Դեկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար «Մուսա լեռ» հայրենակցական միության անդամներին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով, իսկ ղեկավար Պերճ Ղազարյանին՝ ոսկե մեդալով:
Նախարարը շնորհավորեց մուսալեռցիներին բարձր պարգևի արժանանալու համար և շնորհակալություն հայտնեց ազգանվեր, հայապահպան գործունեության համար: Նա մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ մենք տարին ամփոփում ենք մուսալեռցիների հետ այս հանդիպումով: 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մեկնարկեցին Համահայկական հռչակագրի ընդունումով, որով փորձեցինք աշխարհին 4 կարևոր ուղերձ հղել՝ խոնարհում, երախտագիտություն, պայքար և վերածնունդ: Այսօր 10 միլիոնանոց վերածնված, հզորացած, միասնական ժողովուրդ ենք: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում իրենց առանձնակի տեղն ունեն Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները:
Մենք հպարտ ենք, որ մուսալեռցիները փոքր թվով 40 օր շարունակ դիմակայել են թուրքական հրոսակներին և փրկվել ֆրանսիական նավատորմի կողմից: Այսօր մուսալեռցիներն ունեն իրենց կենտրոնները Հայաստանում և Սփյուռքում: Եվ, իհարկե, նրանց մարգարիտը Այնճարն է, որ մեզ ուժ ու հզորություն է տալիս: Ուզում եմ Հայաստանում հաստատված մուսալեռցիներին ասել՝ ապրե՛ք, որ պահպանում եք մեր պապերի ավանդույթները, որ ամեն տարի Մուսա լեռան հերոսամարտի տոնակատարություններին հավաքում եք մեր հայրենակիցներին աշխարհի բոլոր ծայրերից, հաստատում մեր ազգի միասնականությունն ու հաստատակամությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության աշխատակազմի անունից և շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ»:
«Մուսա լեռ» հայրենակցական միության նախագահը շնորհակալություն հայտնեց նախարարին հատուկ աջակցության և ջերմ վերաբերմունքի համար: «Մենք հպարտ ենք, որ կարող ենք Հայաստանում և Սփյուռքում նպաստել հայապահպանությանը», – ասաց պարոն Ղազարյանը:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն