«Խաղաղություն, խաղաղություն եւ նորից խաղաղություն»,- «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը` անկախ անվտանգության տարբեր համակարգերում Հայաստանի ներգրավվածությունից, կյանքը ցույց տվեց, որ մեր սահմանների պաշտպանության հարցում մեր հույսը մեր բանակն է ու հայ զինվորը. ի՞նչ կմաղթեք զինվորներին, նրանց ծնողներին՝ ասաց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Մեր ոչ միայն հույսը, կրակող աշխարհի դեմ մեր վահանը հայ զինվորն է եղել եւ հայ զինվորն է լինելու: Իբրեւ մայր՝ նախեւառաջ միայն մի ցանկություն կարող եմ ունենալ՝ բոլորը ողջ-առողջ վերադառնան տուն, մնացածը կյանքն ինքը տեղը կբերի: Ուզում եմ մեր բոլոր զինվորներին մեկ առ մեկ գրկել ու մայրաբար շնորհակալ լինել իրենց ծառայության, անհնարը հնարավոր դարձնելու իրենց կարողության ու ամեն-ամեն ինչի համար: Թող 2016-ի Կապիկը կապիկություն չանի ու թողնի բոլորս մարդավարի ապրենք մեր տանը՝ մեր հողի վրա ու մեր երկնքի տակ: Ի վերջո, Հայաստանը այնքան էլ մեծ երկիր չէ, բայց եթե հարթենք մեր սարերը, ստանալու ենք աշխարհի ամենամեծ սահմանամերձ հայրենիքը, որտեղ ուզենք-չուզենք՝ սահմանապահ ենք բոլորս՝ նախագահից նորակոչիկ»,- ասաց նա:
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015