Հայ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքը լուծվում է հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:
Կարդացեք նաև
Հիսուսի Ս.Ծնունդն ու Աստվածահայտնությունն այսպես եղավ
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուս ծնվեց մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:
Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:
Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավունք էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա:
Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:
Տոնի պատգամը
Բեթղեհեմյան մսուրի մոտ ապրողներից շատերն այդպես էլ չիմացան Մանուկի ծննդյան մասին, մինչ հեռու երկրներից մոգերը եկան ու երկրպագեցին Նրան: Այսօր էլ շատերն, այսքան մոտ գտնվելով Մանուկ Հիսուսին, դարձյալ հեռու են մնում Նրանից, ինչպես երկու հազար տարի առաջ էր: Մանուկ Հիսուսի Ծննդյան ավետիսով այսօր էլ կարիք ունենք նորոգվելու, մեր սրտերը Նոր Արքայի առաջ բացելու և Բեթղեհեմի լույսով մեր կյանքն արժևորելու:
Սուրբ Ծննդին խաղաղվում են մեր հոգիները, որովհետև այսօր, առավել քան մեկ այլ օր, մարդը մոտ է երկնքին: Հենց այսօր է տեղի ունենում մարդու և Աստծո հանդիպումը, կյանքի ու սիրո հաղթանակը: Այն սիրո՛ հաղթանակը, որի շնորհիվ մեր մոլորակը չի կործանվում ատելության, պատերազմների, խարդախության ու չարության մեջ, այլ շարունակում է պտտվել, ծաղկել, գարունվել:
Սուրբ Ծննդյան խորհրդով ամբողջ մարդկությունն, ասես, համախմբվում է. համախմբվում են մեր կարիքներն ու սպասումները, մեր հույսերն ու հավատը:
Բնությունը, մարդիկ, օդը, քաղաքը. ամեն ինչ հասնում է ներդաշնակության գագաթնակետին, որովհետև «Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս…»: Այսօր Հիսուս ծնվում է մեր մեջ, մեզնով ու մեր կյանքը դառնում է խաչի ճանապարհ: Այդ ճանապարհին մեզ հանդիպում են անթիվ հրաշքներ, երբեմն էլ բախվում ենք փորձությունների. այստեղ է, որ մենք սովորում ենք կայսրինը տալ կայսեր, և Աստծունը՝ Աստծուն: Սովորում ենք հոգս չանել վաղվա օրվա համար ու մեր հույսը կապել Աստծո հետ: Այստեղ է, որ մենք փորձում ենք քիչ դատել ու շատ սիրել, ներել, հավատալ ու մշտապես հուսալ: Մեր ամբողջ անցնելիք ճանապարհին Քրիստոս մեզ հետ է ու մեր մեջ, իսկ աղոթքն այն կամուրջն է, որով մենք ականջալուր ենք լինում Քրիստոսին, միանում նրա հետ և ստանում նրա առաջնորդությունը: Այսպիսով, այսօր նաև մեր հոգու ծնունդն է, հոգևոր ճանպարհորդության նոր մեկնարկը, ուրեմն բացահայտենք մեր մեջ Քրիստոսին, խնդրենք նրա առաջնորդությունն ու զորությունը, ու քայլենք ըստ Նրա պատգամի` սիրո պատգամի:
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:
Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:
Սիրով հրավիրում ենք Ամանորն ու Ս.Ծնունդը միասին նշելու
Սիրելի հավատացյալներ,
Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում դիմավորելու:
Ամանորի գիշերը`ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ:
Տոնական ժամանակացույց
Դեկտեմբերի 31-ին` Ամանորի կեսգիշերին, կկատարվի Մաղթանք և Նռան օրհնության կարգ:
Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:
Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս.Պատարագ:
Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ:
Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին