Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է Օմբուդսմենին եւ փոխանցել, որ իր պաշտպանյալը նախկինում տառապել է տուբերկուլյոզով, եւ օրեր առաջ կալանավայրում նրա վիճակը կտրուկ վատացել է:
Այսօր Օմբուդսմենի ներկայացուցիչն ու բժիշկ փորձագետն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորին՝ ծանոթանալու նրա խնդիրներին ու առողջական վիճակին: Տեղում ուսումնասիրել են նրա բժշկական փաստաթղթերը եւ զրուցել բուժող բժշկի հետ:
Այնուհետեւ կալանավորի առողջական վիճակի մասին հենց իրենից տեղեկանալու նպատակով ցանկացել են հանդիպել կալանավորին, սակայն վերջինս այդ պահին գտնվել է դատարանում: Հաշվի առնելով կալանավորի առողջական վիճակն ու հետագայում հնարավոր սրացումները՝ Օմբուդսմենի աշխատակիցները գնացել են դատարան` կալանավորին տեսակցելու:
Դատավորը, հաշվի առնելով Օմբուդսմենի ներկայացուցիչների փաստարկները եւ հարցի հրատապությունը, հետաձգել է դատական նիստը` ապահովելու համար կալանավորի առանձնազրույցն Օմբուդսմենի ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Փաստաբանի ներկայությամբ Օմբուդսմենի ներկայացուցիչները տեղեկացրել են կալանավորին, որ իր մոտ այս փուլում չի հաստատվել տուբերկուլյոզ, ախտորոշվել է քրոնիկ բրոնխիտ, եւ արդեն իսկ նշանակվել է համապատասխան բուժում, ու կարգավորվել է դեղորայքի տրամադրման հարցը:
Պաշտպանի ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ փաստաբանի՝ կալանավորին առանձին խուց տեղափոխելու հարցին, սակայն կալանավորը ստացած տեղեկություններից հետո հրաժարվել է մեկուսանալ խցակիցներից, քանի որ իր մոտ տուբերկուլյոզ չի ախտորոշվել:
Օմբուդսմենի աշխատակազմ