Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանը հրավիրել էին «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգի»: Ֆիլhարմոնիկի համերգն առանձնացնում ենք այն պատճառով, քանի որ վերջ դրեց այն «ավանդույթին», երբ դասական երաժշտության սիրահարներն անհամբեր սպասում էին հունվարի 1-ին Վիեննայից հեռարձակվող Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնին նվիրված՝ տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի շքեղ համերգին: Իմիջիայլոց, հայաստանյան իրականությունում առաջին անգամ Լորիս Ճգնավորյանը սկիզբ դրեց ամանորյա եւ սուրբծննդյան երեկոներին՝ հնչեցնելով համաշխարհային սիմֆոնիկ եւ օպերային գրականությունից ընտիր՝ հանրամատչելի ստեղծագործություններ:
Հենց ինքն էլ Ձմեռ պապի կերպարով ղեկավարում էր համերգները: Հետագայում ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը 2000-ականների սկզբից շարունակեց այդ ավանդույթը: Նրա ղեկավարությամբ եւս Ամանորի շեմին հրամցվում էր դարձյալ դասական հանրամատչելի երաժշտություն, օրինակ՝ մեկ անգամ նույնիսկ նվագախմբի եւ էկրանային անիմացիայի համադրմամբ ունկնդրեցինք այս օրերին ողջ Արեւմուտքը ողողած Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունը:
«Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգի» ծրագիրն էլ էր հատընտիր՝ հատվածներ Բերնսթայնի «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից մինչեւ Ռոսինիի հայտնի «Կատուների զուգերգը», Շտրաուսի «Չղջիկը» օպերայի նախերգանքը … Վերջում հնչեց ABBA-ի երգացանկից «Happy New year»-ը՝ բոլոր ժամանակների հիթը, համերգի բոլոր մասնակիցների մեկնաբանմամբ, որոնց միացավ նաեւ հանդիսատեսը: Բեմում էին ճանաչված երգիչներ Իրինա Զաքյանը, Նարինե Անանիկյանը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախումբը, ողջ երեկո դիրիժորական վահանակի մոտ էին Էդուարդ Թոփչյանը եւ Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա): Համերգի սցենարը եւ ռեժիսուրան Արամ Սուքիասյանինն էր: Անկասկած, տեղին էր ճանաչված ու սիրված դերասան, որը բացառապես հայտնի է իր հումորային կատարումներով, Մկրտիչ Արզումանյանի ընտրությունը: Նա նաեւ «հանդգնեց» սոպրանո Իրինա Զաքյանի հետ ներկայացնել «Մարիայի եւ Թոնիի դուետը» «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից: Վերոհիշյալ երգիչների կատարումներին չենք անդրադառնում մեկ պատճառով՝ նրանք հայտնի դեմքեր են ոչ միայն մեզանում, այլ նաեւ ցանկալի հյուր՝ արտասահմանյան բեմերում:
Երեկոն, որ վերնագրված էր «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգ», շնորհիվ ընտրված երաժշտական նյութի եւ Մկրտիչ Արզումանյանի հումորային կատարումների, առաջին րոպեից մինչեւ երեկոյի ավարտը հանդիսատեսին դրական հույզեր պարգեւեց:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015