Վեդու ջրամբար
Ավարտվել է Զարգացման Ֆրանսիական գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև 75 մլն Եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի բանակցային փուլը: ՀՀ կառավարությունը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Վեդիի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերը: Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է, իսկ պատվարի բարձրությունը՝ H=72 մ: Վեդու ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ–երի կողմից սպասարկվող համայնքները:
Վեդիի ջրամբարը նախագծվել է 1991թ, Արարատյան հարթավայրի 4,0 հազ. հա հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազ. հա` մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան կխնայվի շուրջ 12.0 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա:
Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագիծը պատրաստ է, իսկ ոռոգման համակարգի կառուցման մանրամասն նախագծման և մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2016 թվականի ապրիլին: Ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կսկսվի այդ կառուցվածքների մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների ավարտից հետո՝ 2016 թվականի ապրիլին:
Կառուցվող պատվարը կունենա 85 մ բարձրություն, 29 մլն մ3 ծավալ, արդյունքում հնարավոր կլինի ոռոգել 3200 հա հողատարածք:
Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 4 տարի:
Երկրորդ փուլով նախատեսվում են իրականացնել խողովակաշարի և ոռոգման ներտնտեսային ցանցերի կառուցման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
Ներկայումս սպասվում է ֆրանսիական կողմից համաձայնագրի բնօրինակի ստացումը, որպեսզի այն ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Կան բավարար պայմաններ համաձայնագիրը մինչև տարեվերջ ստորագրելու համար:
Կապսի ջրամբար
Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում: Շինարարական աշխատանքները դադարեցվել են 1994 թվականին. իրականացվել է միայն 20մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք:
Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության արդյունքների համաձայն՝
- 1-ին փուլ՝ Կապսի ջրամբարի կառուցում՝ 55 մ պատվարի բարձրությամբ, 25 մլն մ3 ծավալով Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության և շին. տեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 60,0 մլն եվրո, այդ թվում վարկ՝ 50,0 մլն եվրո:
- 2-րդ փուլ՝ Ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցի և նոր տեխնոլոգիաների տեղադրման մանրամասն նախագծման, շինարարության և շին. տեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 70,0 մլն Եվրո:
Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325հա հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200հա:
Ծրագրի շրջանակներում հաշվետու տարում իրականացված «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս համակարգի կառուցման» տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններն ավարտվել են: 2015 թվականի վերջին սկսված մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2017 թվականի երկրորդ կիսամյակում, որից հետո կսկսվի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը: Վերջինիս ավարտը նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերին:
Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 4 տարի:
Եղվարդի ջրամբար
Եղվարդի անավարտ ջրամբարը, որը գտնվում է Կոտայքի մարզում, նախագծվել և սկսվել է կառուցվել 1980-ական թվականներին` 228 մլն մ3 ընդհանուր ծավալով և թվով երկու պատվարներով՝ 30,5 հազ. հա հողատարածքների ոռոգման և ջրապահովվածության մակարդակի բարձրացման համար:
Սևջուր գետի ջրային պաշարների կտրուկ նվազման հետևանքով ներկայումս առաջարկվում է մշակվել ջրամբարի վերականգնման նոր տարբերակ, որի հիմնական ջրաղբյուրը կհանդիսանա Հրազդան գետը՝ գարնանային ամիսներին ապահովելով գետի հոսքը դեպի ջրամբար՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի միջոցով:
Առաջարկվող ջրամբարի տարբերակը կունենա 90,0 մլն մ3 ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինի 32մ և 14մ: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ.հա հողատարածքների հուսալի ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս եղանակի և ներկայումս շահագործվող թվով ինը պոմպակայանները դուրս կգան հետագա շահագործումից՝ արդյունքում տարեկան խնայելով 28,6 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա, ինչպես նաև սակավաջուր Սևջուր գետի սպասարկման տակ գտնվող 5.5 հազ հա հողատարածքներում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը:
Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով 2014 թվականի հունիսից սկսվել են նախնական իրագործելիության ուսումնասիրությունները` երկու փուլով և ավարտվել 2015 թվականի հունիսին:
Ներկայումս ընթանում են ջրամբարի իրագործելիության ուսումնասիրությունները, որոնք կավարտեն 2016 թվականի մայիսին, որից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները:
Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը գարնանից սկսել է Եղվարդի ոռոգման ծրագրի լիարժեք լայնածավալ կիրառելիության ուսումնասիրությունը, իսկ ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսվեն 2018 թվականին, որի շինարարության ընդհանուր տևողությունը պլանավորված է 5 տարի:
Մաստարայի ջրամբար
Մաստարայի ջրամբարը գտնվում է Արմավիրի մարզում՝ Սելավ Մաստարա գետահովտում: Ջրամբարը նախատեսվում է լցնել Սելավ Մաստարա և Ախուրյան գետերի գարնան վարարային հոսքով: 1970 թվականին իրականացվել է Մաստարայի ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորում:
Ջրամբարը նախատեսվում է կառուցել 10.2 մլն մ3 ընդհանուր ծավալով, օգտակար ծավալը՝ 8.2 մլն մ3, իսկ պատվարի բարձրությունը՝ H=30մ: Ջրամբարը կբարձրացնի 3794 հա ոռոգվող հողատարածքների ջրապահովման մակարդակը, մեխանիկական ոռոգման անցում ինքնահոս համակարգի, որի արդյունքում տարեկան կտնտեսվի 2.1 մլն. կվտ.ժ. էլեկտրաէներգիա, ինչպես նաև լրացուցիչ կոռոգվի 590հա ներկայումս չմշակվող հողատարածքները՝ ընդհանուր կկազմի 4384 հա հողատարածքներ:
Մաստարայի ջրամբարի կառուցման իրագործելիության ուսումնասիրությունների համար 2015 թվականին հատկացվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Տարածաշրջանի Կարողությունների Զարգացման Հավատարմագրային Հիմնադրամի (ECAPDEV) դրամաշնորհ: Միաժամանակ ներկայում նախապատրաստվում է ծրագրի կոնցեպցիան՝ նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնելու համար:
Հ Հ Գ Ն Ջ Ր Ա Յ Ի Ն Տ Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ Ա Ն Պ Ե Տ Ա Կ Ա Ն Կ Ո Մ Ի Տ Ե