Սիրելի՛ հայրենակիցներ,
Լուսավոր Հայաստան կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Մաղթում ենք, որ 2016 թվականը ձեզ համար լինի ձեռքբերումների և առաջընթացի տարի:
Անցնող տարին մեր պետության համար նշանավորվեց փորձություններով, պայքարով, երբեմն ոգևորությամբ, երբեմն էլ՝ հուսալքությամբ: Մեր երազանքների Հայաստանը դեռ առջևում է: Բայց վաղվա Հայաստանը պետք է կառուցենք այսօր՝ քրտնաջան պայքարով և անկոտրում ոգով:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը, գալիք տարում իր ողջ եռանդն ու ներուժը ուղղելու է ավելի լավ Հայաստան կերտելու գործին, Հայաստան, որը ոչ թե կգոյատևի, այլ կզարգանա, որտեղից ոչ թե կհեռանան, այլ կուզենան վերադառնալ: Այս նպատակին հասնելու համար՝ մենք աշխատելու ենք ամեն օր. մենք աշխատելու ենք գյուղերում և քաղաքներում, բակերում և փողոցներում: Մենք աշխատելու ենք գիտնականի և գործարարի, բանվորի և ուսուցչի, բժշկի և ուսանողի հետ: Մենք աշխատելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր գերադասում են շոշափելի գործը վերացական խոսքից:
Կարդացեք նաև
2016 թվականը լինելու է պայքարի տարի: Լուսավոր Հայաստան կուսակցությունը բոլորիս մաղթում է հաջողակ և լուսավոր տարի. մեր սահմաններին՝ խաղաղություն, մեր ընտանիքներին՝ ջերմություն, մեր ոգուն՝ տոկունություն, մեր մտքերին՝ պայծառություն՝ կերտելու համար այն Հայաստանը, որտեղ մենք կապրենք արժանապատիվ և երջանիկ:
Լուսավոր Հայաստան կուսակցություն