Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Հ/Կ-ների դիմում-բողոքները

Դեկտեմբեր 28,2015 22:47

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 28-ին արտահերթ նիստ էր գումարել: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին ներկայացված մի շարք բողոքներ:

Հ/Կ-ները պահանջում էին վարույթներ հարուցել

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Իրավունքի Եվրոպա միավորում», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների դիմումը: Հասարակական կազմակերպությունները պահանջում էին վարույթներ հարուցել, քննության առնել նշված խախտումների ազդեցությունը հանրաքվեի արդյունքների վրա, ձեռնարկել միջոցներ դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քվեարկության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտների, քվեարկության իրավունք ունեցող անձանց իրավունքների խախտման կապակցությամբ խախտումների արձանագրումը համապատասխան փաստաթղթերում, ըստ անհրաժեշտության քրեաիրավական բնույթի խախտումները վերահասցեագրել ըստ ենթակայության:

Դիմումին կից հասարակական կազմակերպությունները ներկայացրել էին սկավառակ, որտեղ այն մարդկանց ցուցակներն են, որոնք hanraqve.com կայքում նախապես հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը, սակայն իրազեկվել են, որ իրենց փոխարեն քվեարկություն է կատարվել, նաեւ այն անձանց ցուցակները, ում 18-ը լրացել է 2015 թվականի դեկտեմբերի 1-6-ն ընկած ժամանակահատվածում, սկավառակում առկա են նաեւ ցուցակներում 102-120 տարեկան 500 անձանց տվյալներ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չէին ներկայացել նիստին: Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծը: Ըստ որի առաջարկում է մերժել դիմումը, քանի որ բողոքարկելու իրավունք ունեն այն անձինք, որոնք համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են: Մուկուչյանը նշեց, որ հասարակական կազմակերպությունների իրավունքները չեն խախտվել, անգամ չեն շոշափվել, քանզի հասարակական կազմակերպությունները ո՛չ ակտիվ, ո՛չ պասիվ ընտրական իրավունք չունեն:

Այնուամենայնիվ, որոշման նախագծի մեջ անդրադարձ եղավ առանձին կետերի, մասնավորապես՝ մինչեւ քվեարկությունը տարեց քաղաքացիների ցուցակները համապատասխան մարմնի կողմից տրվել է լիարժեք պարզաբանում, ստուգվել են տեղեկությունները: Իսկ երիտասարդ ընտրողների ցուցակի մասին խոսելով՝ նա նշեց, որ հանրաքվեին կարող են մասնակցել քվեարկության օրը 18 տարի լրացած անձինք. «Անհասկանալի է նման ցուցակի ներկայացումը, որում ընդգրկված են 1997 թվականի դեկտեմբերի 1-6-ը ծնված քաղաքացիների վերաբերյալ տվյալներ: Ինչ վերաբերվում է նախապես ինչ-որ եղանակով քվեարկության չմասնակցելու մասին հայտարարած քաղաքացիների ցուցակին, ապա այն որեւէ իրավական արժեք ներկայացնել չի կարող մեկնաբանվել որպես անձի կողմից քվեարկությանը չմասնակցելու ապացույց»:

Քվեարկություն կազմակերպվեց, հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին նախագծին, որոշումն ընդունվեց:

Հ/Կ-ները խնդրում են դիմում-բողոքները վերահասցեագրել ընտրատարածքային հանձնաժողովներին

«Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Իրավունքի Եվրոպա միավորում», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները մեկ այլ դիմում էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այն հասարակական կազմակերպությունների՝ դեկտեմբերի 12-ին ներկայացրած դիմումի վերաբերյալ էր, որը հանձնաժողովը մերժել էր՝ նշելով, որ կարող են իրենց բողոքը ներկայացնել ընտրատարածքային հանձնաժողովներ:

Դիմումում նշված էր, որ հասարակական կազմակերպությունները փորձել են կապ հաստատել ընտրատարածքային հանձնաժողովների հետ, որպեսզի ներկայացնեն իրենց բողոքները: Սակայն հաջողվել է կապ հաստատել միայն 6-րդ եւ 7-րդ ընտրատարածքային հանձնաժողովների հետ, որոնք հայտնել են, որ այդ պահին չեն կարող ընդունել բողոքները:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին հասարակական կազմակերպությունների անդամներն այցելել են հանձնաժողովներ, սակայն դրանք փակ են եղել, եւ միայն 6-րդ ընտրատարածք են կարողացել ներկայացնել իրենց դիմում-բողոքը:

Հասարակական կազմակերպությունները նշել են, որ իրենց դիմում-բողոքը ներկայացնելու բոլոր միջոցները սպառված են, եւ միայն պետությունը՝ ի դեմս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կարող է կապ հաստատել ընտրատարածքային հանձնաժողովների հետ:

