Սոցիալական ցանցերի մշակույթի զարգացման ու պահանջարկի մեծացման հետ զուգահեռ օր օրի աճում է էջերի ճիշտ ղեկավարման կարևորությունը: Հայաստանում մեծանում է այս կամ այն ոլորտի ֆեյսբուքյան, թվիթերյան և այլ հարթակների գրագետ կառավարման անհրաժեշտությունը: Սա իր հերթին բերում է օնլայն մրցակցություն նույն ոլորտի երկու տարբեր սուբյեկտների, կազմակերպությունների, հասարակական, քաղաքական և այլ կառույցների միջև:
Կարծում եմ՝ սոցիալական ցանցերում ակտիվության ու ռազմավարության ճիշտ պլանավորման կարիք ունեն նախ և առաջ շոուբիզնեսյան աստղերը. ո՞վ է ամենամեծ լսարան ունեցող երգիչը, հետևորդների քանի՞ տոկոսն է Հայաստանից և քանիսն այլ երկրներից, ու՞մ յութուբյան ալիքն է ամենաարագ զարգացողը և այլն:
Շոուբիզնես ասվածը բավականին մեծ հասկացություն է: Այս անգամ ուսումնասիրությունն իրականացրել եմ Եվրատեսիլի մրցույթին մասնակցած և մասնակցող հայ երգիչ-երգչուհիների ֆեյսբուքյան էջերի շրջանակներում (քանի որ Facebook-ը Հայաստանից ամենաշատ այցելվող կայքն է): Հայաստանում ամենատարածված վիդեո-հարթակը համարվում է Յութուբը, և շոուբիզնեսյան աստղերն իրենց տեսահոլովակները տեղադրում են հենց այստեղ, ուստի ֆեյսբուքյան էջերից բացի կուսումնասիրենք նաև նրանց յութուբյան ալիքների ցուցանիշները:
Եվ այսպես, Հայաստանը Եվրատեսիլին մասնակցել է 2006 թվականից: Մրցույթին առաջին անգամ մեր երկիրը ներկայացրել է Անդրեն.
Կարդացեք նաև
2007 – Հայկո
2008 – Սիրուշո
2009 – Ինգա և Անուշ Արշակյաններ
2010 – Եվա Րիվաս
2011 – Էմմի
2012 – Քանի որ Եվրատեսիլի երգի մրցույթը 2012 թվականին կազմակերպվել էր Ադրբեջանում, այդ իսկ պատճառով Հայաստանն այդ տարի չի մասնակցել
2013 – Դորիանս
2014 – Արամ MP3
2015 – Genealogy
2016 – Իվետա Մուկուչյան
Սկզբում դիտարկենք վերոնշյալ երգիչների ֆեյսբուքյան էջերի ակտիվությունը, լսարանի չափը, զարգացման ցուցանիշները, աճի տեմպերը և այլն:
Անդրեն և Հայկոն չեն օգտվում ֆեյսբուքի հավանումով էջերից, նրանք գրանցված են անձնական հաշիվներով (user): Գործնականում ճիշտ չէ համեմատել անձնական հաշիվների և ֆեյսբուքի հավանումով էջերի ցուցանիշները, քանի որ այդ կերպ հստակ չի երևա էջերի զարգացման պրոգրեսիան, դրանց տարբերությունները, աճի տեմպը, քանի որ անձնական հաշիվների համեմատությունն արվում է այլ չափելի ցուցանիշներով: Անձնական հաշիվները պահանջում են այլ ուսումնասիրություններ, որոնց կարելի է անդրադառնալ այլ թեմայի շրջանակներում:
Եվրատեսիլին մասնակցած 10 երգիչ-երգչուհիներից միայն Հայկոն և Անդրեն են, որ օգտվում են անձնական հաշիվներից, ուստի համեմատությունը կանենք հավանումով էջերի շրջանակներում: Բոլոր տվյալները 24.12.2015-ի դրությամբ են:
