Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերայի տնօրինությունը անբարոյական արարքի է գնացել». Վարուժան Ավետիսյան

Դեկտեմբեր 28,2015 23:10

«Նոր Հայաստան» շարժման անդամներն այսօր բախում են ունեցել ոստիկանության հետ՝ «Նոր Հայաստանի» պաստառը օպերայի շենքի վրա փակցնելու համար: Նույնիսկ փորձել են շարժման անդամներից մի քանիսին տանել բաժին:

Aravot.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը պատմեց, որ այդ պաստառը մեկ ամիս շարունակ այդտեղ փակցված է եղել. «Այդ նույն  տեղում հանրահավաք անող բոլոր ուժերը պաստառ են փակցնում արդեն 25 տարի: Չգիտեմ որ թվից մեխեր կան պատերին ամրացված, այդ մեխերից թելերով կախում են պաստառները: Մեզ դիմել էր Օպերայի տնօրինությունը, խնդրելով, որ մի քանի ժամ հանենք պաստառը, որպեսզի համերգի ժամանակ բոլոր դռները կարողանան բացել: Մենք բնականաբար ընդառաջեցինք՝ հաշվի առնելով, որ մշակույթի օջախ է, կոնկրետ ժամեր էինք պայմանավորվել, թե քանի ժամով պետք է հանվի: Բայց երբ ուզում էին փակցնել նույն տեղում, ոստիկանությունն արգելեց: Պատճառաբանություն չէին բերում, հետո գնդապետ Օսիպյանը անհեթեթ պատճառաբանություն բերեց, թե մշակութային օբյեկտ է: Մենք ասացինք, որ դիմել ենք մշակույթի նախարարությանը եւ կարծիք ենք ստացել, այդ կարծիքում պաստառի կախել-չկախելու վերաբերյալ որեւէ առարկություն չի եղել:

Բնականաբար, քանի որ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կարող էին կատարել բոլոր այն գործողությունները, որոնք օրենքով արգելված չեն, մենք այդ սկզբունքով ենք գործում, ընդ որում նաեւ նախադեպերն ունենալով, որ 25 տարի շարունակ այդ մեխերից կախել են պաստառներ»:

Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյանը՝ կենտրոնում

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ոստիկանությունը չուներ որեւէ դիմում, որեւէ գրավոր փաստաթուղթ. «Իրենք հրահանգ էին ստացել ամեն կերպ խոչընդոտելու մեր՝ դեկտեմբերի 31-ի այլընտրանքային Ամանորյա միջոցառումը: Սերժի կարմիր աստղերով հրապարակից ու տոնածառից ու միջոցառումից զատ ուզում են ուրիշ տոնածառ ու միջոցառում չունենալ, որպեսզի այլընտրանք չլինի երկրում: Ցավալի է, որ մշակութային օջախի տնօրինությունն այդ անբարոյական արարքին է գնացել, անցել է բարոյական սահմանը եւ թույլ է տվել, որ իրեն օգտագործեն Բաղրամյան 26-ից հրահանգված այդ օպերացիայի մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031