Հանրապետության ամենաթշվառ ու սոցիալապես ծանր քաղաքում՝ Գյումրիում, 2015 թվականը սկսվեց Ավետիսյանների անմեղ ընտանիքի սպանդով: Չնայած չարաբաստիկ տարին մոտենում է ավարտին, այդուհանդերձ՝ կարծես կատարվածը երեկ էր. գյումրեցիները ոչ մի վայրկյան չեն կարողանում մոռանալ առեղծվածային այս սպանությունը, հատկապես, երբ չունեն «ինչո՞ւ» հարցի պատասխանը: Պատահական չէ, որ ցանկացած գյումրեցի ամանորյա բարեմաղթանքից առաջ Ավետիսյանների գնդակահարությունն է հիշում՝ ցանկանալով, որ նման դաժանության որեւէ այլ երկրի ու քաղաքի բնակիչ ականատես չլինի:
«Առավոտ»-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանն ասաց. «2015 թվականը շատ դժվար սկսվեց մեր քաղաքի համար, ու 2015 թվականի դառը պատմությունների հետքերը չվերացան նաեւ ամբողջ տարվա ընթացքում, ինչպես սկսեցինք տարին, այդ ծանրությունը ամբողջ տարվա ընթացքում թեւածեց մեր քաղաքում: Կուզենայի, որ 2016 թվականին լիներ միմիայն խաղաղություն, 2016 թվականը բոլորիս համար լիներ երջանկության ու սիրո տարի: Ամենակարեւորը՝ կուզենայի, որ լիներ ստեղծագործական բուռն տարի»: Մշակութային գործիչը նշեց, որ 2016 թվականին հետաքրքիր նախագծեր ունեն, որոնք իրականացնելու են ինչպես Գյումրիում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում: «2016 թվականը բուռն ստեղծագործական տարի է լինելու, լինելու է մե՛ր տարին: Գյումրեցի մի քանի երիտասարդների կողմից շատ հետաքրքիր նախագիծ ենք նախապատրաստում, որի չակերտները չենք բացում: Այն նույնպես կրում է բարեգործական բնույթ, միայն կարող եմ ասել նախագծի վերնագիրը, որը կկոչվի «Մեր գյուղը»: Այն կլինի շատ վարակիչ, շատ օրինակելի, եւս մեկ անգամ մենք կարողանալու ենք ամբողջ հանրապետությունում ու մեր երկրի սահմաններից դուրս ապացուցել, որ ամենաթասիբով քաղաքը մեր քաղաքն է, մեր Գյումրին է»,- ասաց Տիգրան Վիրաբյանը: Մեր դիտարկմանը, թե ամենաթասիբով քաղաքում շատ երեխաներ դեռ սոված են քնում, մեր զրուցակիցն ասաց. «Աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ ամենազարգացած, ամենաառաջադեմ երկրներում, ֆինանսապես ամենաապահովված երկրներում, ցավոք սրտի, դեռ սոված երեխաներ կան, ու այդ խնդիրը ճիշտ է՝ մեր երկրում ավելի շատ է, բայց ես առավելապես վստահ եմ, որ եթե մենք ուզենք, կկարողանանք այդ խնդիրն էլ լուծել, ուղղակի շատ ուզել է պետք»:
Գյումրիի «Ջազ ակումբ»-ի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանին եւս մտահոգում է այն, որ 2015 թվականն անցնում է, սակայն գյումրեցի շատ ու շատ երեխաներ այդպես էլ մանկություն չեն տեսնում: Մկրտիչ Մանուկյանը Ձմեռ պապին հասցեագրված նամակում գրում է. «Բարեւ սիրելի Ձմեռ պապիկ, այս հեռացող տարին բավականին հագեցած էր մեր քաղաքի մշակութային եւ, մասնավորապես, ջազային կյանքում: Մեր բազմակի ջանքերի շնորհիվ 2015 թվականին Գյումրին դարձավ Հայաստանի ջազային ամենավառ օջախը: Ամանորյա տոների մոտենալուն պես՝ քաղաքը լցվում է եռուզեռով: Վերջին ժամանակահատվածում մեր քաղաքում նկատվում են ամանորյա եւ տոնական տրամադրության փոքրիկ նշույլներ, սակայն տխուր ու թախծոտ են մեր քաղաքի մարդկանց աչքերը: Երեխաները, որոնք մեծանում են տնակներում, անմարդկային պայմաններում, զրկված լինելով մանկությունից ու մանկության ամենաջերմ եւ ամենաանհոգ տարիների բերկրանքը վայելելուց, փորձում են ինչ-որ բանով օգնել իրենց ծնողներին, հաղթահարել ձմռան դաժան, ցրտաշունչ եւ անողոք ամիսները: Սիրելի Ձմեռ պապիկ, թող որ մյուս տարի նմանօրինակ ընտանիքները Նոր տարին դիմավորեն տաք եւ հարմարավետ բնակարաններում: Այնպես արա, որ գալիք 2016 թվականին մեր քաղաքը իրավամբ դառնա Հայաստանի Հանրապետության մշակութային մայրաքաղաքը: Խոհեմություն եւ երաժշտական ճաշակ պարգեւիր մեր քաղաքի ցածրաստիճան եւ բարձրաստիճան պաշտոնակատարներին, որպեսզի այս անցնող տարում տեղի ունեցած՝ «համերգային» հորջորջված զավեշտալի խեղկատակությունները չկրկնվեն գալիք 2016 թվականին եւ ընդհանրապես: Նվիրիր մեր քաղաքին բանիմաց, լրջմիտ եւ սրտացավ մարդկանց (չինովնիկների), որոնք հասկանում են իրենց գործից ու կատարում են իրենց աշխատանքը բարեխղճորեն: Իսկ մեզ համակիր համբերությամբ:
Ինչպես գիտենք, բոլորս եւ նաեւ Դուք, սիրելի Ձմեռ պապիկ, գալիք տարում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է Գյումրին: Թող որ 2016 թվականից Գյումրիում երիտասարդական վերածնունդ լինի: Պարգեւիր մեր երիտասարդներին սեր, ուրախություն, շատ ժպիտներ եւ ազատասիրություն: Այնպես արա, որ գալիք տարում խաղաղություն եւ անդորր լինի ՀՀ սահմաններում: Մեր սահմանները անսասան պահող անվեհեր եղբայրներին, քաջարի հայ զինվորներին շնորհիր անսահման ուժ եւ տոկունություն»:
Կարդացեք նաև
Գյումրու գործարար քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ փորձում է իր ցանկությունները իրականություն դարձնել. նա 2016 թվականին 1000 աշխատատեղեր է խոստանում քաղաքին՝ հայտարարելով, որ ամենաշահագրգիռ անձն այս հարցում հենց ինքն է: Քաղաքապետը նշում է, որ կարի արտադրություն ունեցող «Գեւորգ Վահան» ՍՊԸ-ն 200 նոր աշխատատեղեր է ստեղծելու Գյումրիում, այս նույն ոլորտում 400 աշխատատեղ էլ ստեղծելու է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը, որին կառավարության որոշմամբ հատկացվել է Գյումրու մարզային հիվանդանոցի շենքը: Երրորդ ծրագիրը, որը Գյումրու քաղաքապետն է առաջարկել, հոլանդական կազմակերպության հետ կարտոֆիլի վերամշակման գործարան բացելն է: Սա հնարավորություն կտա 200 աշխատատեղ ստեղծել, արտադրանքն էլ կիրացվի Ռուսաստանում: Քաղաքապետի հաջորդ ծրագիրը կապված է ածիկի արտադրության հետ, մոտ 25 հազար տոննա գարի են արտադրելու, իսկ սա լուրջ աշխատատեղեր է ենթադրում: Ըստ Սամվել Բալասանյանի՝ նաեւ 30-40 տեղանոց մի քանի հյուրանոցներ են բացելու, որոնք ֆինանսավորելու են Վարդան Սրմաքեշի ծրագրով: Նա ասում է, որ չինացիները եւս ուզում են ներդրումներ կատարել Գյումրիում: Այնպես որ, ըստ քաղաքապետի, Գյումրիում լուրջ փոփոխություններ են լինելու:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015