Տավուշի մարզի Բերդ քաղաքում տարեցտարի ավելանում են աշնանացանի տարածությունները : 2015թ. Բերդ քաղաքի անմշակ հողերից շուրջ 50 հեկտար մշակելի է դարձել : 2014 թվականին արվել է 102հա աշնանացան,2015թ.՝ 152 հա: Բերդ քաղաքում ցանվել է 7 հեկտար էլիտար ցորեն: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն ասաց, որ Բերդ քաղաքում գյուղատնտեսական աշխատանքների մեծ ներդրում ունի մեխանիզատոր Սարգիս Խոջոյանը , ով 2015 թվին արժանացել է ՀՀ գյուղնախարարության ոսկե մեդալի:
Բերդի քաղաքապետարանը վերջին 2 տարում 40 միլիոն դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ներկրել: Առաջիկայում հեռագնա արոտավայրերի կառավարման ծրագրով գյուղտեխնիկայի նոր խմբաքանակ է ներկրվելու Բերդ: Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի միջոցով Բերդ քաղաքում կառուցվում է անասունների արհեստական բեղմնավորման կենտրոն: Այն որոշ թվով աշխատատեղեր կստեղծի, կենտրոնում գյուղատնտեսական տեխնիկայի վաճառք, թունաքիմիկատների, անասունների բուժամիջոցների վաճառք կիրականացվի: Այդ կենտրոնի շնորհիվ Բերդի տարածաշրջանում անասունների տոհմային կազմը մի քանի տարուց հետո կբարելավվի: Կենտրոնը շահագործման կհանձնվի 2016թ. հունիսին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