Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Մարկոս. «Սուրբ ծննդից առաջ ուտել-խմելով են տարված լինելու»

Դեկտեմբեր 29,2015 12:42

 

«Հայ առաքելական եկեղեցին տարին սկսում է Սուրբ Ծնունդով: Եկեղեցական տարվա առաջին օրը Սուրբ Ծնունդն է, այսինքն՝ ոչ թե դեկտեմբերի 31-ը, այլ հունվարի 5-ը»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Սուրբ Ծննդի կարեւորության մասին, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Նրա խոսքով՝ Ամանորն, ըստ էության, խրախճանքի, քեֆ անելու, զվարճանալու օր է, իսկ Սուրբ ծնունդը՝ հոգեւոր ուրախության օր, «Խոսքն այն ուրախության մասին է, որը կապված է ոչ թե նյութի եւ աշխարհիկի, այլ հոգու հետ: Երբ քրիստոնյա-մարդու մասին ենք խոսում, բնականաբար, Սուրբ ծնունդը նրա համար առավել հաճելի եւ ցանկալի տոն պետք է լինի: Ոչ մեկ չի ասում՝ Ամանոր մի նշեք, բայց երբ Ամանորի վրա այնքան են սեւեռվում, որ մոռանում են Սուրբ ծնունդը, ուրեմն քրիստոնյայի մասին չէ խոսքը»:

Տեր Մարկոսը սեփական ընտանիքի օրինակը վկայակոչեց՝ ասելով, որ դեկտեմբերի 30-ից պահք են պահում. «Մեր տանը կգտնեք պահոց ուտելիքներ, իսկ սեղանը զարդարված չի լինելու ճոխ, տարատեսակ ուտելիքներով, որոնց մեծ մասը հետո նաեւ թափվելու է: Այսինքն, քրիստոնյան Սուրբ ծննդին պետք է պատրաստվի պահեցողությամբ»:

Տեր Մարկոսից հետաքրքրվեցինք, թե մեր հասարակությունը որքանով է պատրաստ նշյալ կերպ սկսելու տարին: «Մեծամասամբ պատրաստ չէ: Միաժամանակ, ավելանում է գիտակից քրիստոնյաների թիվը, որոնք ավելի են կարեւորում Սուրբ ծննդի խորհուրդը: Իսկ ընդհանուր առմամբ, մարդիկ մեծամասամբ պատրաստ չեն դրան, ուտել-խմելով են տարված լինելու Սուրբ ծննդից առաջ»,-ասաց մեր զրուցակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Լուսանկարը՝ տեր Մարկոսի «ֆեյսբուքյան» էջից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031