Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր. մենք շարունակեցինք արարել, հիմքեր ստեղծել կայուն զարգացման եւ բարեկեցիկ ապագայի համար:
2015 թվականը հիշարժան տարի էր, եւ այն մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով: Մայիսին կայացան հերթական խորհրդարանական, սեպտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունները, որոնց մասնակցած միջազգային դիտորդների կարծիքները, տարբեր երկրների խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների հետ մեր համագործակցության ծրագրերը լուրջ նախադրյալներ են՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:
Կարդացեք նաև
Ամբողջ տարվա ընթացքում պահպանվեց նաեւ լարվածությունը մեր երկրի սահմաններին: Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերն ու ծանր հրետանու կիրառումը բոլորովին այլ իրավիճակ ստեղծեցին 1994 թվականի զինադադարից ի վեր: Ցավոք, ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, եւ այդ վիշտը բոլորինս է: Միաժամանակ մենք հպարտություն ենք ապրում Հայոց բանակի վստահ կեցվածքով եւ նրա մարտունակությամբ:
Թանկագի´ն հայրենակիցներ,
Մենք թեւակոխում ենք 2016 թվական: Տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակը: Անկախությունը հռչակել ենք միասին եւ անցած քառորդ դարի ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր ընտրած ուղուն, թեկուզ բազում անելիքներ ունենք առջեւում: Ուստի, բոլորիս մաղթում եմ ամուր առողջություն, նոր եռանդ եւ միասին աշխատելու պատրաստակամություն:
Խաղաղություն՝ մեր երկրին ու մեր օջախներին:
Շնորհավո´ր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:
ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան