2015-ը բարեհաջող տարի է գյուղատնտեսության համար, բոլոր ոլորտներում ունենք աճ:
Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփեց տարին եւ խոսեց հիմնական ձեռքբերումների մասին. «Տարին կարելի է համարել բարեհաջող տարի, որովհետեւ կլիմայական պայմանները նպաստավոր էին, օգնեցին: Ես գնահատում եմ գյուղացիների քրտնաջան աշխատանքը, որովհետեւ եթե չաշխատեն, ինչքան էլ տարին լավը լինի, արդյունք չենք կարողանա ապահովել»:
Հունվար-նոյեմբեր ամսվա արդյունքներով գյուղոլորտում 931.4 մլրդ դամի համախառն արտադրանք է եղել, 11.6 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ:
«Տարիներ շարունակ մեր հողերը չէին օգտագործվում, այս 5 տարիների ընթացքում կարողացանք լրացուցիչ հողեր մշակել: 18 հազար 500 հա մշակել ենք միայն այս տարի»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ ամեն տարի չմշակվող հողերի ծավալները պետք է պակասեցնեն:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ գյուղատնտեսական ոլորտի բոլոր ճյուղերում առաջընթաց ունենք, առաջընթաց կա ինչպես բուծաբուծության, այնպես էլ անասնապահության ոլորտում. «142 համայնքներում ունենք ստեղծված կոոպերատիվներ: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը մենք կապում ենք կոոպերատիվների զարգացման հետ, գյուղացիների միավորման, հողերի միավորման հետ, որը կամավոր սկզբունքներով է լինելու: Ստեղծված կոոպերատիվներն ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Նախարարը նշեց նաեւ խնդիրների ու ձախողումների մասին. «Ունեինք նաեւ խնդիրներ, թերացումներ, որոնք կապված են վերամշակման հետ: Խաղողի մթերման հարցում ունեցանք դժվարություններ, եղան բողոքներ, դժգոհություններ գյուղացիների կողմից: սակայն կառավարութան կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բոլոր մթերող կազմակերպությունները խաղողի ամբողջ արտադրանքը մթերեցին: Ճիշտ է, գների առումով իջեցումներ եղան, բայց կարեւորն այն էր, որ խաղողի բերքը չմնաց դաշտերում»:
Նախարարը նշեց, որ մթերող կազմակերպությունները ռուբլու արժեզրկման հետ կապված արտահանման խնդիրներ ունեցան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