Եվ այսպես, Եվրատեսիլի մասնակիցներից ֆեյսբուքյան էջի ամենացածր ցուցանիշները գրանցված են Դորիանս խմբի մոտ: Ռոք խումբն ունի 11174 հավանում, որոնցից 7414-ը կամ հետևորդների շուրջ 66.4%-ը Հայաստանից են, 599 կամ 5.4%՝ Մեքսիկայից և 482-ը կամ 4.3 %-ը ՝ ԱՄՆ-ից: Նախորդ ամսվա համեմատ Դորիանսի ֆեյսբուքյան հավանումների թիվը նվազել է 26-ով:
Դորիանսը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
7-րդ հորիզոնականում են Ինգա և Անուշ Արշակյանները: Անկեղծ կլինեմ, սկզբում կարծում էի, որ քույրերը գրանցված կլինեն առանձին հաշիվներով, սակայն պարզվեց, որ նրանք ունեն 1 ընդհանուր էջ: Կարծում եմ` ճիշտ որոշում են կայացրել, քանի որ նրանց համար զուտ բրենդինգի տեսանկյունից, մեկ ընդհանուր հավանումով էջ ունենալը չափազանց կարևոր է: Քույր Արշակյանների ֆեյսբուքյան էջն ունի 17470 հավանում, որից 10882-ը կամ 62.3%-ը բաժին է ընկնում ՀՀ-ին, 1116-ը կամ 6.4%-ը` ԱՄՆ-ին, իսկ հետևորդների 4.4%-ը կամ 761-ը ՌԴ-ից են: Վերջին մեկ ամսում էջն աճել է 185 հավանումով:
6-րդ հորիզոնական՝ Եվա Րիվաս. 37850 հավանում, որից 13254-ը՝ Հայաստանից (35%), 4313-ը՝ ԱՄՆ-ից (11.4%), 1846-ը՝ ՌԴ-ից (4.9%): Վերջին մեկ ամսվա ընթացքում հավանումների թիվը նվազել է 100-ով:
5-րդ հորիզոնական՝ Genealogy: Չնայած նրան, որ խումբը ձևավորվել է միայն Եվրատեսիլի մրցույթին մասնակցելու համար, այնուամենայնիվ մինչ օրս ակտիվ է խմբի ֆեյսբուքյան էջը: Այն ունի 43515 հավանում, որից 18035-ը՝ ՀՀ-ից (41.4%), 3848-ը՝ Վրաստանից (8.8%), 3786-ը՝ Ալբանիայից (8.7%): Վերջին մեկ ամսում էջի հավանումների թիվն ավելացել է 12-ով:
4-րդ հորիզոնական՝ Իվետա Մուկուչյան. 63037 հավանում, որից 38542-ը՝ Հայաստանից (61.1%), 1924-ը՝ Գերմանիայից (3.1%), 1839-ը՝ ԱՄՆ-ից (2.9%): Մեկ ամսվա ընթացքում հավանումների թիվն ավելացել է 1315-ով:
3-րդ հորիզոնական՝ Էմմի. 74934 հավանում, որից 48599-ը՝ ՀՀ-ից (64.9%), 4246-ը՝ ԱՄՆ-ից (5.7%) 3380-ը՝ ՌԴ-ից (4.5%): Վերջին ամսում հավանումների թիվն ավելացել է 1159-ով:
2-րդ հորիզոնական՝ Սիրուշո. 91968 հավանում, որից 67110-ը՝ ՀՀ-ից (73%), 5029-ը՝ ՌԴ-ից (5.5%), 3710-ը՝ ԱՄՆ-ից (2.1%): Վերջին ամսում հավանումների թիվն ավելացել է 512-ով:
Եվ իհարկե, 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Արամ MP3-ը: Արամի ֆեյսբուքյան լսարանն ամենամեծն է՝ 178999 հավանում: Հավանումների 127116-ը Հայաստանից է (71%), 8388-ը՝ ՌԴ-ից (4.7%), 5102-ը՝ ԱՄՆ-ից (2.9%): Մեկ ամսում էջի հավանումների թիվն ավելացել է 761-ով:
Յութուբյան ալիքների ցուցանիշերով ո՞վ է առաջատար.
