ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի ավագ քննիչ
Հ. Մանուկյանն իրականացնում էր Արթուր Զաքարյանի քրեական գործի նախաքննությունը:
Ա. Զաքարյանի պաշտպանն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Ըստ նրա էլ, իր պաշտպանյալին փորձել էին մեղադրել այս տարվա փետրվարին Շենգավիթ համայնքի Մայիսի 9-ի փողոցում մի կնոջից՝ Լ.Վարդանյանի ձեռքից նրա դրամապանակը հափշտակելու համար:
Դրամապանակում եղել էր 300 դոլար, 23 000 դրամ: Հնարավոր կասկածյալը դիմել էր փախուստի:
Կարդացեք նաև
Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում էլ առերեսում էր կատարվել տուժողի եւ կասկածյալի միջեւ: Տուժողը ճանաչել է Արթուրին: Նույն օրն էլ ձերբակալվել էր Զաքարյանը, իսկ նրա տանն էլ խուզարկության ժամանակ դրամապանակը չէր հայտնաբերվել: Ձերբակալմանը հաջորդել էր կալանքը: Քննիչը որոշում էր կայացրել առգրավել Մայիսի 9-ի փողոցի, հարակից հասցեների տեսանկարահանող սարքերը:
Ըստ քննիչի՝ «Սկավառակի վրա զննությամբ պարզվել է, որ մի երիտասարդ վազքով հեռանում է, սակայն նշված անձի պատկերը հստակ չի երեւում»:
Տեխնիկական զննության արդյունքում պարզվում է, որ պատկերը նույնականացման համար պիտանի չէ, եւ առհասարակ, հնարավոր չի ստանալ մարդկանց, մեքենայի հստակ տեսապատկերները:
Նախաքննության շրջանակներում հարցաքննվել էին վկաներ: Վկաներից մեկն ասել էր, թե Արթուրին սպասել է նշյալ փողոցի վրա, քանի որ նա թռչնի կեր էր տանելու մի տարեց մարդու: Մինչ փողոցում կսպասեր ընկերոջը, իրեն է մոտեցել Արթուրի քրոջ ամուսինը, որը ձեռքին ուներ հայտարարություն՝ տունը վաճառելու մասին: Նրանք սոսնձել են այդ հայտարարությունները, փակցրել էին Չեխովի փողոցի բնակելիների պատերին, Շենգավիթի մետրոյում, հետո նստել էին տաքսի, վերադարձել տուն:
Հետաքրքիր զարգացում է ունեցել այս գործի նախաքննությունը:
Տուժող Լիաննան դեպքից 24 օր հետո դիտելով ոստիկանության պաշտոնական «02» հաղորդումը, տեսել է մի տղայի՝ Սուրեն Կիրակոսյանին, որին տարել էին Կենտրոնականի բաժին:
Ըստ տուժողի՝ նա էր կողոպուտ կատարած երիտասարդը:
Երբ ներկայացրել են ճանաչման, Կիրակոսյանն ասել է, թե կապ չունի կասկածելի գողության հետ:
Սուրենն էլ, ըստ վկաներից մեկի՝ Սուսաննա Ղազարյանի, եղել է նրա քրոջ որդին: Տիկինը հայտնել էր, թե Սուրենը ենթադրյալ կողոպուտի օրը, դրանից հետո էլ իր բնակարանում կատարել է վերանորոգման աշխատանքներ:
Նշված աշխատանքները կատարելու համար Սուրենը տնից դուրս չի եկել՝ անգամ սիգարետ գնելու համար, եւ որ ինքն է գնումները կատարել: Վերանորոգվող բնակարանի տիրոջ հարեւանուհին էլ հաստատել էր, թե Ս. Ղազարյանի տնից լսել է վերանորոգման աշխատանքների ձայներ, նկատել է, որ Սուսաննայի տուն մի երիտասարդ է գնում-գալիս, որին չի ճանաչել:
Ճանաչման ժամանակ Լիաննան պնդել է, որ Սուրենն է իր դրամապանակը գողացել:
Արթուր Զաքարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Հետագայում դադարեցվել էր քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Քննիչի գնահատմամբ՝ անհրաժեշտ դատավարական գործողությունները կատարվելուց հետո էլ ձեռք չեն բերվել հանցանքը Արթուրի կողմից կատարված լինելու վերաբերյալ նոր ապացույցներ, սպառվել են ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
Ստեփան Ոսկանյանն «Առավոտին» ասաց, թե դիմել է դատարան՝ կալանքի ժամանակահատվածում իրենց հասցված վնասի հատուցման պահանջով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015