Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի շուրջ 250 երեխաներ ստացան այն նվերները, որոնք խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում

Դեկտեմբեր 29,2015 20:36

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերի շուրջ 250 նամակագիր երեխաներ ստացան այն նվերները, որոնք խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Ձմեռ պապի այցելություն նշված գյուղեր:

VoskeparՆամակագիր երեխաներն աննախադեպ ոգևորություն ու հրճվանք են ապրել, քանի որ նախաձեռնությունն իրականացնող «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանը հաջողվել է բազմաթիվ բարեգործ անհատների ու կազմակերպությունների աջակցությամբ նվերներ պատրաստել նամակագիր բոլոր երեխաների համար` ըստ նրանց ցանկության` գրքեր և հանրագիտարաններ, սահնակներ և հեծանիվներ, հեռախոսներ ու պլանշետներ, նոութբուքեր և համակարգիչներ, գրասեղաններ և գրենական պիտույքներ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Dzmer pap-1Հատկանշական է «Արմսվիսբանկ» ՓԲԸ ողջ անձնակազմի ներդրումը «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագրում, ինչի արդյունքում անհատական նվիրատվությունների միջոցով շուրջ 100 նամակագիրների համար պատրաստվեցին նվերներ: Այդ բանկի հրաշալի անձնակազմի՝ ծրագրին մասնակցությունը դարձել է ավանդական ու ամենամյա:
Տարիներ շարունակ ծրագրին մեծ աջակցություն է ցուցաբերում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն, որն այս տարի շուրջ 500 երեխաների համար նախապատրաստել էր հրաշալի գնդակներ և պայուսակներ:

Նամակագիրների համար անսպասելի և աննախադեպ նվերներ էր պատրաստել Ռոստելեկոմը, որի միջոցով 8 նամակագիրներ ստացան իրական բարձրորակ պլանշետներ:

Dzmer PapՄեծ ոգևորությամբ Ծրագրին մասնակցել են նաև մի շարք այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպիսիք են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը, «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ-ն, Web Shutter, SCDM ընկերությունները, Թեքեյան կենտրոն հիմնադրամը, պետական մի շարք հաստատություններ և այլք:

Ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք մեկ կամ մի քանի նվերներ էին պատրաստել նամակագիրների համար՝ իրենց ողջ սերն ու հոգատարությունը ներդնելով յուրաքանչյուր նվերում:

Ծրագրին 50 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն է ցուցաբերվել «Արցախբանկ» ՓԲԸ կողմից, իսկ մնացած ֆինանսական ծախսերը կատարվել են Ծրագրի կազմակերպիչների անձնական միջոցներով:

Բոլոր նվիրատուները հնարավորություն ունեն www.santaclaus.am կայքում ստեղծված նվիրատուների էջերում տեսնել նվիրատվության պահին կատարված լուսանկարները, դրանցում նաեւ իրենց երազած նվերները ստացող փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները: Ուրախալի է կատարել փոքրիկների երազանքները, բայց խիստ ցավալի է նկատել, թե ինչ են երազում սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերում բնակվող մեր երեխաները` ամենաանհրաժեշտը` տաք հագուստ, կոշիկ, համակարգիչներ ու գրքեր:

«Սա նվիրատվություն չէր զուտ ձևի համար, այլ այնպիսի միջոցառում, որի շրջանակներում իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք, շատերի մոտ մնացին անջնջելի տպավորություններ»,-ասում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ նախագահ Մակար Եղիազարյանը:

«Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ` մենք նամակագիր փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ այն փոքրիկների մասին, որոնց համար ուշադրությունն ու ջերմությունն ունեն առանձնահատուկ նշանակություն: Չէ որ նրանք հրավառությունների փոխարեն լսում են միայն իրական կրակոցների ձայներ, և նույնիսկ նվիրատվությունն իրականացնելու պահին նրանց ուղղությամբ կրակում էին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր ընկերներին ու աջակիցներին, ովքեր նախատոնական ծանր օրերին, թողած իրենց առօրյա հոգսերը, անձնվիրաբար աշխատում են ծրագրի համար»:

Հ.Գ. Ծրագրի 7 տարվա պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 17 հազար երեխաների համար: Ծրագրի մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ,որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Նվիրատուները կարող են իրենք ընտրել կոնկրետ նամակ և նվիրատվություն կատարել իրենց նախընտրած նամակագրին: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջև:
Ծրագրի մանրամասներին կարող եք տեղեկանալ www.santaclaus.am կայքում կամ զանգահարել 094 88 94 88 հեռախոսահամարով:

«Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ
Նախագահ` Մակար Եղիազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031