ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով (հրաման N 675 Ա/Ք) 2015թ. պետական ֆինանսավորմամբ գիտական և գիտատեխնիկական նախագծերի մրցույթ էր հայտարարվել: Բնականաբար Հայաստանի գիտնականները, ովքեր ունեին մտահղացումներ պետության գիտությունն առաջ մղելու, կամ էլ նպաստելու արդյունաբերության (ժողովրդական տնտեսության որևէ ճյուղի) արդյունավետության բարձրացմանը ներկայացրել էին նախագծեր:
Ես` Հ. Ավագյանս, մասնագիտության բերումով տեղյակ լինելով ՀՀ լեռնահանքային արդյունաբերության աշխատանքների արդյունքներին, ավելի ստույգ դրանց ցածր արդյունավետությանը, ցանկացա իմ մասնակցությունը բերել ՀՀ լեռնահանքային արդյունաբերության ճյուղերից մեկի, որի շատ ցածր արդյունավետությունը վաղուց ի վեր տանջում է ինձ և, դեռևս նախկին ԽՍՀՄ-ի վերջին տարիներից, և հետագայում (1998-1999թթ.) առաջարկություններ եմ ներկայացրել ՀՀ Կառավարությանը արդյունաբերության այդ ճյուղերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, սակայն մինչ այժմ էլ «սայլը տեղից չի շարժվել»:
2015թ. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի դատին ներկայացված իմ նախագիծը կոչվում է «ՀՀ բնական սորբենտների հանքավայրերը (դրանց հետազոտվածությունը, հումքի որակական հատկանիշները ու արդյունավետ օգտագործման հեռանկարները)»:
Մեր ոչ մասնագետ հարգարժան ընթերցողին տեղեկացնելու համար նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ու շատ հարուստ է բնական սորբենտներով` բենթոնիտներով, ցեոլիտներով, պեռլիտներով, դիատոմիտներով, պեմզաներով, որոնք բոլորն էլ դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներին, առավել ևս այժմ, օգտագործվում են խիստ ցածր արդյունավետությամբ: Բերեմ դրանցից մեկի վերաբերյալ օրինակ և, քանի որ բոլորի օգտագործումն էլ գտնվում է միևնույն վիճակում, պարզ կդառնա, թե ինչեր ենք կորցնում (որ ասեմ, թե հասկացող մասնագետներ ու սրտացավ մարդիկ չկան Հայաստանում, ճիշտ չի լինի, մեզ մոտ և´ լավ մասնագետներ, և´ սրտացավ մարդիկ շատ կան, բայց դրանց լսողներ չկան): Այսպես. մենք ունենք թթու կազմի լավաների մի տեսակի արգասիքներ, որոնց անվանում ենք պեռլիտներ:
Կարդացեք նաև
Մի ժամանակ Երևանում գործում էր «Քարերի և սիլիկատների» գիտահետազոտական ինստիտուտը, որը հագեցած էր շատ բարձր որակի մասնագետներով և, բազմաթիվ մշակումներով հայտնաբերել էր, որ այդ պեռլիտներից կարելի է պատրաստել ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում կիրառվող (մոտ 110 տեսակի) արտադրանքներ: Պեռլիտների հանքավայրերը ևս շատ ու շատ են: Դրանց ռեսուրսները գնահատվում են ավելի քան մեկ մլրդ խոր.մ: Մեր պեռլիտներից մեկի` Արագածի հանքավայրի, հումքի որակական հատկանիշները, դեռևս 1971թ. ճանաչվել են լավագույնն աշխարհում:
