Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տանը:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության բիս 1 աստիճան:
Լրացուցիչ ժամանել են թիվ 1, 2, 8, 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից, մի քանի մարտական հաշվարկներ, ովքեր սկսել են բնակիչների հետ, կարելի է ասել, մենամարտի դուրս գալ կրակի դեմ: Կրակը շատ ուժեղ էր և հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին նրա դեմ պայքարում:
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի նրանք կարողանային կրակը մարել, սակայն կարճ ժամանակ անց հայտնաբերվում էր կրակի նոր օջախ:
Օպերատիվորեն են աշխատել 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր անջատել էին նշված հատվածի էլեկտրաէներգիան: Օպերատիվորեն են ժամանել նաև «Գազպրոմ»-ի աշխատակիցները: Վերջիններս էլ ժամանակավորապես դադարեցրին գազամատակարարումը նշված հատվածում: Ժամանել էին նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատու բաժինների ներկայացուցիչները:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հայկազ Մամաջանյանին պատկանող թիվ 135/1 տան և Գայանե Գրիգորյանին պատկանող թիվ 135/2 տներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 135/1 տան բնակիչներ՝ 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա և 60-ամյա Սիրանույշ Մամաջանյանները գտնվել են տանը, իսկ 56-ամյա Մայա Մամաջանյանը տեղափոխվել էր Ավանի հոգեբուժական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com-ի կայքում