Որոշ դեպքերում մոռանալու մեջ սարսափելի բան չկա
ՄԻ անգամ Բեռնարդ Շոուն Լոնդոնում գնացք էր նստել, բայց տոմսը մոռացել էր տանը: Ճանապարհին հսկիչը հայտնաբերեց, որ գրողն առանց տոմսի է ճանապարհորդում, բայց, ճանաչելով իր նշանավոր հայրենակցին, խոստացավ նրան չտուգանել: Շոուն, այնուամենայնիվ, մտահոգված էր. «Շնորհակալ եմ, իհարկե, բայց իմ խնդիրն այլ է՝ տոմս չունենալով ես չեմ հիշի, թե ո՞ւր էի պատրաստվում գնալ»: Ալեքսանդր Բորոդինը, որը համաշխարհային բարձունքների էր հասել թե՛ երաժշտության եւ թե՛ գիտության (քիմիայի) բնագավառներում, նույնպես հայտնի էր իր ցրվածությամբ: Մի անգամ, երբ կնոջ հետ արտասահման էր մեկնում, նա չկարողացավ պատասխանել սահմանապահի հարցին, թե ի՞նչ է կնոջ անունը: Սահմանապահն արդեն սկսեց կասկածանքով նայել Բորոդինին, երբ սենյակ մտավ կինը: Կոմպոզիտորը վազելով մոտեցավ կնոջը եւ բացականչեց՝ «Կատյա, ի սեր Աստծու, ասա նրան, թե ինչ է քո անունը»:
Գուցե դրանք լեգենդներ են, բայց բավականին ուսանելի՝ այն առումով, որ մարդիկ կենտրոնանում են ինչ-որ մի բնագավառի տեղեկատվություն հիշելու եւ վերարտադրելու վրա եւ չեն կարողանում իրենց ուշադրությունը հավասարապես բաշխել բոլոր երեւույթների վրա՝ ինչ-որ բաներ ժամանակավորապես կամ մշտապես մոռանալով: Ավելին՝ ամեն ինչ հիշելը պաթոլոգիա է, որը կոչվում է «հիպերմնեզիա», երբ մարդը բառացիորեն եւ ամենայն մանրամասնությամբ հիշում է այն, ինչ իր հետ երբեւէ պատահել է:
Նման պաթոլոգիա չունեցող մարդիկ ունեն մոռանալու հատկություն, որը երբեմն խանգարում է, բայց առանց որի ուղեղը կդառնա անիմաստ աղբարկղ: Իհարկե, մոռանալու մեխանիզմն օգնում է մեզ նաեւ մեր առջեւ ազնիվ չլինել, այսպես ասած՝ «խիղճը հանգստացնել» եւ չհիշել կյանքի այն դրվագները, որոնք մեզ լավ չեն բնութագրում կամ, համենայնդեպս, հիշել դրանք ոչ այնպես, ինչպես որ դրանք տեղի են ունեցել: Այդ «մոռացկոտությունն», իհարկե, ողջունելի չէ՝ նման բաներ հիշելն անհրաժեշտ է, այլ հարց է, որ պետք չէ ընկնել ինքնախարազանման ծայրահեղության մեջ:
Հիշողությունն, անշուշտ, կարելի է եւ անհրաժեշտ է զարգացնել: Ոմանք ասում են, որ պետք է մեղրաջուր խմել կամ ինչ-որ հաբեր («հիշողության դեղ») ընդունել՝ ես դրան առանձնապես չեմ հավատում: Ինչպես եւ մարդու ֆիզիկական մկանները, այստեղ էլ կարելի է ինչ-որ դեղ սրսկել, որ դրանք «ուռեն», բայց դա, բացի արտաքին էֆեկտից, ոչ մի արդյունքի չի բերի: Այդպես էլ հիշողությունը՝ դա յուրահատուկ «մկան» է, որը պետք է անընդհատ «մարզել»: Դրա վերաբերյալ կա հսկայածավալ գրականություն: Հետաքրքիր է, որ տեսողական հիշողությունն ավելի լավ է «մարզվում», քան լսողականը՝ այն պարզ պատճառով, որ աչքերից դեպի ուղեղ տանող նյարդերը 20 անգամ ավելի հաստ են, քան այն նյարդերը, որոնք մեր ականջներն են կապում ուղեղի հետ: Ի դեպ, վարժություններից մեկը կոչվում է «Այվազովսկու մեթոդ»՝ հայ գեղանկարչի անունով. փակել աչքերը եւ փորձել մտովի վերարտադրել այն, ինչ տեսել ես: Այվազովսկու դեպքում դա, բնականաբար, ծովն էր՝ իր բազմազան գույներով ու ալիքների ձեւերով: Նկարագրված են տեսողական, լսողական եւ շոշափելու զգայարանների մարզման հազարավոր վարժություններ՝ համացանցում կարելի է դրանք գտնել: Կարեւորն այն է, որ ինչպես եւ ցանկացած այլ «մարզանքի» դեպքում, էականն այստեղ ամենօրյա ջանքն է, ճիգը: Համակերպվենք այն մտքի հետ, որ ինչ-որ բաներ, միեւնույն է, չեն ստացվի, ինչ-որ բաներ կմոռացվեն, բայց անկախ այդ լավ կամ վատ արդյունքներից՝ ուղեղը կլինի «լավ մարզավիճակում»: Ընդ որում, տարիքը կարեւոր չէ՝ ուղեղը կարող է «ժանգոտել» 30 տարեկանում եւ «չժանգոտել» 90-ում:
Ի դեպ, համացանցի մասին: Այսօր այնտեղ կարելի է գտնել ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաեւ, իհարկե, ցանկացած աղբ: Բայց մարդկանց նպատակը ոչ թե հնարավորինս շատ տեղեկատվություն պարունակող, համակարգչին հավասար ուղեղ ունենալն է, այլ այդ ուղեղը ստեղծագործաբար օգտագործելը: Այնպես որ՝ մի տխրեք, եթե ինչ-որ բան եք մոռացել, դա մեծ ողբերգություն չէ:
…Մի քանի օր առաջ ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե ինչի համար էր ինձ վերջին անգամ պետք եկել իմ անձնագիրը: Հետո հիշեցի՝ չէ՞ որ մեզ մոտ վերջերս հանրաքվե էր:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015