Հ/Կ-ները խնդրում էին իրենց դիմումները վերահասցեագրել ընտրական հանձնաժողովներին՝ ապահովելով օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում քննություն, ձեռնարկել միջոցներ դիտորդի, ԶԼՄ միջոցների ներկայացուցիչների իրավունքների վերոգրյալ խախտման վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել խախտումներ կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դիմումին ոչինչ կցված չի եղել, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահասցեագրի ընտրատարածքային հանձնաժողովին, եւ անհասկանալի է այդ պահանջը. «Ցանկանում եմ հիշեցնել, որ դեկտեմբերի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել էր նիստ՝ հանրաքվեի արդյունքներն ամփոփելու: Բայց մինչեւ այդ՝ դեկտեմբերի 12-ին նշված կազմակերպությունների կողմից կային դիմում-բողոքներ, որոնց քննարկումը կազմակերպվեց դեկտեմբերի 12-ին, նիստը մենք սկսեցինք ժամը 18:00-ին, եւ նիստն ընթանում էր մինչեւ 23:05: Խնդիրը կայանում է հետեւյալում, որ 23:05-ից հետո՝ փաստորեն գիշերը, սկսել են զանգել ընտրատարածքներ: Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը վերաբերվում էր շաբաթ օրվան, եւ հաջորդ օրը՝ ամսի 13-ը, որը նորից եղել է ոչ աշխատանքային կիրակի օր: Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն դիմումները, որոնք ներկայացվում էին, հետագայում ներկայացվել են, որովհետեւ երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մեծ մասում կայացել են նիստեր հիշյալ դիմումների հետ կապված որոշումներ են կայացվել: Նրանցից ակնհայտ է դարձել, որ բոլորը վերաբերվում են քվեարկության ընթացքում առանձին ընտրատեղամասերում նկատված տարաբնույթ խախտումներին դիտարկումներին եւ այլն: Այս պարագայում ժամկետներ կային սահմանված բողոքարկման համար, այդ բողոքը պետք է այդ ժամկետներում ներկայացվեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ինչի կապակցությամբ մենք բազմիցս առիթ ենք ունեցել նշել»:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծը, որով առաջարկում է մերժել դիմում-բողոքը. «Առաջին պահանջն ընդհանրապես առարկայազուրկ է, քանզի ԸԸՀ-ին ուղղված կամ որեւէ ԸԸՀ-ի ենթակայության հարցերով դիմում 13.12.2015-ին ուղղված ԸԸՀ-ին ԿԸՀ-ն չի ստացել: Դիմումի մյուս պահանջները նշված կազմակերպությունների կողմից ներկայացված տարբեր պահանջների ստանդարտիզացված ձեւաչափն է եւ որեւէ առնչություն չունի դիմումի բովանդակության հետ, չի բխում դիմումի բովանդակությունից: Հանձնաժողովը որեւէ տրամաբանություն չի գտնում դիմումի բովանդակության եւ ներկայացված պահանջների միջեւ, ինչպես նաեւ հանձնաժողովի համար անհասկանալի եւ անընկալելի է դրանց պատճառահետեւանքային կապը, ուստի՝ դրանք առարկայազուրկ պահանջներ են»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին նախագծին, որոշումն ընդունվեց:

Բողոք ընտրատարածքային հանձնաժողովների անգործության դեմ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների դիտորդները եւ «Ասպարեզ» օրաթերթի եւ Asprez.am կայքի լրագրողները եւս մեկ դիմում էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս բողոք-դիմումը անվանված էր «Բողոք հանրաքվեի 1, 5, 7, 9, 10, 11, 14, 19, 20, 26, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 38, 39 ընտրատարածքային հանձնաժողովների անգործության դեմ»: Դիմում-բողոքում նշված էր, որ այդ ընտրատարածքային հանձնաժողովներ ներկայացվել են դիմում-բողոքներ, սակայն նրանց որոշումները մինչեւ օրս հասանելի չեն իրենց: Դիմումատուները բողոքների ներկայացման վերջնաժամկետի օրը՝ դեկտեմբերի 13-ին այցելել են 1, 5, 7, 9, 10, 11 ընտրատարածքային հանձնաժողովներ, սակայն նրանք փակ են եղել:

Դիմումատուները խնդրում էին հասանելի դարձնել բողոքների կապակցությամբ վարչական ակտերը, ապահովել դրան առաքումը, ձեռնարկել միջոցներ անգործություն կատարած անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որի առաջարկում էր մերժել բողոքը: Նա հայտարարեց, որ նշված ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 7-9-ը, նշված անձանցից թիվ 7, 9, 28, 30, 31, 32, 35, 38, 39 ընտրատարածքային հանձնաժողովները դիմումներ չեն ստացել: Իսկ ստացած հանձնաժողովները իրականացրել են քննարկումներ եւ կայացրել են որոշումներ: Այդ որոշումները բացառությամբ 2-ի՝ թիվ 14-ի եւ թիվ 26-ի փոստային առաքումով ուղարկել են նշված հասցեով, որպես ապացույց հանձնաժողովները ներկայացրել են անդորրագրերը: Իսկ թիվ 14 եւ թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովները դիմումի քննության նախապատրաստման փուլում հանձնարարվել է անհապաղ իրականացնել որոշումների առաքումը: Անդրադառնալով դիմումին կից ներկայացրած սկավառակին՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նրանում առկա փաստական հանգամանքները որեւէ առնչություն չունեն բողոքի քննության հետ:

Քվեարկություն կազմակերպվեց, հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին, որոշումն ընդունվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031