Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար

Դեկտեմբեր 28,2015 18:25

Ծաղրածու, Ձմեռ պապ, փուչիկներ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժող երեխաները բժիշկներից բացի դեկտեմբերի 28-ին շփվեցին նաև ամանորյա միջոցառման հերոսների հետ:

Անակնկալը նրանց համար պատրաստել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը: Ամանորին ընդառաջ պոլիկլինիկայում հաշվառված, հիվանդանոցում բուժվող և ծանր հիվանդություններից ապաքինված շուրջ 150 երեխաներ մասնակցեցին ամանորյա միջոցառման և արժանացան նվերների:  ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը ամանորյա այցելություններ է իրականացնում նաև սահմանապահ համայնքներ և զորամասեր. «Հիմնադրամն առանձնահատուկ ծրագրեր ունի սահմանապահ համայնքներում ապրող երեխաների, սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների համար: Ամանորին ընդառաջ մի քանի այցելություններ արդեն կազմակերպվել են զորամասեր: Սակայն նման  ձևաչափով ծրագիր երեխաների համար առաջին անգամն է իրականացվում: Այս երեխաները Ամանորն անցկացնելու են հիվանդանոցի պատերի ներքո, ուստի մեր նպատակն է անել այնպես, որ նրանք շատ մեծ տարբերություն չզգան հիվանդանոցի պատերի ներքո ամանորյա տոները նշելու հարցում»:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը, կարևորելով նման միջոցառումներն, ասաց. «Մեր առաքելությունն է երեխաներին վերադարձնել առողջությունը: Սակայն մենք միայն դրանով չենք սահմանափակվում: Երեխաները, որոնք գտնվում են հիվանդանոցում, մշտական աջակցության կարիք ունեն: Մեր նպատակն է հիվանդանոցում գտնվելու օրերը երեխաների համար տոնական դարձնել»:

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը տեղեկացրեց, որ այն բալիկները, որոնք բուժման առանձնահատկությունից ելնելով, չեն կարողացել մասնակցել տոնական ծրագրին, իրենց ուշադրությունից դուրս չեն մնա. անձամբ կայցելեն նրանց հիվանդասենյակներ: Անի Ռափյանը շեշտեց. «Ծրագիրն ավանդական է, և մենք՝ որպես ապագա բժիշկներ, առավել քան պետք է ուշադիր լինենք փոքրիկների նկատմամբ»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031