Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների առթիվ: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ողջունելով և շնորհավորելով զինծառայողներին Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին:
«Վստահ եղեք, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում եք դուք, ձեզ հետ է, ձեր կողքին: Շնորհակալ ենք ձեզ` մեր երկրի խաղաղության համար, որի սահմանները անառիկ եք պահում դուք: Համոզված եղեք որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում բարի ծառայություն: Թող 2016 թվականը լինի խաղաղության տարի», – նշել է Տարոն Մարգարյանը:
Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորմասին նվիրվել են հեռուստացույցներ, զինվորներին էլ` ամանորյա նվերներ:
Երևանի քաղաքապետարան