Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:
Նախարարը հետաքրքրվել է զինվորների առօրյայով, զրուցել նրանց հետ, շրջել զորամասով, ծանոթացել ծառայության պայմաններին: Գ. Ղազարյանը հետաքրքրվել է հատկապես զինվորների մարզական պատրաստվածության մակարդակով, նրանց մարզումների ընթացքով և զինծառայության ժամանակ մարզումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար զորամասին է հանձնել մարզագույք:
Այցի ավարտին նախարար Ղազարյանը շնորհավորել է զինվորներին, հրամանատարներին, սպայական կազմին՝ նրանց մաղթելով ուժ և կորով, անկոտրուն կամք, հաստատակամություն, ինչպես նաև խաղաղ ու անփորձանք ծառայություն: «Հայաստանի Հանրապետությունը սկսվում է հայ զինվորից, այսինքն՝ ձեզանից: Այդ դուք եք, որ անառիկ եք պահում մեր երկրի սահմանները և մեզ բոլորիս հնարավորություն եք տալիս ապրել, աշխատել և ստեղծագործել խաղաղ երկնքի տակ: Նաև դրա՛ համար եմ ցանկանում իմ երախտագիտությունը հայտնել ձեզ և ձեր հրամանատարներին»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
Մամլո հաղորդագրություն