Յութուբյան ալիքների ցուցանիշային պատկերը մի փոքր տարբերվում է Ֆեյսբուքից: Յութուբյան ալիքի տեսանյութերի ընդհանուր դիտումների քանակով ամենացածր՝ 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Իվետա Մուկուչյանը` 709 հետևորդ, 152271 դիտում:
9-րդ հորիզոնական՝ Դորիանս. 418 հետևորդ, 180974 դիտում
8-րդ հորիզոնական՝ Genealogy. 1283 հետևորդ, 406250 դիտում
7-րդ հորիզոնական՝ Ինգա և Անուշ Արշակյաններ. 1127 հետևորդ և 1010073 դիտում
6-րդ հորիզոնական՝ Եվա Րիվաս. 1261 հետևորդ, 1291280 դիտում
5-րդ հորիզոնական՝ Էմմի. 1594 հետևորդ, 1803818 դիտում: Ի դեպ, նշեմ, որ Եվրատեսիլին մասնակցած հայ երգիչ-երգչուհիներից Էմմին միակն է, ով ունի ալիք նաև VEVO վիդեոկայքում, սակայն վերջինս չի թարմացվել շատ վաղուց, և ներբեռնված է միայն մեկ տեսանյութ:
4-րդ հորիզոնական՝ Անդրե. 2333 հետևորդ և 1891414 դիտում
3-րդ հորիզոնական՝ Հայկո. 2079 հետևորդ և 2085505 դիտում
2-րդ հորիզոնական՝ Արամ MP3. 17963 հետևորդ և 3401553 դիտում
Եվ իհարկե, 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Սիրուշոն՝ 25583 հետևորդ և 18326909 դիտում:
Ֆուտբոլիստները, շոուբիզնեսի աստղերը, քաղաքական գործիչները և առհասարակ բոլոր հայտնիները հնարավորություն ունեն դիմել ֆեյսբուքին` իրենց էջերը որպես «օրիգինալ» (verified page) հաստատելու համար: Այս հնարավորությունը հասանելի է բոլոր հավանումով էջերին, սակայն ոչ բոլորի համար է ֆեյսբուքն «առատաձեռն»: Թվարկածս հայտնիներից միայն Դորիանս խմբի էջն է, որ պաշտոնապես հաստատված չէ ֆեյսբուքի կողմից: Սա կարող է պայմանավորված լինել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հնարավոր է` «մեղքի մեծ չափաբաժինը» ֆեյսբուքինն է, քանի որ վերջինս ուսումնասիրել է տվյալ էջն ու ինչ-ինչ պատճառներով չի ճանաչել «օրիգինալ»: Այնուամենայնիվ, հակված եմ կարծել, որ Դորիանսի էջը ղեկավարողները պարզապես չեն դիմել ֆեյսբուքին: Սա ասում եմ՝ հաշվի առնելով էջի պասիվությունը: Նախ, վերջին թարմացումը, վերջին գրառումը եղել է այս տարվա մայիսի 12-ին, իսկ վերջին և նախավերջին գրառումների ինտերվալը 9 ամիս է: Սա նշանակում է, որ իրենց ֆեյսբուքյան ակտիվությունը չափազանց ցածր է, և այս պայմաններում կարելի է եզրակացություն անել, որ խմբի անդամները մեծ կարևորություն չեն տալիս ոչ ֆեյսբուքին, ոչ էլ առավել ևս նրա կողմից «օրիգինալ» ճանաչվելուն, այդ իսկ պատճառով Դորիանսի ֆեյսբուքյան էջը համակարգողն ուշադրություն չի դարձրել այդ հնարավորությանը:
