Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվել է տարածաշրջանային նշանակության «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը, որի տնօրենն է նշանակվել կառավարման ոլորտում հարուստ փորձ ունեցող Հովհաննես Թոքմաջյանը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Թոքմաջյանը նշեց, որ Շուշիում տեխնոլոգիական համալսարան հիմնադրելու վերաբերյալ որոշ շրջանակների կողմից հոռետեսական մոտեցում կար՝ այն առումով, որ Շուշին իր մասշտաբով այն քաղաքը չէ, որտեղ հնարավոր լինի դա կազմակերպել: Նրա ձեւակերպմամբ. «Համալսարանի ստեղծման գաղափարը մի քանի նպատակ է հետապնդել՝ լուծել ինժեներական կադրերի պատրաստման խնդիրը Լեռնային Ղարաբաղի համար եւ տարածաշրջանային առումով, որի պակասը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Հայաստանում բավականին սուղ է՝ վերջին 25 տարում մասնագիտության ոչ մոդայիկ լինելու պատճառով: Կարծում եմ, վատատեսության հիմքեր չպետք է լինեն, որովհետեւ բարդ խնդիրն էլ է լուծելի, ուղղակի ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով ես ուզում, որ այդ խնդիրը լուծվի: Իսկ Արցախի իշխանությունները այդ հարցում հաստատակամ են»:
Մեր զրուցակիցը հիշեց իր ուսանողական տարիները, երբ Մոսկվայից ժամանած հանձնաժողովը, որ եկել էր մշտադիտարկում անցկացնելու, ապշել էր, որ Երեւանում կա Պոլիտեխնիկի նման բուհ, որն իր մակարդակով ոչ միայն Լենինգրադի, Մոսկվայի ինստիտուտներին չէր զիջում, այլեւ որոշ առումներով գերազանցում էր: «Նույն բանն այսօր այստեղ է, սակայն խնդիրն իրատեսական է: Ինչ վերաբերում է խնդիրներին, մասնավորապես՝ կադրային խնդիրներին սկզբնական շրջանում կլուծենք՝ օգտագործելով Հայաստանի ուսումնագիտական ներուժը՝ օնլայն դասերի կազմակերպմամբ ու ժամանակավոր այցելություններով, մինչեւ տեղում կունենանք համապատասխան դասախոսական կադրեր: Արդեն պատրաստ են 5 հարկանի շենքի չորս մասնաշենքները՝ ագրարային համալսարանի բազայի վրա: Ահռելի աշխատանք է կատարված, պետք է շնորհակալություն հայտնել ագրարային համալսարանին: Բուհը կունենա երեք ֆակուլտետ՝ տեխնոլոգիական, գյուղատնտեսական ճարտարապետաշինարարական:
Հսկայական գործ ունենք անելու, եւ այդ ամենը հնարավոր կլինի իրականացնել 1-2 տարվա ընթացքում, ու բուհը բերել այնպիսի վիճակի, որ մրցունակ լինի Հայաստանի ինժեներական բուհերի, մասնավորապես Պոլիտեխնիկի, Ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանի հետ, միեւնույն ժամանակ անպայման օգտագործելու ենք այդ երկու, ինչպես նաեւ ագրարային համալսարանի ուսումնագիտական ներուժը»,- նշեց Հովհաննես Թոքմաջյանը:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ տարիներ առաջ շատերը չէին հավատում, թե իր ռեկտորության ժամանակ նախաձեռնված եւ շարունակված, 2015-ին էլ վերջնակետին հասած բուհի միջազգային հավատարմագրման գործընթացը իրատեսական է ճարտարապետաշինարարական համալսարանի համար, պարոն Թոքմաջյանը պատասխանեց. «Իրականում իմ դերն այստեղ ավելի համեստ էր: Ճարտարապետության եւ շինարարության համալսարանը այդ բոլորին հասավ, որովհետեւ ունի տաղանդավոր կոլեկտիվ՝ վառ անհատականություններով: Ուղղակի ռեկտորի ՝ մասնավորապես իմ գործը կայանում էր նրանում, որ մարդիկ հավատային իրենց ուժերին եւ կարողանային այդ բոլորն իրականացնել: Ես ընդհանրապես կարծում եմ, որ բուհ ղեկավարելը չի նշանակում ղեկավարել հաշվապահություն, բազմակոմպոնենտ գործողություններից է կազմված, որոնցից առաջինը կոլեկտիվի գիտական ներուժի դրսեւորումն է: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջին խնդիրներից մեկը հենց համալսարանի համապատասխան գիտական ուղղությունների զարգացումն է ու դեռ բազում անելիքներ կան:
Իսկ Ճարտարապետաշինարարականում միջազգային հավատարմագրումը հնարավոր եղավ, որովհետեւ այդ համալսարանի բազմաթիվ աշխատակիցներ ռեալ զբաղվում էին ոչ միայն դասախոսական աշխատանքով, այլեւ լուրջ ինժեներինգով: Եվ պատահական չէր, որ այնտեղի մասնագետները կարողացան նախագծել եւ ղեկավարել այնպիսի լուրջ օբյեկտների կառուցում՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպիսիք են խմելու ջրի համակարգը Ստեփանակերտում, Մարտունու շրջանում, ինչպես նաեւ Ստեփանակերտի օդանավակայանը»:
Մեր հարցին՝ ստացվում է 3 բուհ եք ղեկավարել, տվյալ պարագայում ինչպե՞ս եք վերաբերվում բուհերի միջեւ մրցակցությանը, պարոն Թոքմաջյանը պատասխանեց, որ բոլոր ինժեներական բուհերը նախ պետք է օգնեն իրար՝ հաշվի առնելով հայ ժողովրդի բարեկեցության եւ ինժեներական անվտանգության ապահովումը: «Բոլոր բուհերում, ինչպես Պոլիտեխնիկում, այնպես էլ Ճարտարապետաշինարարականում, հուսով եւ նաեւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կան եւ կլինեն վառ անհատականություններ, իսկ մրցակցությունը ռեկտորների միջեւ պետք է լինի՝ կախված նրանից, թե ով ինչ դիրք կգրավի, մանավանդ տաղանդավոր մարդիկ բոլոր բուհերում էլ աշխատում են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