2015 թվականն էլ անցավ պատմության գիրկը: Չափազանց բարդ տարի էր աշխարհի բոլոր ժողովուրդների համար՝ «Իսլամական պետություն» կոչվող չարիքի իմաստով: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիք: «Բարիքն» այն էր, որ աշխարհի նորմալ ժողովուրդներն ու նորմալ մարդիկ հստակորեն գիտակցեցին ու հասկացան, որ իրենց շահերը հիմնականում նույնն են, եւ եթե իրենց թշնամին ու հակառակորդն էլ է նույնը, կնշանակի՝ իրենք ոչ միայն թշնամի ու հակառակորդ չեն կարող լինել, այլեւ արդեն պարտավոր են եղբայր ու բարեկամ լինել: Թե ինչքանով կհաջողացնեն եղբայր ու բարեկամ լինել՝ ժամանակն ու գալիք տարին ցույց կտան:
Իսկ մենք գանք Հայաստան ու հիշենք, թե ինչով էր առանձնահատուկ 2015-ը Հայաստանի համար:
Առաջին հերթին, իհարկե, Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով: Պետք է նշել, որ մենք Ցեղասպանության տարելիցը նշեցինք միանգամայն արժանապատվորեն՝ առանց ավելորդ նվնվոցների ու լալկանության: Տարելիցին նվիրված մշակութային ծրագրերն էլ էին հիմնականում ճաշակով ու մակարդակով, եւ Թանգյանի համերգն էլ էր բացառիկ, եւ Քարդաշյանի մասնակցությանն էլ հաջողացրինք առանձնահատուկ իմաստ ու նշանակություն հաղորդել:
Հայերիս համար բացառիկ նշանակության իրադարձություն էր նաեւ Հռոմի Պապի համաշխարհային մասշտաբի բացահայտումը Գրիգոր Նարեկացու առնչությամբ: Հռոմի Պապի շնորհիվ վերջապես աշխարհը գիտակցեց ու հասկացավ, որ Տիեզերական սուրբ հռչակված Նարեկացին ոչ միայն հայերի, այլեւ համայն աշխարհի ունեցվածքն ու հարստությունն է:
Կարդացեք նաև
Եթե ասենք, որ 2015 թվականը Հայաստանի ու հայերիս համար բացառապես հաջողությունների տարի էր, չափազանցություն կլինի: Եթե նկատի ունենանք, որ մեր ժողովրդի զգալի մասի համար կարեւորագույն խնդիրը շարունակում է հանդիսանալ սոցիալականը, պետք է նշենք, որ այս իմաստով 2015-ը մեր ժողովրդին որեւէ դրական ու հուսադրող բան չտվեց: Ավելին. մեր ժողովրդի հիմնական ու զգալի մասի սոցիալական վիճակն ավելի վատթարացավ՝ կապված գների համատարած ու շարունակական բարձրացումների հետ:
Այսուհանդերձ, մեր ժողովուրդը նույնիսկ ամենավատթար ու ամենադժվարին ժամանակներում իր հույսը չի կորցնում եւ հատկապես նոր տարվա շեմին է նորանոր հույսերով տոգորվում:
2015 թվականի վերջին տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն, եւ, փաստորեն, 2016 թվական մուտք ենք գործում միանգամայն նոր Սահմանադրությամբ:
Երեք նախագահ ենք ունեցել, եւ նրանցից յուրաքանչյուրը, փաստորեն, իր սահմանադրությունն է բերել: Նախորդ երկու սահմանադրություններն առանձնապես չեն փոխել ժողովրդի կյանքը, եւ կարծում ենք՝ այս երրորդն էլ առանձնապես չի փոխի, չնայած ընդդիմությունը պնդում է, որ այս երրորդ սահմանադրությունը մի շարք վտանգներով է հղի: Ընդդիմությունը նաեւ պնդում է, որ հանրաքվեն անցել է համատարած կեղծիքներով: Բայց մենք վկա ենք, որ ընդդիմությունը, մի քանի երթերից բացի, գրեթե ոչինչ չարեց, որպեսզի կեղծիքները բացառվեն կամ գոնե նվազագույնի հասցվեն: Մենք նաեւ վկա ենք, որ անկախության այս քառորդ դարի ընթացքում ընդդիմությունն այսքան թույլ ու այսքան անմիաբան չէր եղել՝ որքան 2015-ին:
Բայց ժողովրդից օրինակ վերցնելով՝ բոլորս պարտավոր ենք հույսերով ու լավատեսությամբ տոգորվել, մանավանդ որ՝ բոլորս էլ նոր տարուց որոշակի ակնկալիքներ ունենք: Չենք էլ կարող չունենալ, որովհետեւ այլ ելք չունենք:
Եվ քանի որ այլ ելք չունենք, միմյանց սրտանց շնորհավորենք եւ ամենայն բարիք ցանկանանք:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015