Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ, 2015 թվականը Շիրակի մարզի համար բոլոր առումներով ծանր տարի է:
«Նախ հոգեւոր-բարոյական հարվածը, որ ստացանք, անշուշտ, ամբողջ տարվա վրա հետք թողեց, բայց դրանից դուրս էլ լուրջ ֆինանսական, տնտեսական, սոցիալական ծանր տարի եղավ: Գոնե մենք մեր եկեղեցու շարժով զգացինք, որ կտրուկ անկում գրանցվեց, այս բոլոր անցած 15 տարիների ընթացքում երբեք գոնե եկեղեցում անկում չէր գրանցվել, բայց այս տարի կտրուկ անկում գրանցվեց: Ժողովրդի հոսքը պակասեց, ժողովուրդ չի մնացել, եւ ժողովրդի հոսքի առկայության դեպքում էլ ներդրումը պակասեց, որովհետեւ ժողովուրդը իրոք շատ ծանր վիճակում է, արդեն ստիպված է 60 դրամի վրա դողալ: Մենք յուրաքանչյուր եկեղեցի մտնողից ակնկալում ենք գոնե 60 դրամի օժանդակություն, մեկ մոմը արժի 60 դրամ, գոնե այդ 60 դրամի օժանդակությունն ենք ակնկալում, շատ հաճախ այդ մարդը 60 դրամի օժանդակությունն էլ չի կարող տալ, որպեսզի եկեղեցին իր ծախսերը հոգա ու մի բան էլ վերադարձնի ժողովրդին: Դրա համար ասում եմ՝ բավական ծանր տարի եղավ, երբեւէ այսքան ծանր չէր եղել»,- մտահոգված ասաց Սրբազանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