Խոսեցինք ակտիվության ցուցանիշներից, ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի: Բավականին արագ աճում է Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջը: Նախորդ ամսվա համեմատ ավելացել է 1315 հավանումով: Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Իվետայի էջի արագ զարգացման գլխավոր գործոնը ֆեյսբուքյան ակտիվությունն է՝ պարբերաբար նկարներ, գրառումներ, տեսանյութեր տեղադրելը, որոշակի թարմացումներ անելը:
Մյուս նրբությունը, որին պետք է ուշադրություն դարձնել, դա այն է, որ սովորաբար Եվրատեսիլի մրցույթի մասնակիցները բուն միջոցառումից առաջ ուժեղացնում են սոցիալական կայքերում իրենց ակտիվությունը: Նկատենք, որ ուսումնասիրության ժամանակահատվածը համընկնում է Իվետայի «նախաեվրատեսիլյան» փուլի հետ, որի հետևանքով մենք տեսնում ենք չափազանց ակտիվ էջ` զարգացման մեծ տեմպերով: Տրամաբանական է, որ Եվրատեսիլի երգի մրցույթից առաջ մասնակիցները կլինեն չափազանց ակտիվ, սակայն չի բացառվում, որ Իվետայի սոցիալական ցանցերում ակտիվությունը Եվրատեսիլի մրցույթից մի քանի ամիս անց անկում կունենա:
Էջի արագ զարգացման ամենակարևոր գործոններից մեկը ֆեյսբուքյան գովազդն է: Հատկապես «նախաեվրատեսիլյան» փուլում մասնակիցները բավականին հաճախ օգտվում են այս հնարավորությունից: Իվետան նույնպես օգտագործում է այս հնարավորությունը: Նրա նոր տեսանյութերը, տեսահոլովակները, հարցազրույցները պարբերաբար գովազդվում են Ֆեյսբուքում: Դատելով այս ամենից` մենք կարող ենք հստակ ասել, որ Իվետայի ֆեյսբուքյան էջի զարգացման նման տեմպերը, բացի ամենօրյա ակտիվությունից, պայմանավորված են նաև ֆեյսբուքյան գովազդից օգտվելու հաճախականությունով:
Եվրատեսիլին մասնակցող աստղերի ֆեյսբուքյան և յութուբյան ալիքների ցուցանիշները փոփոխվում են հատկապես բուն միջոցառմանը հաջորդող մեկ-երկու ամիսների ընթացքում: Բացի այդ, սոցիալական ցանցերում որոշակի դրական տեղաշարժեր են լինում Եվրատեսիլին նախորդող մի քանի շաբաթների ընթացքում: Ինչո՞վ է սա պայմանավորված: Սոցիալական ցանցերում ունեցած ցուցանիշների դրական տեղաշարժին նպաստում են.
ա) Բարձր ակտիվությունը
բ) Եվրատեսիլից առաջ տեղի ունեցող միջազգային հյուրախաղերը, ասուլիսները:
Առաջին կետի մասով արդեն խոսեցի. Իվետա Մուկուչյանի այս օրերի ակտիվությունը պրակտիկ օրինակ է և լավագույնս ցույց է տալիս, թե Եվրատեսիլի միջոցառմանը նախորդող օրերին ինչպիսի ակտիվություն է նկատվում սոցիալական ցանցերում, և դա ինչպե՞ս է ազդում ֆեյսբուքյան, թվիթերյան էջի կամ յութուբյան ալիքի զարգացման վրա:
Եվրատեսիլի բուն միջոցառմանը նախորդող օրերին մասնակիցները հաճախակի լինում են տարբեր երկրներում: Նրանք հյուրընկալվում են տարբեր թոք-շոուների, հանրահայտ հաղորդումների, ինչպես նաև մի շարք երկրներում անցկացնում են տարբեր հյուրախաղեր, համերգային ծրագրեր և այլն: Սոցիալական ցանցերի ակտիվացման տեսանկյունից Եվրատեսիլին մասնակցող երգիչ-երգչուհիների համար սա «տրամպլինային» շրջան է: Բացի նրանից, որ հենց իրենք՝ մասնակիցները, սկսում են անընդհատ տեղադրել տեսանյութեր, կադրեր, նկարներ հյուրախաղերից, նաև բազմաթիվ օտարերկրացիներ սկսում են ակտիվ հղումներով ինչ-որ գրառումներ կատարել և առհասարակ սկսում են հետաքրքրվել տվյալ երգչի գործունեությամբ, նրանց գտնում են սոցիալական ցանցերում, հավանում էջը և անուղղակիորեն ակտիվացնում, շրջանառության մեջ դնում տվյալ մասնակցի յութուբյան և սոցիալական հարթակները: Այս բոլոր գործոնները չեն կարող ազդեցություն չունենալ ընդհանուր հավանումների թվի ավելացման վրա: Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է նախ և առաջ էջի հեղինակից. եթե տվյալ երգիչը լուրջ կարևորություն չտվեց սոցիալական ցանցերում ակտիվությանը, եթե ֆեյսբուքյան, թվիթերյան կամ յութուբյան հարթակների նկատմամբ եղավ անտարբեր, որքան էլ նրա երկրպագուները փորձեն «առաջ հրել» նրա էջը, միևնույն է, մեծ արդյունքներ ակնկալելն անիմաստ է: Դրա վառ ապացույցը թերևս Դորիանս խմբի ֆեյսբուքյան էջն է:
Առհասարակ Եվրատեսիլի երգի մրցույթը նախ ճանաչողություն է բերում մասնակիցներին: Սրանով պայմանավորված` աճում է իրենց սոցիալական ցանցերի ցուցանիշները, յութուբյան ալիքների դիտումները, թվիթերի հետևորդների թիվը և այլն: Սրա վառ ապացույցն այն է, որ ֆեյսբուքյան ցուցանիշների աճի պրոգրեսիան Եվրատեսիլի մրցույթի տարվա ընթացքում ավելի մեծ է, քան դրան նախորդող տարիներին: Էջն ամենաարագն աճում է բուն մրցույթին հաջորդող մեկ-երկու ամիսների ընթացքում, քանի որ Եվրատեսիլյան «կրքերը» դեռ վերջնականապես մարած չեն լինում: Գաղտնիք չէ, որ մրցույթի արդյունքները, ինչպես նաև բուն միջոցառումը բավականին ակտիվ քննարկվում է հատկապես Եվրատեսիլից հետո: Սա նույնպես իր դրական ազդեցությունն է ունենում սոցիալական ցանցերի աճի տեմպերի վրա:
Նշեմ նաև, որ չնայած նրան, որ Իվետա Մուկուչյանը դեռ չի մասնակցել Եվրատեսիլի երգի մրցույթին, այնուամենայնիվ ցուցանիշները բավականին խոսուն են, և իր արդյունքներով բավականին առաջ է Եվրատեսիլի մրցույթին մասնակցած շատերից (ֆեյսբուքյան էջի ցուցանիշներով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը): Հաշվի առնելով վերը նշված կետերը` կարծում եմ, որ 2016 թվականին Իվետա Մուկուչյանը կբարելավի դիրքերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան հավանումների ցուցանիշներով Իվետան մոտ է Էմմիին ու ոչ այնքան հեռու Սիրուշոյի ցուցանիշներից և նկատի ունենալով այն, որ Իվետայի հավանումների թիվն ամենաարագն է աճում` ակնհայտ է, որ 2016 թվականին կայանալիք Եվրատեսիլի միջոցառումից հետո Սիրուշոն և Էմմին կունենան լուրջ մրցակից ֆեյսբուքյան տիրույթում: Չեմ բացառում, որ նմանատիպ ակտիվության տեմպերը պահպանելու դեպքում 2016 թվականի վերջում Իվետան կգերազանցի նաև Սիրուշոյին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Առաջ չանցնելով իրադարձություններից՝ այս պահին կարելի է ֆիքսել մի բան՝ Իվետա Մուկուչյանը լուրջ հնարավորություններ ունի ֆեյսբուքյան հավանումների քանակով գերազանցել Էմմիին:
