Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի դինամիկան ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել ոլորտի հեռանկարային զարգացման համար, և գյուղատնտեսությունն ունի հզոր ներուժ տնտեսական դժվարին պայմաններում երկրի համար ամուր հենասյուն դառնալու:
Եվ այս ամենն առաջին հերթին շնորհիվ հայ շինականի, ով ամուր կառչած է հայրենի հողին և արդար աշխատանքով շարունակում է շենացնել իր տունն ու հայրենիքը:
Անշուշտ եղան նաև դժվարություններ, մասնավորապես խաղողի մթերումների հարցում լարվածությունից հնարավոր չեղավ խուսափել, որը սակայն պետական ու մասնավոր հատվածի համատեղ գործուն ջանքերով արագ հաղթահարվեց, և գործընթացը բարեհաջող կերպով հասցվեց ավարտին:
Կարդացեք նաև
Պետությունը շարունակելու է տարբեր օժանդակության ծրագրերով և բոլոր հնարավոր միջոցներով աջակցել գյուղացուն` շտկելու իր մեջքը և ավելի վստահ նայելու վաղվա օրվան: Դժվարությունները շատ են, սակայն դրանք հաղթահարելի են, երբ միավորվում են ջանքերը: Գալիք տարիներին մենք պետք է շարունակենք ավելի մեծ ուշադրություն դարձնել կոոպերատիվների ստեղծման, արտադրության ինտենսիվացման, գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին:
Լիահույս եմ, որ 2016 թվականը թե գյուղատնտեսության և թե ընդհանուր առմամբ մեր երկրի տարբեր ոլորտներում արգասաբեր ու բեղուն կլինի:
Թող նոր տարին հայ ժողովրդի համար խաղաղության, կայունության ու հզորացման տարի լինի և դրական փոփոխությունների, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի լինի հատկապես հայ գյուղացու համար:
Աստված մեզ պահապան:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին