Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»

Դեկտեմբեր 29,2015 14:45

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թվականը մեր երկրի համար հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով, բայց և նվաճումներով: Դժվար է, իհարկե, հակիրճ ամփոփել տարին բնութագրող երևույթները: Առանձնացնեմ երեք կարևորագույնները:

Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լրջագույն մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ:
2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 3 տոկոս՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ:
Աճ կա արդյունաբերությունում՝ 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 11.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0 տոկոս: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով:

Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով անկման պարագայում: Պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է, որ ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը:
Երկրորդ կարևորագույն նվաճումը, որ կուզենայի ընդգծել, սահմանադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում սահմանադրական փոփոխությունների ընդունումն էր:
Հանրաքվեով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծն անկասկած արժեքավոր հիմք է ծառայելու մեր հայրենիքի բարեկեցության ու կայուն զարգացման համար:

Առավելապես կարևորում եմ այն, որ սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարումը, ստեղծվում են խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես արդյունավետ մեխանիզմներ` բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը:
Երրորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն էր: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության կազմում է: Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն:

Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել է շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի լոկ երկու տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵՏՄ-ին, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների՝ ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 2015թ.-ի դեկտեմբերին սկսեց նոր լայնածավալ բանակցություններ Եվրամիության հետ, որի շրջանակներում քննարկելու ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեծացնելու մեր փոխգործունեությունը Եվրամիության անդամ երկրների տնտեսությունների հետ:

Վստահ եմ, որ 2016 թվականին մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու, ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության մեծացման, ժողովրդի բարեկեցության համար: Եվ դա անելու ենք մենք բոլորս միասին համատեղ ուժերով»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031