Երեւանի բնակիչ,1984թ. ծնված Գրիգոր Միզախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17:30-ի սահմաններում, իր վարած «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայով, Մ-16 ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում, Բագրատաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհի երեք գոտուց բաղկացած երթևեկելի մասի մեջտեղի երթևեկելի գոտով ընթանալիս, թույլ է տվել ՃԵԿ-ի 54 և 55 կետերի եւ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ:
Ըստ մեղադրանքի` Գ. Միրզախանյանը երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեխնիկական տեսակետից պետք է ավտոմեքենան վարեր երթևեկելի մասի իր ընթացքի ուղղությամբ աջ կողմի երթևեկելի գոտով` այլ ավտոմոբիլների կամ խոչընդոտների բացակայության պայմաններում ձեռնպահ մնալով երթևեկելի մասի մեջտեղի երթևեկելի գոտի մուտք գործելուց և այդ երթևեկելի գոտով երթևեկելուց, բախվել է երթևեկելի նույն գոտով իրեն հանդիպակաց ընթացող Գերմանիայի քաղաքացի Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեի կողմից վարվող «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենային, որի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևորներ, Վրաստանի քաղաքացիներ Նանա Տարտարաշվիլու առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Թամար Ջգամաձեն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաեւ Գերմանիայի քաղաքացի, 1957թ.ծնված, Թբիլիսի գարեջրի գործարանի վարչական շենքում բնակվող Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեին: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:
2015թ.սեպտեմբերի 4-ին գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը որոշում է կայացել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Միրզախանյանին եւ Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեին 242 հոդվածի 2-րդ մասով ճանաչել անմեղ եւ արդարացրել:
Դատավորը իր վճռում հղում անելով քրեական գործով փորձագիտական եզրակացությանը, նշել է, որ դեպքի վայրի ճանապարհահատվածի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, չապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները և ճանապարհային երթևեկության կազմակերպման, ճանապարհային նշանների փոփոխության մասի ժամանակին չտեղեկացնելով ճանապարհային երթևեկության մասնակիցներին, տեխնիկական տեսակետից ստեղծել են վթարային իրադրություն: Տավուշի մարզի դատախազությունը Ռ. Մելքոնյանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