Այսօր փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը: Ըստ «Առաջին լրատվականի»՝ փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, ինչպես նաև բռնությունների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը:
Փաստաբանների նույն խումբը այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գործով բողոքը: Այս մասին տեղեկացնում է news.am-ը՝ հիշեցնելով, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկի դեմ բողոքող բնակիչները և նրանց միացած ակտիվիստները փորձել էին փակել Կոմիտասի պողոտան: Արգիշտի Կիվիրյանին Կոմիտասի պողոտայից բերման էին ենթարկել:
Նրա նկատմամբ արձանագրություն էր կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Առաջին ատյանի դատարանը Կիվիրյանին տուգանել էր 50 հազար դրամով, իսկ մյուս ատյաններն էլ անփոփոխ էին թողել որոշումը: