Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատության նախարարից պահանջում են մի բան, որի իրավունքը նա չունի»

Դեկտեմբեր 28,2015 14:30

«Արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում կա, բայց այդ արդարադատությունը շատ խնդիրներ ունի, եւ այդ արդարադատության կերտման համար մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է»,- դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ցմահ դատապարտյալների հարազատների նամակում առկա հարցադրումները այն հատվածներով, որոնցով արդարադատության նախարարությունը պատասխանատու է, դրանց անդրադարձ եղել է. «Կարծում եմ՝ մենք կհաջողենք, երբ երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով: Երբ հացադուլավորները կամ նրանց հարազատները արդարադատության նախարարից պահանջում են քրեական գործերի վերաբացման հետ կապված որեւէ միջամտություն, արդարադատության նախարարն այդտեղ որեւէ լիազորություն չունի: Պատժի կրման պայմանների համար է պատասխանատու արդարադատության նախարարությունը. քրեակատարողական հիմնարկները դատապարտյալների պատժի կրումն են ապահովում, դատական վերաբացման ինստիտուտի հետ կապված որեւէ լիազորություն արդարադատության նախարարությունը չունի»:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս դեպքում արդարադատության նախարարից պահանջում են մի բան, որի իրավունքը նա չունի. «Ինչ վերաբերվում է այլ հարցերին, ես այդ այլ հարցերին լավ ծանոթ եմ: Հրաշալի հասկանում եմ այն հարցերը, որոնք նրանք բարձրաձայնում են, եւ որոնք ոլորտում կան. Որեւէ մեկը չի էլ ասել, որ ոլորտում խնդիրներ չկան, արդարադատության նախարարը չի էլ ասում, որ խնդիրներ չկան, բայց այդ խնդիրներից յուրաքանչյուրը պետք է քայլերի հաջորդականությամբ լուծվի: Միայն տեսակցությունների հարցն, իրականում, շատ արագ օրինագծի տեսքով ներկայացվել է, բայց դա դեռեւս հարցի ամբողջական լուծում չէ»:

Նա հավելեց, որ համարում է պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի օրենսդրական կարգավորման մեջ կան բացեր. «Այս հարցի հետ կապված նաեւ անկախ միջգերատեսչական հանձնաժողով է աշխատում, որի նկատմամբ կրկին նախարարը որպես այդպիսին ի պաշտոնե լիազորություններ չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031