Այս ամենի ֆոնին դիտարկենք մի նրբություն: Յութուբյան տիրույթում պատկերը բոլորովին այլ է: Երգիչ-երգչուհիները բավականին մեծ կարևորություն են տալիս յութուբյան հարթակին: Պարտաճանաչ կերպով տեղադրում են իրենց նոր տեսահոլովակները (չնայած, որ մինչև վերջ չեն օգտագործում յութուբյան հարթակը): Ամենաբաձր ցուցանիշներն այստեղ Սիրուշոյի մոտ է և ամենացածրը՝ Իվետա Մուկուչյանի: Չնայած նրան, որ Դորիանսը առաջ է Իվետայից յութուբյան տիրույթում, այնուամենայնիվ նկատենք, որ վերջինիս յութուբյան ալիքը, ի տարբերություն ռոք խմբի, հիմնադրվել է այս տարվա մայիսին: Տեսնելով ցուցանիշային տարբերությունն այս երկու ալիքների միջև ( Իվետա՝ 152271 դիտում, Դորիանս՝180974) և հաշվի առնելով աճի տեմպերը` կարող եմ հստակ ասել, որ Իվետա Մուկուչյանը կարճ ժամանակահատվածում գերազանցելու է Դորիանսին: Բացի այդ, Դորիանսն իր յութուբյան ալիքում վերջին թարմացումն արել է 2 տարի առաջ, իսկ երգչուհին վերջին մեկ ամսվա ընթացքում տեղադրել է 17 նոր տեսանյութ:
Ամեն դեպքում ուսումնասիրելով երգիչ-երգչուհիների յութուբյան ալիքների ցուցանիշները` կարծես անիմաստ է դառնում ինչ-որ կանխատեսումներ անել առաջին հորիզոնականի մասով: Սիրուշոյի յութուբյան ալիքի դիտումները հասնում են 20 միլիոնի, իսկ սա նշանակում է, որ վերոնշյալ ցանկից ոչ մի երգիչ կամ երգչուհի մոտ ապագայում չի հավակնում առաջին հորիզոնականին և լուրջ մրցակից չի համարվում Սիրուշոյի համար: Անխոս, երգչուհին մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական ցանցերին և կարևորություն է տալիս սոցկայքերում ռազմավարության ճիշտ պլանավորմանը:
Եվս մի կարևոր նրբություն, որին պետք է անդրադառնալ: Ինչո՞վ է պայմանավորված վերոնշյալ երգիչների ֆեյսբուքյան էջերի հավանումների թվի կրճատումը կամ ավելացումը: Դիցուք՝ Եվա Րիվասի և Դորիանսի ֆեյսբուքյան վիճակագրությունը: Րիվասը մեկ ամսվա ընթացքում «կորցրել» է 100, իսկ Դորիանսը՝ 26 հավանում:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Րիվասին վերջին մեկ ամսվա ընթացքում 100 մարդ սկսել է չսիրել, կամ արդյո՞ք Դորիանսի ֆանատները հիասթափվել են ռոք խմբից: Իհարկե, հավանումների թվի պակասն ինչ որ տեղ, տեսականորեն կարող է լինել նաև «սիրել-չսիրել» «հիասթափվել-ոգեշնչվել» հարթության վրա, սակայն այս ամենի առանցքային պատճառները կարող է պայմանավորված լինել նաև հետևյալով.
