Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մեծագործ արքայի բացառիկ դիմանկարը տեղ է գտել Ազգային գրադարանում

Դեկտեմբեր 28,2015 15:58

Լեւոն Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանության(հայ տամպլիերներ) նախաձեռնությամբ ստեղծված Կիլիկիայի Լեւոն Բ Մեծագործ արքայի բացառիկ դիմանկարը, որի հեղինակն է Ռուբեն Արուտչյանը, տեղ է գտել Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի նախասրահում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց միաբանության գերագույն առաջնորդ Բագրատ Լալայանը: Հիշեցնենք,  որ մի շարք գիտակրթական եւ մշակութային հաստատություններ հրաժարվել էին այն ցուցադրել՝ պատճառաբանելով, թե պետականության խորհրդանիշ արքային հանրաճանաչ դարձնելը չի մտնում իրենց «ռազմավարության» մեջ:

«Դիմանկարը գրադարանին ենք տվել ի պահ, եւ չի բացառվում, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտության դեպքում այլ վայրերում էլ կարող է ցուցադրվել: Հպարտ եմ, որ գրադարանի հյուրերը եւ ընթերցողները կարող են տեսնել ժամանակին Եվրոպայի ամենահզոր պետություններից մեկը՝ Կիլիկիան ղեկավարած գործչի նկարը»,-ասաց Բագրատ Լալայանը: Հայ տամպլիերներների առաջնորդից հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ ինչումն է կայանում դիմանկարի բացառիկությունը. «Եթե չեմ սխալվում, սա Լեւոն Մեծագործի առաջին նմանօրինակ դիմանկարն է՝ չհաշված մետաղադրամների վրա պատկերվածը: Կարեւորությունը կայանում է նրանում, որ մեր ժողովուրդը վերջապես կարող է տեսնել մեր պատմության մեծագույն թագավորներից մեկին: Ռեալիզմի ժանրում ստեղծված նկարն արտացոլում է Կիլիկիայի թագավորության հզորությունը, դիտելիս հպարտության զգացում ես ապրում: Ինձ հատկապես նկարի հզորությունն է գրավում»,-նշեց պարոն Լալայանը:

Նա հիշեցրեց, որ Կիլիկիայի թագավորությունը հզոր պետություն է եղել, իսկ դրա հիմնադիր Լեւոն Մեծագործը համարվում է վերջին հազարամյակի մեծագույն պետական գործիչներից մեկը. «Նա իր կյանքը ծառայեցրել է հայ ժողովրդի պետականությունն ամրապնդելուն եւ հայ պետական գործչի լավագույն օրինակն է: Այսօր այդպիսի մեծերին ճանաչելու եւ արժեւորելու պետական մոտեցում չկա: Անգամ դպրոցում Կիլիկիայի թագավորության պատմությունը 1-2 դասաժամում են անցնում: Մեր պատմական գործիչներն անգամ մեր քաղաքում չեն տեսանելի: Այդ պատճառով էլ մեր միաբանությունը դիմել է Հանրային խորհուրդ՝ առաջարկով, որ Հանրապետության հրապարակում տեղադրվի Տիգրան Մեծի արձանը, սակայն հարցի շուրջ դեռ ոչ մի որոշում չկա: Միաժամանակ, քաղաքում տեղադրվում են տարբեր տեսակի «զվարճալի մոնումենտներ», որոնց վրա բավականին գումար է ծախսվում, բայց Հայաստան եկած հյուրերը չեն տեսնում հազարամյա հայկական պետականության որեւէ խորհրդանիշ: Պատկերացրեք, եթե Երեւանում տեղադրվեն Լեւոն Մեծագործի, Տիգրան Մեծի եւ այլ հզոր պետական գործիչների արձանները… մթնոլորտը կփոխվի, մարդկանց մտածելակերպը կփոխվի: Մենք կհասկանանք, որ գտնվում ենք մի քաղաքում, որը ներկայացնում է 5000-ամյա պետականություն»:

Բագրատ Լալայանը վկայակոչեց Մակեդոնիայի օրինակը: Այդ պետության մայրաքաղաք Սկոպյեում կարելի է տեսնել Ֆիլիպ արքայի եւ Ալեքսանդր Մակոդոնացու արձանները. «Հատկանշական է, որ այսօրվա Մակեդոնիան գրեթե առնչություն չունի պատմական Մակեդոնիայի հետ, բայց անում են ամեն ինչ, որպեսզի ժողովրդի եւ զբոսաշրջիկների շրջանում ամրագրվի այսօրվա Մակեդոնիայի եւ Ալեքսանդր Մակեդոնացու միջեւ կապը: Իսկ Երեւանում անգամ Կիլիկիայի հրապարակ չկա, չի նշվում Կիլիկիայի թագավորության հիմնադրման օրը»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Լեւոն Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանությունը 2016թ. եւս դիմելու է Կառավարությանը՝ Կիլիկիայի թագավորության հիմնադրման օրը տոնացույցում ընդգրկելու առաջարկով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Շատ ուրախ ենք այս օգտակար բայց ոչ ցնցող տեղեկութեան համար ,բայց աւելի ուրախ պիտի ըլլայինք որ փոխանակ օգտագործելու ՀԱՅ ՏԱՄՓԼԻԷՆԵՐ շինծու թարգմանութիւնը
    օգտագործէիք անոնց պատմական կոչումը որ ներկայ է մեր կիլիկեան գրականութեան մէջ ՝
    այսինքն ՀԱՅ ՏԱՃԱՐԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐ ։
    Չեմ հասկցած ինչու ձեր օրաթերթը այսքան օտար բառեր կը գործածէ եւ միւս կողմէն կը պաշտպանէ որ ՀՀ-ի պաշտօնական լեզուն ՀԱՅԵՐԷՆՆ Է։ Մարդ ըսածդ պէտք է մի քիչ հետեւողական ըլլայ։ Հարկ չկայ ՖՐԱՆՉԻՍԿՈՍ պապն ալ չարչարել։ Ատենին գրած էի որ մեր գրականութեան մէջ հինէն իվեր ՓՐԱՆԿԻՍԿՈՍ–ՓՐԱՆԿԻՍԿԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ գործածուած է։Անոնք բազմաթիւ առաքեալներ /Missionar/ Խրկած էին Նախիջեւան կամայ-ակամայ վրդովեցնելով Որոտնեցիներն ու Տաթեւացիները։ Նոյն դիտողութիւնը կ՜երթայ նաեւ ՔԱԹՈԼԻԿ բառին համար։ Նման բառ գոյութիւն չունի մեր գրականութեան մէջ ։ Բառին ծագումը նոյնիսկ հայերէն չէ։ Յունարէն Katholikon բառն է որ կը նշանակէ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ որ մեր ծէսին մէջ գործածուած է ԿԱԹՈՂԻԿԷ տարբերակով եւ կը գործածուի ամէն օր Ս,Պատարագի եւ Շարականներուն մէջ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031