Այսօր Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ու փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ամփոփեցին 2015 թվականի կատարած աշխատանքները:
Գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրեց, որ 2015 թվականին իրենց հիվանդանոցի միայն ստացիոնար բաժանմունքում բուժվել է 7360 հիվանդ. 70 տոկոսը պետպատվերի շրջանակում: Ըստ տնօրենի, պետպատվերի 70 տոկոսի չափով էլ իրենց բուժհաստատությունը վճարովի ծառայություններ է կատարել, որը բավական բարձր ցուցանիշ է ու շատ կարեւոր, քանի որ հիվանդանոցի շենքը նոր է, պահպանման կարիք ունի, ծախսերը շատ են, իսկ այս հարցերն առանց դոտացիայի իրենք են հոգում իրենց եկամուտների հաշվին:
«2015 թվականի ընթացքում հանրապետությունում, ընդհանուր առմամբ, առաջին անգամ, նաեւ Գյումրի բժշկական կենտրոնում սկսվել է «կյանքի ստենդ» ծրագիրը, որը մեր նախագահի նախընտրական դրույթներից է: Մենք սկսեցինք իրականացնել 2015 թվականի հունվարի 1-ից, ավելի հստակ այդ ծրագիրը սկսեց աշխատել մի երկու ամիս հետո, երբ որ պայմանագիր կնքվեց առողջապահության նախարարության ու բուժհիմնարկների միջեւ: Վերջնական պետպատվեր է տրամադրվելու, նույնիսկ անսահմանափակ, կկատարվի ստենդավորում ոչ դեղապատ ստենդով: Գյումրիում ստենդավորվել են 63 հոգի, բայց հիվանդների քանակը եղել են 69 հոգի, ովքեր չեն ստենդավորվել ոչ դեղապատ ստենդով, հրաժարվել են պետական ծրագրից ու դիմել են դեղապատ՝ վճարովի ծրագրին: 63 ստենդավորվող հիվանդներից մի քանիսը նաեւ երկրորդ ստենդավորումն են ստացել. հենց այդ նույն ծրագրի շրջանակում դրվել է երկրորդ ոչ դեղապատ ստենդը: Ինչպես գիտեք, սրտանոթային հիվանդությունն առաջին տեղն է զբաղեցնում. Հայաստանում ամեն երկրորդ մահացած հիվանդի մոտ այդ խնդիր կա, այս ծրագրով ուղղակի կյանքեր են փրկվում՝ ի պատիվ մեր առողջապահության նախարարության, որը կարողացավ լավ կազմակերպել ու ընդգրկել նաեւ մարզային հիվանդանոցները», -ասաց Արմեն Իսահակյանը:
Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն ասաց, որ կյանք փրկող այս ծրագիրը կշարունակվի նաեւ 2016 թվականին ու ավելի տարողունակ կլինի: Ըստ Արմեն Իսահակյանի, Գյումրի բժշկական կենտրոնում, ընդհանուր առմամբ 182 ստենդավորում են կազմակերպել՝ հետազոտելով 240 հիվանդի: Ըստ նրա, այդ 240 հիվանդը մարզից միշտ գնացել ու հետազոտվել է մայրաքաղաքի կլինիկաներում, սակայն այժմ գերադասում են հարազատ օջախում բուժօգնություն ստանալ:
Կարդացեք նաև
Արմեն Իսահակյանը նաեւ ասաց, որ 58 աշխատակցի թոշակի են ուղարկել՝ նոր կադրերով համալրելով բուժհաստատությունը: Ըստ տնօրենի, այս տարվա ընթացքում հիվանդանոցը համալրվել է այնպիսի մասնագետներով, որոնց պակասը նախկինում զգալի է եղել ողջ մարզում: Օրինակ՝ կրծքային վիրաբույժ մարզը տասնյակ տարիների չի ունեցել, իսկ այժմ այդ մասնագետը կա, հիվանդանոցն արդեն ունի երկրորդ նեյրովիրաբույժը, մեկ մասնագետով բուժօգնություն կազմակերպելն այլեւս հնարավոր չէր, քանի որ նա չէր կարողանում մեկ ժամ անգամ բացակայել քաղաքից:
Հիվանդանոցի տնօրենը հավաստիացրեց, որ իրենք գնային փոփոխություններ չեն կատարել՝ անգամ այն ժամանակ, երբ դեղորայքային շուկայում գնաճ է արձանագրվել: Հիվանդանոցի բյուջեն կազմում է 1 միլիարդ 50 միլիոն, որի պետպատվերը կազմում է 680 միլիոն, մնացածը, ըստ Արմեն Իսահակյանի, վճարովի ծառայության վրա է ընկնում, միայն ամսական աշխատավարձի ֆոնդը կազմում է 65 միլիոն դրամ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