Լրահոս
Օրվա լրահոսը

Բանդայի գործով հունվարին կդիմեն ՄԻԵԴ

Դեկտեմբեր 29,2015 20:45

Բանդայի գործով պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ներպետական բոլոր ատյաններում իրենց ներկայացրած բողոքների մերժումը ստանալուց հետո:

Ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ նախաքննական ցուցմունքներն ու նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն են միայն հետազոտվել ու դրվել դատական ակտերի հիմքում, իսկ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները ոչ մի ատյանում գնահատանքի չարժանացան. «Դատաքննությամբ որեւէ ապացույց, որով կհիմնավորվեր ամբաստանյալների մեղքը, կոնկրետ իմ պաշտպանյալի կատարած մեղքը, որեւէ ապացույց ձեռք չի բերվել»:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 26.12.2014թ. դատավճիռը և կայացնել արդարացման իրավական դատական ակտ: «Ծայրահեղ դեպքում նրա մասով կայացված դատավճիռը բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` նոր կազմով քննության»,- նշվում էր վերաքննիչ բողոքում:

Արտուշ Հակոբյանը, որն, ըստ մեղադրանքի, այժմ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ ստեղծել ու ղեկավարել է բանդան, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ առանց իրացնելու նպատակի) արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով (զինված խումբ՝ բանդա ստեղծելը, ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը), 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակությունը), 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության նախապատրաստությունը), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մեքենային ապօրինի տիրանալը՝ առանց հափշտակության նպատակի) մեղավոր ճանաչվել ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031