Ամանոր` Նոր տարի, Նավասարդ, տոն, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա եւ հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռեւս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում:
Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին` ընտրության, դռների եւ բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծո անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը` ետ:
Հայաստանում եւս Նոր տարին նշվում է հունվարի 1-ին: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր օրերի են նշում Ամանորը եւ ունեն տարբեր սովորույթներ: Օրինակ՝ Իտալիայում Ամանորին ազատվում են հին իրերից, որպեսզի նոր տարուն մոռացության տան անցած տարվա անհաջողությունները եւ ամեն ինչ սկսեն նորից։
Ֆրանսիայում Ձմեռ պապը, կամ ինչպես իրենք են անվանում՝ Պեր Նոյելը, Նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին եւ նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։
Կարդացեք նաև
Շվեդիայում Ամանորից առաջ երեխաներն ընտրում են լույսի թագուհուն` Լյուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում եւ գլխին վառվող մոմերով թագ է դնում։ Լյուցիան նվերներ է բերում երեխաներին։
Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը` Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա եւ երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում։
Պապա Պասկուալը (կոլումբիական Ձմեռ պապը) հրավառություններ է կազմակերպում։
Կուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում եւ կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Այսպես նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Ժամացույցի 12 զանգերի հետ պետք է ուտել 12 խաղողահատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունն ու խաղաղությունն ամբողջ նոր տարուն ուղեկցեն մարդուն։
Իսպանիայում կեսգիշերին ընդունված է ուտել 12 խաղողահատիկ։
Հյուսիսային Ամերիկայում 1976 թվականից սկսած՝ հատուկ ավանդույթ կա։ Այդ օրը բոլորը հրաժարվում են ալկոհոլից:
Մեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությամբ։ Գիշերը երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ։
Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում։ Դրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ չարիքի։ Չարիքներն ընդամենը վեցն են` ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթեւամտությունը, անվճռականությունն ու նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ։ Դրանց գումարն էլ հենց հավասար է 108-ի։
Թուրքիայում շատ ընտանիքներ դիմավորում են Նոր տարին ըստ քրիստոնեական (գրիգորյան) օրացույցի եւ ուրախանում են Սանտա Կլաուսի (Նոյել Բաբայի) հետ։ Սակայն մուսուլմանական հոգեւորականությունը քննադատորեն է մոտենում այդպիսի տոնակատարություններին։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015