Շահագործվող երկու հանքավայրերի հումքն էլ օգտագործվում էր և այժմ էլ օգտագործվում է շատ ցածր արդյունավետությամբ (Աբովյանի հանքավայրի պեռլիտները փշրման ու մանրացման ենթարկելուց հետո օգտագործվում է որպես շինարարական ավազ, իսկ Արագածի հանքավայրի պեռլիտներն էլ տրվել են ԱՄՆ-ի ինչ-որ ֆիրմայի, որը բարձրորակ հումքը տեսակավորելուց, փշրելուց ու մանրացնելուց հետո ուղարկում է Բելգիա մեկ տոննան 16 դոլար գնահատված): Պարզված է, որ լավորակ պեռլիտներից պատրաստված զտափոշիների մեկ տոննան միջազգային շուկայում կարելի է վաճառել 1000-ից 1100 դոլարով: Այստեղից պարզ է դառնում, որ Բելգիայում մեր պեռլիտները չեն օգտագործվելու այնպես, ինչպես մենք ենք օգտագործում, այսինքն` որպես շինարարական ավազ: Բելգիայում մեր հոյակապ պեռլիտներից անպայման կպատրաստվեն զտափոշիներ և կվաճառվեն մեկ տոննան 1000-1100 դոլարով և ոչ թե 16 դոլարով: Ստացվում է, որ մեր հարգարժան ամերիկյան «եղբայրները» այս գործում մեզ հիմարացնում են (մեզ մեկ տոննա պեռլիտի դիմաց վճարում են լավագույն դեպքում 8 դոլար, իսկ իրենք ստանում են 800):
Այժմ անցնենք մեր նախագծի (հայտի) ճակատագրին, որը ներկայացրել ենք ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի դատին: Այդ կոմիտեն մեր նախագիծը տվել է 2 փորձագետի, ովքեր էլ որպես մասնագետներ պետք է, որ տային օբյեկտիվ կամ, գոնե օբյեկտիվին մոտ կարծիքներ: Ստացվել է այնպես, որ այդ փորձագետներից մեկը (առաջինը) լինելով որակյալ մասնագետ, նախագծին 17 կետով գնահատելու 9 կետում գնահատել է 4,5-ական միավոր, իսկ 8 կետով` 5-ական: Վերջին հաշվով ընդհանուր գնահատականը կազմել է 80,5 միավոր: Դրա հետ համեմատելով մենք համոզվել ենք, որ երկրորդ փորձագետը`
· կամ ընդհանրապես մասնագետ չի և կարդալով նախագիծը ոչինչ էլ չի հասկացել,
· կամ բոլորովին չի կարդացել և կատարելով ինչ-որ մեկի հանձնարարականը (որպեսզի չֆինանսավորվի նախագիծը), աչքերը փակել է ու բոլոր գնահատվող կետերի դիմաց շարել է 2 և 3-ներ, բացառության կարգով մեկ կետի պահանջների դիմաց նշանակել է 4,5 միավոր, իսկ մեկ այլ կետի դիմաց 1 (ստացվել է, որ այդ կետի պահանջների համար, որին առաջին փորձագետը տվել է 4,5 միավոր, մենք գրել ենք կամ հիմարություններ, կամ զառանցանքներ): Իրականում դրանցից ոչ մեկն էլ չի գրվել: Գրվել է շատ որակյալ և հիմնավոր, որի համար էլ առաջին փորձագետը տվել էր 4,5 միավոր:
Զարմանալի ու զայրացուցիչ է այն, որ Գիտության պետական կոմիտեի նախագահը տեսնելով այդ անհեթեթությունն ըստ արժանվույն չի արձագանքել և աշխատանքը չի տվել մեկ այլ մասնագետ-փորձագետի քիչ թե շատ օբյեկտիվին մոտ գնահատական ստանալու համար (մենք հասկանում ենք, որ օբյեկտիվ գնահատական ստանալն անհնար է, քանի որ դա կատարվում է մարդկանց կողմից, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ սուբյեկտ է և կտա իր սուբյեկտիվ գնահատականը): Ես կարծում եմ, որ որոշակի ցածր գնահատականներ կան նաև առաջին փորձագետի գնահատականների մեջ` այն 9 կետով 4,5 միավոր գնահատվածների մեծ մասը նույնպես 5-եր պետք է լինեին, բայց նույնիսկ դրանք մեզ բավարարում են և, եթե երկրորդ փորձագետն էլ տար նույնպիսի (80,5 միավոր) գնահատական, ապա մեր այդ` ժողովրդական տնտեսության համար շատ կարևոր նախագիծը կարող էր ֆինանսավորվել և կատարվել բարձր մակարդակով:
