Շատ քիչ ժամանակ է մնացել 2015-ի ավարտին։ Տարեմուտը, որպես կանոն, ամփոփման, արածն ու չարածն ի մի բերելու, նոր ծրագրեր նախանշելու ժամանակ է։
Յուրաքանչյուր հայի համար ցանկացած պահի ու ցանկացած առիթով առաջին ու ամենակարևոր ակնկալիքն ու ցանկությունը խաղաղությունն է։ 2015 թվականին մեզ խաղաղություն պարգևեցին հայոց բանակն ու սահմանին կանգնած քաջարի զինվորները և նրանց հրամանատարները։ Փառք ու պատիվ մեր անդորրը պահպանող զինվորին ու սպային, հավերժ հիշատակ՝ բոլոր այն տղաներին, ովքեր զոհվեցին՝ անսասան պահելով հայրենի սահմանները։
2015-ն արարման տարի էր։ Մեզ հաջողվեց աշխարհաքաղաքական բարդ ժամանակներում ու գերլարված տարածաշրջանում անցնցում փակել 2015-ի դռները։ Անցնող տարում հազարավոր տներում հնչեց մանկան ճիչը, բազմաթիվ երիտասարդներ ամուսնության դաշն կնքեցին, նշեցին բնակարանամուտ, տասնյակ հազարավոր երեխաներ մուտք գործեցին դպրոցներ, նոր ծրագրերով, նպատակներով ու իղձերով լի մեծաթիվ երիտասարդներ ոտք դրեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավարտեցին ու անցան մասնագիտական աշխատանքի։ Կառուցեցինք, մշակեցինք, շենացրինք մեր երկիրը, նեցուկ կանգնեցինք, օգնեցինք ու ձեռք մեկնեցինք միմյանց։
Եվ մենք նոր՝ 2016 թվական ենք մտնում նոր հույսերով ու ակնկալիքներով։ 2016-ը թող լինի սիրո, արարման, աշխատանքի, ապահովության, առողջության և բարեկեցության տարի։ Թող 2016-ն իր հետ բերի առատություն, երջանկություն և բարի լուրեր։
Կարդացեք նաև
Մեր արժեհամակարգի վերին հորիզոնականներում միշտ եղել են հայրենասիրությունը, ազգապաշտությունը, հզոր բանակ, ուժեղ երկիր, բարոյական հասարակություն ունենալու գաղափարները, ուստի նոր տարում թող ավելի ամրապնդվեն այս արժեքները, ամրապնդվեն յուրաքանչյուրիս աշխատանքով ու նպատակադրումներում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Կարեն Ավագյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի համակարգող