Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր լինելը հանցագործությո՞ւն է».Միքայել Սրբազանը՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաք լինելու մասին

Դեկտեմբեր 28,2015 16:50

Aravot.am-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե նախագահի ու կառավարության ղեկավարի՝ վերջին շրջանում Գյումրին աշխուժացնելու փորձերը, օրինակ՝ ասենք 23 միլիոն եվրոյի վարկ տրամադրելը կամ աշխատատեղեր ստեղծելու մտահոգությունը արդյո՞ք ուշացած չեն: «Ուշ լինի, նուշ լինի, լավ է ուշ, քան երբեք, այդպես չէ՞, ուշացվածությունը կա, անշուշտ կա, բայց լավ է ուշ, քան երբեք, լավ չէ՞, համաձայն չե՞ս», -հարցրեց Սրբազանը: Մեր դիտարկմանը, թե մարդիկ արտագաղթում են, քաղաքը դատարկվում է աշխատատեղեր չլինելու պատճառով, Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց.

«Դե հիմա արտագաղթեցին, բայց արտագաղթողները միշտ չէ, որ արտագաղթում են արտասահման, զգալի հոսք կա նաեւ Գյումրիից Երեւան, այնպես որ արտագաղթի 100 տոկոսն էլ արտասահման են գնում, զգալի տոկոս կազմում են Երեւան տեղափոխվողները: Հիմա, եթե ինֆրաստրուկտուրան, ենթակառույցները Գյումրիում վերագործարկվեն, հնարավոր է որոշակի նաեւ ներգաղթ լինի: Եթե նույնիսկ ներգաղթ  էլ չլինի, ապա գոնե  կլինի բնական աճ. մարդիկ մի զավակ ունենալու փոխարեն 3-4 զավակ կունենան, չէ՞, արտագաղթը կդադարի, եթե արտագաղթը դադարի, արդեն բնական աճ տեղի կունենա, եւ քաղաքը իրեն կվերագտնի, երբեք ուշ չէ այդ իմաստով փորձել քաղաքը վերաշինել, երբեք ուշ չէ: Վերջիվերջո այս քաղաքը 150-200 տարի առաջ  գյուղ էր, մեծացավ , մեծացավ, մեծացավ, հասավ իր ծաղկման գագաթնակետին եւ երկրաշարժից հետո անկում ապրեց: Բոլոր քաղաքներն էլ էսպես կենսագրություն ունենում են, մեծանում են, փոքրանում են: Հիմա մեր դժբախտությունը նրա մեջ է, որ մեր կյանքը համընկավ այս անկման շրջանի հետ, բայց եթե անկման շրջանի հետ համընկավ, մենք այդ անկումը եկեք վերելքի վերածենք, երբեք էլ ուշ չէ»:

Հարցին՝ համամի՞տ եք այն գնահատականի հետ, թե Գյումրին ընդդիմադիր քաղաք է, Սրբազանն ասաց. «Գյումրին միշտ է եղել ընդդիմադիր քաղաք. Գյումրին ընդդիմադիր է եղել ռուսական կայսրության օրոք, առաջին հանրապետության օրոք, խորհրդային կայսրության օրոք, ընդդիմադիր էլ է հիմա եւ դա լավ է, դա Գյումրիի բնորոշ հատկանիշն է, բնավորությունն է, ի՞նչ կա դրա մեջ, ընդդիմադիր լինելը հանցագործությո՞ւն է, հա՞: Հանցագործություն չէ, թող մի քաղաք էլ լինի ընդդիմադիր միշտ օրվա իշխանությանը, ի՞նչ վատ է դա. իշխանությունները  ավելի սթափ կլինեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031