Իմ անձնական կարծիքով, նման (ցածր մակարդակի կամ կամակատար) փորձագետը ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատանքներում տեղ չպետք է ունենար: Բայց, արի ու տես, որ տեղ ունի և ինչ-որ մեկին դա ձեռնտու անձնավորություն է, որին կարող են որպես մահակ օգտագործել մեկ ուրիշի դեմ: Ցավալի է, բայց փաստ, որ կան այդպիսի մարդիկ և, հավանաբար դեռ կլինեն: Կարծում եմ, որ այդ վայ փորձագետի շարած 1,2 և 3 նիշերն իր իսկ սեփական մակարդակի գնահատականներն են: Եթե այդ անձնավորությունն արժանապատվություն ունի ընդհանրապես, պետք է հեռանա «փորձագետի» իր պարտականություններից և իր մակարդակին համապատասխան որևէ այլ աշխատանք ճարի (8 հազար դրամի դիմաց այդ նոր աշխատանքում նա եռակի ավելին կարող է վաստակել):
Ծրագրել էինք կատարվելիք հետազոտությունների արդյունքով ՀՀ Կառավարությանը ներկայացնել առաջարկություններ բնական սորբենտների մի քանիսի հումքային հենքի վրա (պեռլիտների, ցեոլիտների, պեմզաների) կառուցել մշակման ու վերամշակման գործարաններ, իսկ գործող գործարանների (բենթոնիտների և դիատոմիտների) տեխնոլոգիական ուղղությունների որոշակի փոփոխություններով ունենալ հումքի բազմակի խնայողություններ, արդյունավետության բազմակի բարձրացումներ և մի քանի հարյուրի հասնող աշխատատեղեր: Այս բոլորը մեր հանրապետությանը ծայր աստիճանի անհրաժեշտություններ են: Բայց, արդյունքը եղավ այն, ինչը եղավ: Ոմանք ձախողեցին մեր մտահղացումներն ու արգելակեցին ՀՀ ժողովրդական տնտեսության արդյունավետության բարձրացմանն ուղղված մեր առաջարկությունների իրագործումը:
Հ.Ս.Ավագյան
ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսա-
գիտության ինստիտուտի բաժնի վարիչ,
գլխավոր գիտաշխատող, երկրաբանահան-
քաբանական գիտությունների դոկտոր
Պետք է ասել, որ այդ ձեռագիրը նույնն է շատ փորձագետների համար: Նուն ոլորտի մասնագետները հիմականում ճանաչում են իրականացվող հետազոտությունների հեղինակներին (հատկապես նոր ուղղությունների) և կարողանում եմ միմյանց տեղեկացնոելով որոշումներ կայացնել իրենց ստվերային ձևով համակարգողի օգտին: Նոր մուտք գործող մասնագետների համար ավելի դժվար է, քանի որ նրանք ներկայացնում են նոր ուղղություններ ու բոլորը ծանոթ են նրանց կողմից իրականացվող հետազոտություններին Դրանք չեն ընդունվում ու մերժվում են այսպես կոչված “հների” կողմից միմիայն սուբյեկտիվ պատճառներով: Այդ “հները” խոսքերով հայրենասեր ու ազնիվ են, բայց նրանց գործերը ամբողջությամբ չի համապատասխանում իրենց խոսքերին ու նրանց շնորհիվ է, որ մեր երկիրը աստիճանաբար գահավիժում է ու դառնում ճահիճ: