Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան քաղաքական կյանքում. տարվա արդյունքները

Դեկտեմբեր 28,2015 15:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան.- Ի՞նչ տեղի ունեցավ այս տարի մեր քաղաքական կյանքում: Նախ՝ մենք հասկացանք, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, եւ Գագիկ Ծառուկյանը մեր քաղաքական կյանքում տեղ չունի, նա հեռացավ քաղաքական դաշտից: Երկրորդ կարեւոր իրադարձությունն այն էր, որ բոլորս հասկացանք, թե ինչքան մեծ օգուտ բերեց Քիմ Քարդաշյանի այցը մեր երկրին: Նա արեց այն, ինչը մեր ողջ քաղաքական դաշտին չէր հաջողվում անել տեւական ժամանակ՝ լսելի դարձնել մեր երկրի մասին ամբողջ աշխարհում: Դրանից հետո Բաղրամյանի դեպքերը տեղի ունեցան, որոնք սոցիալականից տեղափոխվեցին քաղաքական դաշտ: Իշխանություններն ասացին, որ այդքան հեշտ չէ մոտենալ Բաղրամյան 26-ին, իշխանափոխությունը մտքներիցդ հանեք: Եվ վերջին կարեւոր իրադարձությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: Ինչպե՞ս կգնահատեք այս քաղաքական տարին:

Հովհաննես Սահակյան.– Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հետ կապված ես, որպես ՀՀԿ-ական, դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները, այն մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել եւ ում բանուգործը քաղաքականությունն է:

Հ. Ջ.– Այսինքն՝ իր ցանկությա՞մբ գնաց Գագիկ Ծառուկյանը:

Հ. Ս.– Ես իր խոսքերից դա եմ հասկացել, հանդիպում չեմ ունեցել: Բաղրամյանի դեպքերը բաժանենք երկու մասի: Առաջին մասում երիտասարդները ֆիլտրի դեր էին կատարում: Ինձ շատ են դուր եկել ազգային պաստառները, երգ ու պարը: Մենք տեսել ենք հանրահավաքներ, որոնք բացառապես քաղաքական են՝ ուղղված այս կամ այն դեսպանատանը, որ տեսնեն, հասկանան՝ իրենք գործ են անում: Քիմ Քարդաշյանի հետ կապված փորձենք մոդեռն հայկական մշակույթ սոուսի մեջ հասկանալ: Չեմ ասի, թե ավելի խորությամբ ճանաչեցին Հայաստանը Քիմ Քարդաշյանով, մեր պատմամշակութային արժեքները, քրիստոնեական համայնքը: Մենք մեր այցեքարտերը չենք կարողանում օգտագործել, ու Քիմ Քարդաշյանը հենց գալիս գնում է՝ որպես գեղեցկուհի, աժիոտաժ է առաջանում: Իսկ Սահմանադրական բարեփոխումները թերեւս 2015-ի ամենակարեւոր իրադարձությունն էին: Անկախ նրանից, թե ինչպիսի Սահմանադրություն է եւ ինչ ընտրական գործընթացներում անցավ եւ քվեարկվեց Սահմանադրությունը, թե ոչ, մենք ունենք այսօր մի իրողություն, որ կոչվում է խորհրդարանական կառավարման ձեւ, եւ ունենք 2 տարի ժամանակ, որ անցում կատարենք այդ կառավարման ձեւին:

Արմեն Մարտիրոսյան.– Նախ,՝ ամռանը հեղափոխական նպատակ չկար, որ մի բան էլ կասեցվեր: Գլխավոր նպատակն էր, որ ընդդիմությանը փչացնեին մինչեւ վերջ, ինչը չկարողացան ու չեն էլ կարող անել: Խայտառակ ձեւով սկսեցինք տարին՝ նկատի ունեմ Պերմյակովի կատարած հանցագործությունը: Ես մինչեւ հիմա համոզված չեմ, որ մեկ հոգին այդպիսի ծանր հանցագործություն կարող էր անել: Հաջորդը ընդդիմադիր դաշտում հանդես եկող քաղաքական ուժի վերացումն էր: Անուն կա, ԲՀԿ-ի անդամների մի մասը կան, բայց տրանսֆորմացիան ուղիղ 180 աստիճան է: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները տոտալ ճնշումներ են իրականացնում: Վերջին գործընթացն էլ սահմանադրական փոփոխություններն էին: Սա ուղղակի խայտառակության գագաթնակետն էր: Հասարակության տրամադրությունը, երբ 20 տոկոսը քո կողմն է, 80 տոկոսը քո դեմ է՝ փոխելը այլ խնդիր է, բայց բոլորովին այլ խնդիր է, երբ հասարակության 95 տոկոսը քո դեմ է, ու դու ուզում ես փոխել ամեն ինչ:

Հ. Ջ- ՀՀԿ-ն ասում է, որ ընդդիմության հետեւից գնացող չկա, չեն հավատում ձեզ, դրա համար էլ «ոչ» չքվեարկեցին:

Ա. Մ.– Էլի կարող է չհավատան, չհավանեն, ինչ ասես՝ ասեն, բայց ընդդիմության քայլերը չէ, որ երկիրը կարող է այս իրավիճակին բերել, ընդդիմությունը ՀՀ-ում չունի որեւէ լծակ, իրեն միայն թողել են փողոցը: ՀՀԿ-ականները բոլորն ասում էին, թե սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի հետ կապ չունեն, նա իշխանության մեջ չի մնալու, բայց Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին բոլորի ասածները գցեց ջուրը, բոլորին ստախոս անվանեց, ասաց՝ ոնց, ես մնալու եմ:

Հ. Ջ.- 2015-ը հաջո՞ղ տարի էր «Ժառանգության» համար:

Ա. Մ.- Իհարկե՝, ոչ: Այն պլանները, ինչ ունեինք, չիրականացան:

Հ. Ս.– Ընդդիմությանը ջլատելու հետ կապված ասեմ անկեղծ՝ դրա կարիքը չկա, դուք ինքներդ ձեզ ջլատել եք: Դուք ու Ռուբիկ Հակոբյանը գնացել էիք նախագահական՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումները: Նախագահականում էիք, Զառան այստեղից կապվեց, Րաֆֆին էնտեղ մի հատ ժողով կազմակերպեց, քիչ էր մնում կուսակցությունից հեռացնեին ձեզ, էդ է՞լ ենք մենք մեղավոր:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031