ա) Կեղծ էջերի արգելափակում ֆեյսբուքի կողմից կամ ֆեյսբուքյան էջի ժամանակավոր դադարեցում օգտատիրոջ կողմից (deactivate)
բ) Ֆեյսբուքյան ակտիվության ցածր ցուցանիշ:
Գլոբալ առումով այս երկուսն իրար հետ խիստ փոխկապակցված են: Օրական մի քանի մարդ կարող է պակասել մեր ընկերների ցանկից, սա այն պարագայում, երբ մենք կարող ենք ունենալ առավելագույնը 5000 ֆեյսբուքյան ընկեր: Եթե այս թիվը պրոեկտենք ծավալներով ավելի մեծ՝ հարյուր կամ երկու հարյուր հազարանոց էջերի վրա, ապա կտեսնենք, որ վերոնշյալ հավանումները, որոնք կորցրել են Րիվասը և Դորիանսը, ամենևին սարսափելի թվեր չեն, և ոչ մի «ապոկալիպտիկ» իրադարձություն տեղի չի ունեցել: Ֆեյսբուքի կողմից կեղծ էջերի արգելափակումը վերջին շրջանում հաճախակի կրկնվող գործառույթ է դարձել: Հնարավոր է, որ ֆեյսբուքի կողմից իրականացվող «ֆեյքահավաքի» հետևանքով Րիվասը կորցրել է մեծ թվով հավանումներ: Այստեղ հարց է առաջանում. իսկ ինչու՞ օրինակ Արամ MP3-ի հավանումների թիվն ամսե-ամիս ավելանում է, իսկ Րիվասը «կորցնում է» 100 հավանում: Այստեղ բախվում ենք երկրորդ կետի հետ: Իրականում ֆեյսբուքյան «ֆեյքաքաղը» չի վերաբերվում միայն Եվա Րիվասին: Այդ պրոցեսը տեղի է ունենում նաև Արամի հավանողների ցանկում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արամն անհամեմատ ավելի ակտիվ է ֆեյսբուքյան տիրույթում, ուստի նրա յուրաքանչյուր գրառման մեծ թվով հավանությունները շրջանառության մեջ են դնում Արամի ֆեյսբուքյան գրառումը, որն էլ իր հերթին լրացուցիչ հավանումներ է բերում էջին (օրինակ՝ ես հավանեցի, հնարավոր է գրառումը տեսնի իմ ընկերներից մեկն, ով դեռ չգիտեր, որ Արամը ֆեյսբուքյան էջ ունի, և նույնպես հավանի էջը): Բացի այդ, գովազդները նույնպես բերում են լրացուցիչ հավանումներ: Այս ամենից կարելի եզրակացնել, որ Րիվասը հաճախակի չի օգտվում ֆեյսբուքյան գովազդի հնարավորությունից: Այսինքն, Արամի մոտ ֆեյսբուքի «ֆեյքաքաղության» արդյունքներից առաջացած բացը լրացվում է ակտիվության, ֆեյսբուքյան գովազդների, անընդհատ թարմացումների միջոցով: Երբ այս կամ այն երգիչը կամ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է որևէ լուսանկար, շատ ու շատ լրատվական կայքեր արագ տեղադրում են իրենց լրահոսում՝ նշելով սկզբնաղբյուրը (նկարի ֆեյսբուքյան հղումը): Այս կերպ իրենց կողմից լրացուցիչ անգամ շրջանառության մեջ են դնում տվյալ երգչի ֆեյսբուքյան էջը:
Ուստի Րիվասի և Դորիանսի հավանումների թվի կրճատմանն էականորեն նպաստում է պասիվությունը, որը չի կարողանում քողարկել կեղծ էջերի արգելափակման կամ նրանց ֆանատների հիասթափության հետևանքով առաջացած բացը:
Ահա այսպիսին է Եվրատեսիլի երգի մրցույթին մասնակցած և մասնակցող երգիչ-երգչուհիների ֆեյսբուքյան և յութուբյան տիրույթում ունեցած ցուցանիշների պատկերը: Բնականաբար այս հարցերը կապված են ժամանակի և ցանկության հետ: Որքան էլ վատը կամ լավը լինեն ցուցանիշները սոցիալական ցանցերի տիրույթում, միևնույն է, դա ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դնել նրանց ձայնային տվյալները և մասնագիտական հմտությունները: Կարծում եմ` բոլորն էլ կհամաձայնեն ինձ հետ, որ այս մասնակիցներից յուրաքանչյուրն էլ պատվով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլի երգի մրցույթում: Հիմա էլ հերթը Իվետա Մուկուչյանինն է, հաջողություն ենք մաղթում Իվետային:
Ռուբեն ԽԱՉԱՏՐՅԱՆ