Ռուսաստանը պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունները պաշտոնական Անկարայի հետ: Այս մասին մոսկովյան LifeNews հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Թուրքական հոսք»-ի երթուղու շուրջ բանակցությունները չեն վերսկսվել: Դրանք դադարեցվել են դեռ ամռանը, երբ մենք համաձայնագրի նախագծի մեր տարբերակն ուղարկեցինք թուրք գործընկերներին: Բանակցությունները, սակայն, դադարեցվեցին Թուրքիայում կայուն հիմունքներով գործող կառավարության բացակայության պատճառով: Այժմ արդեն նման կառավարություն ձևավորվել է, ուստի եթե [թուրքական կողմից] նման շահագրգռվածություն լինի, մենք կշարունակենք բանակցությունները», – հայտարարում էր Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:
Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ «Թուրքական հոսք» գազատարը պետք է սկիզբ առներ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մերձակայքում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանից, հետագայում անցնելով Սև ծովի հատակով և թուրքական ափ դուրս գալով Քայաքյոյ բնակավայրի մոտ: Գազատարի ցամաքային հատվածի ընդհանուր երկարությունը պետք է կազմեր 180 կիլոմետր: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս էր գալու Հունաստանին սահմանակից շրջան` Էփսիլի քաղաքի մոտ: Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո, սակայն, Անկարայի և Մոսկվայի միջև իրականացվող բոլոր երկկողմ ծրագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները դադարեցվեցին: Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, այդուհանդերձ, հույս ունի, որ առաջիկայում խողովակաշարի կառուցմանը խոչընդոտող քաղաքական արգելքները հնարավոր կլինի հաղթահարել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում