Մրցաշրջան 2015-ը Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի համար բավականին հագեցած է եղել ամենատարբեր մարզական միջոցառումներով:
Այս մասին երեկ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացված մարզաձեւի ընդհանուր ժողովում ասաց մարզական հասարակական այս կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրված Հայրապետ Հայրապետյանը:
Ընդհանուր ժողովի աշխատանքների ավարտից հետո «Առավոտը» զրուցեց Հայրապետ Հայրապետյանի հետ:
– Ձիասպորտը չափազանց թանկ մարզաձեւ է, որում խոշոր ներդրումներ են պահանջվում: Ձեր ղեկավարած ֆեդերացիան պետական աջակցություն չի ստանում: Ձեր եւ անձնական մյուս ներդրումներն իրենց արդարացնո՞ւմ են:
– Սպորտի պետական կառույցը պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցության գումար տրամադրել մեր ֆեդերացիային: Սակայն մենք ենք հրաժարվում: Ավելի լավ է՝ այդ գումարները տրամադրվեն դրա կարիքն ավելի ունեցող ֆեդերացիաներին: Իսկ եթե նկատի ունեք շահույթ ստանալը, նման բան չկա: Ձիասպորտը մարդու եւ բնության ներդաշնակություն է, որը ոչ մի գումարով չի չափվում: Մեր ֆեդերացիայի անդամներին ու համակիրներին միավորում է այդ ներդաշնակությունը:
– Անցնող տարում ֆեդերացիայի կատարած աշխատանքներից հատկապես որո՞նք կառանձնացնեիք:
– Առաջինը, թերեւս, այն, որ մենք կարեւորում ենք մարզաձեւը հատկապես պատանիների շրջանում տարածելը: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում գործում է մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ փորձառու մարզիչներն ու մասնագետները պատանիներին մարզաձեւի նրբություններից բացի սովորեցնում են նաեւ վարվեցակարգ, լեզուներ, որպեսզի մեր մարզիկները օտար երկրներում ներկայանան հավուր պատշաճի: Չմոռանանք, որ ձիասպորտի միջազգային համաժողովներում ամբողջ աշխարհից հավաքվում են ազնվականներ:
Ձիասպորտը մանուկներին եւ պատանիներին սովորեցնում է բնությունը սիրել, նրա հետ ապրել ներդաշնակ, ճիշտ շփվել կենդանիների հետ: Դա ձիասպորտի հիմքն է: Հակառակ դեպքում նժույգը քեզ չի հասկանա եւ կարող է ամենավճռական պահին չենթարկվել քեզ ու դու մի քանի ակնթարթում տանուլ կտաս ամեն ինչ:
Մենք շարունակեցինք աշխատել միջազգային ֆեդերացիայի հետ, սկզբունքային մասնակցություն ունեցանք մի քանի օնլայն քվեարկությունների, այդ թվում նաեւ՝ մեր 3-րդ ընտրական գոտու ներկայացուցչի՝ Ղազախստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Բույկեւիչի ընտրությանը միջազգային ֆեդերացիայի գործկոմի կազմում, որը այդ մրցապայքարում հաղթեց Ադրբեջանի իր մրցակցին: Այնուհետեւ, առաջին անգամ մեր մարզիչ Նորայր Ստեփանյանը Թբիլիսիում մասնակցեց մարզչական որակավորման բարձրացման միջազգային հատուկ սեմինարի: Մինչեւ հունվարի կեսերը պարոն Ստեփանյանը կունենա միջազգային 2-րդ կարգ, ինչը նրան ցանկացած երկրում աշխատելու իրավունք կտա: Մենք կարեւոր մի քայլ էլ կատարեցինք: Ստեղծեցինք ձիերի անձնագիր՝ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան, որում նշվում են կենդանու բոլոր տվյալները, սկսած ծագումից, ցեղախմբից, տարիքից, չափերից, վերջացրած ստացած վակցինացիաներով: Դա կարեւոր է սահմաններ անցնելու համար:
– Մի քիչ էլ՝ 2016 թվականի ծրագրերի մասին:
– Շարունակել ձիասպորտի տարածումն ու զարգացումը: Նախագահության անդամների առաջարկությամբ որոշվեց եկող տարվա ընթացքում ավելի ընդլայնել մարզաձեւի աշխարհագրությունը՝ ուղղություն վերցնելով դեպի մարզեր: Կարեւոր ու հետաքրքիր նախաձեռնություն է եւ այդ ուղղությամբ աշխատելու դաշտ կա: Ֆեդերացիայի նախագահության անդամները կշրջեն հանրապետության մարզերում, ուսումնասիրություններ կկատարեն, մեկ անգամ եւս կհաշվեն նժույգները, չափագրումներ կկատարեն: Եվ երբ բոլոր տվյալները ի մի կբերվեն, արդեն ավելի առարկայական քննարկումներ կանենք ու կորոշենք անելիքները: Արդեն կոնկրետ առաջարկ արվել է: Կա մի մրցաձեւ, որում նժույգները տարբեր մրցատարածություններ են անցնում՝ հաղթահարելով ռելյեֆներ, անտառներ եւ այլն: Այստեղ հնարավոր է, որ գյուղերի խառնածին ձիերը մրցակցեն զտարյուն ձիերի հետ, ինչու չէ, նաեւ հաղթեն: Այդ մրցումները, որոնցում կներգրավենք նաեւ Արցախը, հնարավոր է վերածել շոուի՝ մրցանակային հիմնադրամով: Եթե դա կարողանանք անել, վստահ եմ, որ ձիասպորտը մեր երկրի ամբողջ տարածքում մասսայականություն կվայելի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015