Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխարհի որ անկյունում էլ կրակեն, դիպչում է հային»

Դեկտեմբեր 28,2015 16:00

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– ՀԱՊԿ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն անգամ իշխող ՀՀԿ-ի ընդդիմախոսներից շատերի դրվատանքին արժանացավ: Արդեն երկու տարուց ավելի է՝ Ադրբեջանը սահմաններում իրավիճակը լարված է պահում, եւ հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր սուբյեկտներ խոսում են ՀԱՊԿ-ի վերաբերմունքի մասին, մինչդեռ ՀՀԿ-ի ներկայացուցիչները պատասխանատվությունը լղոզելու տարբեր պատճառներ էին բերում: Ինչո՞ւ նախագահը որոշեց հիմա նման կոշտ լեզվով խոսել, ո՞ւմ էր ուղղված նախատինքը: Ի՞նչ դերակատարում ունեն այս ամենում ռուս-թուրքական հարաբերությունները կամ Շվեյցարիայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թե երկրում, թե երկրից դուրս իր բոլոր ելույթներում միշտ եւ առաջին հերթին ազնիվ է, նրա խոսքը միշտ համարժեք է այն իրականությանը, որում ապրում է աշխարհը եւ, իհարկե, մենք: Թե իր նախորդ պետական պաշտոններում, թե իբրեւ նախագահ պաշտոնավարման ընթացքում նա հավատարիմ է կարեւոր մի սկզբունքի՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ ցանկացած քայլ, ելույթ կամ երեւույթ չպիտի անպատասխան մնա: Մեր անվտանգության երաշխիքը մեր ազգային բանակն է, բայց նույնքան անվտանգության երաշխիք է բանակի Գերագույն գլխավոր հրամանատարը, որ չի կարող իր երկրի նկատմամբ քաղաքական, տնտեսական, ռազմական ոտնձգությունները չկանխել ու չհակադարձել: Սահմանային այս իրավիճակում, հիբրիդային պատերազմի պայմաններում ՀՀ նախագահի ելույթը պարզապես չէր կարող արարողակարգային լինել, առավել եւս ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում, կառույց, որի համահիմնադիրն ու գործուն անդամն է Հայաստանը: Իհարկե, ՀԱՊԿ անդամ պետությունները, որ տեղակայված են Եվրոպայում ու Ասիայում, ունեն իրենց շահերն ու նպատակները, բայց եթե նրանք մեկտեղվել են մեկ կառույցում, ուրեմն պարտավոր են հարգել իրենց իսկ որոշումը, իրենց ստորագրության պատիվը, որ պետության պատիվն է: Մենք ոչ միշտ ենք իմանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական քայլերը, որոնք եւ գաղտնի են լինում, եւ հրապարակային, բայց մեր լրահոսում չեն հայտնվում, բայց նույնիսկ այն, ինչ հայտնի է, բավարար հիմք է, որ Սերժ Սարգսյանը հականե-հանվանե իր գործընկերներին առաջադրի հարցեր, որոնց պատասխանների վերաբերյալ նրանք երկար պիտի մտածեն: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունները իրենց ներգործությունն ունեն աշխարհաքաղաքական մակարդակով ու չեն կարող չազդել նաեւ Հայաստանի վրա՝ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, Թուրքիան՝ հարեւանը: Վիլյամ Սարոյանն ասում էր՝ աշխարհի որ անկյունում էլ կրակեն, դիպչում է հային:

Բեռնում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, կարծում եմ, հերթական անգամ արձանագրեց, որ Բաքուն պատրաստ չէ խնդրի լուծմանը եւ իրականության համարժեք ընկալմանը, իսկ օրուգիշեր սահմաններում կրակում է վախից, որ աշխարհաքաղաքական կենտրոններում որոշումներ ընդունելիս հաշվի առնեն ոչ թե դե ֆակտո գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, այլ մտածեն, որ դեռ հնարավոր են կարգավիճակային փոփոխություններ: Դա պատրանք է, որ Բաքուն իր համար դարձրել է պատյան ու մտել մեջը, փակել աչքերը ու բացել բերանը, որ միայն ասի՝ միակ սկզբունքը, որ ես գիտեմ, տարածքային ամբողջականությունն է: Վերջ, ինձ հետ հույսեր մի կապեք, ես ոչինչ ոչ տեսնում եմ, ոչ լսում եմ, ոչ հասկանում եմ:

– Տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս են արձագանքել ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները Սերժ Սարգսյանի կոշտ դիտողություններին:

– Ի՞նչ պիտի ասեին, որ Ադրբեջանին զենք չե՞ն վաճառում, որ միջազգային կառույցներում Հայաստանի շահերի դեմ չե՞ն քվեարկում, որ իրենց, Ադրբեջանի, Թուրքիայի միջեւ կա բո՞ւռն համագործակցություն, որը ոչ միայն ՀԱՊԿ Կանոնադրության շրջանակներում չի տեղավորվում, այլեւ միջազգային ընդունված նորմերի: Կամ էլ պիտի ասեին՝ այլեւս չե՞նք անի, չգիտեինք, որ Հայաստանը դրանից նեղանո՞ւմ է: Բնականաբար՝ ոչ: Բայց հետայսու հաստատ  լսեցին եւ կիմանան, որ Հայաստանն էլ իրեն համարժեք պահվածքի իրավունք է վերապահում:

– Շվեյցարիայում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումն, ինչպես եւ սպասվում էր, արդյունք չտվեց: Ադրբեջանը մնաց իր դիրքորոշմանը` սահմաններում կրկին լարված է, միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակիորեն հստակեցրին իրենց դիրքորոշումը: Միաժամանակ, ամերիկացի համանախագահը հայտարարեց, որ նախագահների հանդիպումը ավարտվել է բաժակաճառով: Հանուն ինչի՞ են բաժակ բարձրացրել Սարգսյանն ու Ալիեւը:

– Իսկ ի՞նչ արդյունք էիք ակնկալում: Ալիեւը Բեռնից հրամայելու էր՝ տղերք, էլ չե՞նք կրակում, գնում ենք տո՞ւն: Մեկ էլ էս կողմերում կերեւանք խաղաղության համաձայնագիր ստորագրելու համա՞ր: Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ Կոնգրեսը այս պահին անում են իրավիճակից բխող ճշգրիտ եւ հրադադարի վերականգնմանն ուղղված անհրաժեշտ քայլեր, պատահական չէ, որ Ադրբեջանն արդեն պատժամիջոցներով սպառնում է… ԱՄՆ-ին ու պահանջում իր ներկայացուցչին ՄԽ-ից հետ կանչել՝ իբրեւ ոչ օբյեկտիվ կողմ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աբսուրդի մեջ են Բաքվում: Երբ մեկ մարդը չունի ադեկվատ պահվածք, վտանգ է ներկայացնում իր նեղ շրջապատի համար, բայց երբ ադեկվատ պահվածք չունի մի ամբողջ պետություն, երկրորդն էլ՝ կողքին, արդեն երկուսով մեծ վտանգ են դառնում տարածաշրջանի համար: Սա է վիճակը՝ թե Ադրբեջանը, թե Թուրքիան կորցրել են տեղի ու ժամանակի զգացողությունը, իրենց իրական հնարավորությունների գնահատականը: Անկարայում ու Բաքվում մոռացել են քաղաքական  հաղորդակցության բոլոր տարբերակները եւ հիշողության մեջ պահել են միայն հրանոթները՝ դա քաղաքական դեպրեսիայի դասական օրինակ է: Իսկ թե ինչի՞ համար եւ ո՞վ է բաժակ բարձրացրել, եթե հանդիպեք՝ հարցրեք Ջեյմս Ուորլիքին, ես Բեռնում չեմ եղել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031