովիկ Աբովյանն ասաց, որ ինքը միայնակ չի կարող հաջողությունների հասնել, մարզի համայնքապետերի, համայնքների ավագանիների համագործակցության արդյունքում կարող են հաջողությունների հասնել: Մարզխորհրդի նիստից հետո կայացավ Տավուշի մարզպետի մամուլի ասուլիսը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