ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21:40-ին, «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրող-ծակող վերքերով բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 3 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս։
Դեպքի առթիվ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նույն օրը վնասվածքներ ստացած 3 անձինք ճանաչվել են որպես տուժող:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 20-ի սահմաններում, Ստեփանավանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ նշված անձանց դանակի գործադրմամբ պատճառվել են մարմնական վնասվածքներ: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես անչափահաս է և 2015 թվականի դեկտեմբերի 30-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների և կասկածյալի հագուստները, վերցվել են արյան նմուշներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե