Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը նոր պայմանագրեր է կնքել երեք աֆրիկացի և մեկ հայ ֆուտբոլիստի հետ։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Շիրակ» ֆուտբոլային թիմի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը, Աֆրիկայից եկած 20-ամյա Կուակու Նդրի Մարսել Լեինսեն կենտրոնական պաշտպան է, որը նաև հանդես է եկել Կոտ դ՚իվուարի հավաքականում։
18-ամյա Դիոն Սեդե Ջունիորը հանդես է գալիս հարձակվողական գոտում, նա Կոտ դ՚իվուարի «Ասֆա» ակումբի սան է։ Այս ակումբը լավ ֆուտբոլիստների է պատրաստում:
Նույն ակումբից է նաև 18-ամյա եզրային կիսապաշտպան Կուադիո Էմանուել Կլաուվիսը։ Գյումրի է եկել նաեւ 20-ամյա եզրային կիսապաշտպան «Կրասնոդարի» սան Սևակ Փարսադանյանը, որը 2014թ. սկզբից կես տարի խաղացել է «Փյունիկ-2»-ում։
Aravot.-am-ը Աննա Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են հարմարվում Գյումրիում աֆրիկացի երիտասարդները, որտե՞ղ են ապրում, արդյոք գյումրեցիները նեղություն չե՞ն տալիս նրանց: Աննա Թադեւոսյանն ասաց, որ ակումբը ֆուտբոլիստների համար տներ է վարձում, իսկ գյումրեցիները նրանց սպասում են: «Գյումրեցիներն արդեն սովորել են «Շիրակ»- ի աֆրիկացիներին, ամեն տրանսֆերային պատուհանի ժամանակ անհամբեր սպասում են նոր խաղացողների: Ֆուտբոլիստները քաղաքում իրենց շատ լավ են զգում, ինչպես իսկական աստղեր՝ բոլորը նրանց ճանաչում են եւ ցանկանում են լուսանկարվել: Նրանք կարճ ժամանակ անց գյումրեցի են դառնում ու սկսում են խոսել Գյումրու բարբառով, իհարկե, հատուկ չեն սովորում հայերեն, բայց շփվելու ընթացքում սովորում են ու սկսում են ահագին հասկանալ ու խոսել», -ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նկատենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի խաղերից մեկի ժամանակ գյումրեցիները Արեւմտյան Աֆրիկայի Սենեգալ պետությունից Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբում խաղացող Լի Լամինե Յորոյին պահանջ էին ներկայացնում՝ բացականչելով. «Յորո, Յորո, հլը պրծի մի հատ գոլ խփի, այ տղա, տո դու գյումրեցի չե՞ս, այ Յորո»:
Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հունվարի 30-ին պատրաստվում է մրցել ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝«ԼԱ Գելաքսիի» հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
սխալների ուղղում. գրված է «Յորո, Յորո, հլը պրծի մի հատ գոլ խփի, այ տղա, տո դու գյումրեցի չե՞ս, այ Յորո»:
պետք է լինի` «Յորո, Յորո, հլը պրձի, մէ հադըմ գոլ զարգէ, այ տղա, տո դու գյումրեցի չե՞ս, այ Յորո»:
Այսքան տարիների ընթացքում, ինչ մեր կայքը կա՝ սա ամենահամով ճշտումն էր:
Շնորհակալություն, Աննա ջան
Իսկ հիմա` լուրջ: Բա իհարկե օտարազգիները պիտի խաղան ֆուտբոլ, բա հո հայերը չեն խաղալու: Հայերը պիտի բանակում ծառայեն: