«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ
Անցնող տարին բնութագրվում է ապազգային և հանցավոր վարչախմբի դեմ ծավալվող դիմադրության ուժգնացմամբ, ինչի մասին է վկայում պայքարի և ինքնաբուխ ընդվզումների դեպքերի շեշտակի աճը:
Ըստ էության՝ ամբողջ տարվա ընթացքում դիմադրությունը չի դադարել և, մի օջախից մյուսին փոխանցվելով՝ հասել է քաղաքական տրամաչափին՝ որպես օրակարգ սահմանելով սահմանադրականության հաստատման խնդիրը:
Կարդացեք նաև
Սահմանադրական հանրաքվեի ակնհայտ կեղծմամբ և ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարմամբ սկսվեց վարչախմբի ներքին և արտաքին ապալեգիտիմացման ամրագրման գործընթաց: Տնտեսական և աշխարհաքաղաքական պայմանների շարունակվող վատթարացման պարագայում համակարգային կոռուպցիայի վրա հիմնված մակաբույծ վարչախումբը ժամ առ ժամ կորցնում է իր կայունությունը, ինչի հետևանքով անխուսափելի է դառնում պետական կառավարման համակարգի մոտալուտ փլուզումը:
Նման զարգացումը մի կողմից հնարավոր է դարձնում վարչախմբի հեռացումը և արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ մյուս կողմից՝ ստեղծում է պետականության կորստի ռեալ վտանգ:
Այս վտանգի չեզոքացման և, միևնույն ժամանակ, վարչախմբից ազատվելու հնարավորությունը բաց չթողնելու համար անհրաժեշտ է կազմակերպորեն ուժեղացնել հանուն սահմանադրականության հաստատման սկիզբ առած նոր դիմադրական շարժումը:
Առաջիկա ամիսներին՝ ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում՝ ընտրական համակարգի, վերացման ներկայիս պայմաններում, պայքարի քաղաքակիրթ ձևը մնում է քաղաքացիական անհնազանդության քայլերով անմիջական ժողովրդաիշխանության գործադրումը և դրանց միջոցով ժողովրդի կամքի պարտադրումը վարչախմբին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շնորհավորում է ձեզ՝ սիրելի հայրենակիցներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ճակատն այս տոնական օրերին ևս Ազատության հրապարակում է, հավատում է մեր ժողովրդի առողջ գիտակցությանն ու ինքնապաշտպանական բնազդին և լի է պայքարը մինչ հաղթական ավարտ շարունակելու վճռականությամբ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