/պատմվածք/
Երկրորդ թակոցի վրա Հայկը բացեց դուռը:
– Կներեք, ուշ ժամի անհանգստացնում եմ,- հարթակին կանգնածը կլիներ քսան տարեկան` ոչ ավելի: Ձեռքին թափանցիկ տոպրակ էր, մեջը` շշով ձեթ: -Ձեր հարևանուհին եմ:
– Ողջույն,-հիացքը մի կերպ թաքցրած` չհնչած բարևին արձագանքեց տղան, հետո սթափվելով` լռեց: – Համեցեք:
Կարդացեք նաև
– Ոչ, ոչ,- ընդդիմացավ օրիորդը:
– Բա՞ն է պատահել:
– Տատիկս դուռը չի բացում:
– Ջղայնացրե՞լ եք:
– Նոր տարուց առաջ ո՞վ է ում նեղացնում:
– Ձերը ո՞րն է,- հասկանալով, որ դիմացինը տուն մտնելու հրավերքը մերժում է, Հայկը ելավ հարթակ:
– Սա,- ձեռքը մեկնելով զանգի սեղմակին` աղջիկը երկար բաց չէր թողնում: -Չեմ հասկանում:
– Բանալի չեք վերցրել,- խելամիտ լուծումի համար տղան անհարկի հարցերով ժամանակ էր շահում:
– Իջա խանութ բան առնելու, ո՞ւմ մտքով կանցներ:
– Հնարավոր է` քնած լինի,- Հայկն ուժգին բախեց:
– Իմ դուրս գալու պահին հաղորդում էր նայում:
– Գուցե բա՞րձր է միացրել. շա՞տ է տարիքով:
– Յոթանասուն, բայց լսողությունը տեղն է:
– Կներեք, նոր մարդ եմ, դեռ ոչ մեկին չեմ ճանաչում,- արդարացավ:
– Գիտեր, որ տակի մթերայինն եմ մտնում: Գնալ-գալը որքա՞ն կտևի, հի՞նգ, թող լինի տասը րոպե:
– Կարող է մերը բացի՞,- նա միջանցքում կախած վերարկուի գրպանում գտավ բանալին:
– Միայն վերևինն է փակ:
– Տեսնենք կմտնի՞,- տղան փորձեց բանալին:- Չի լինում:
– Անգլիական կողպեք է` ինքն իրեն փակվող: Եթե դանակ լիներ…
– Ավելի բարակ, նուրբ բան է պետք: Պատշգամբում մանրատամ սղոց եմ տեսել: Եկեք ներս, գտնեմ:
– Կսպասեմ, ոչինչ:
– Ցուրտ է, ինչո՞ւ մնաք դրսում:
Օրիորդը երկմտանքի մեջ էր:
– Առանց վարանելու. հարևաններ չե՞նք,- նա տեղ տվեց, որպեսզի աղջիկն անցնի:- Քննությունների եմ պատրաստվում,- կարդալով հյուրի հայացքը` ամանորից առաջ հայի օջախին ոչ բնորոշ խաղաղության, սեղանին կիտած գրքերի, տետրերի համար որպես բացատրություն, ասաց,- հունվարի երեքին առաջինն է:
– Իմն ութին է:
– Մի աշխարհ ժամանակ ունեք: Որտե՞ղ եք սովորում,- ընթացքում Հայկը խառնշտում էր պատշգամբի դարակները:
– Աշխարհագրականում:
– Գտա,- տղան վերադարձավ` ձեռքին սղոցի մի կես:- Կոտրված է, սակայն կարևորը` տեղ անի:
Վերադարձան հարթակ:
– Իզուր էլ ման էի գալիս. շրջանակը չի թողնում: Երկաթից չլիներ, կտաշեինք, լեզվակի հատվածը կարելի էր սղոցել: Ուրիշ բան մտածենք: Կրակին ճաշ չե՞ք թողել, հրդեհի, վառվելու վտանգ չկա՞:
– Չէ: Տատի, տատի…- աղջիկը սրտմտած` մատը դարձյալ հպեց կոճակին,- ի՞նչ եղար:
– Ճնշումից, սրտից չէ՞ր բողոքում:
– Վատ բա՞ն մտածեցիք: Ժիր է, թողնես` մի րոպե չի նստի:
– Ձեթի համա՞ր էիք խանութ իջել,- Հայկը թեման փոխեց:- Տվեք մի տեղ դնեմ, մինչև բացենք,- և տոպրակը հենեց զարդահայելուն:
– Ուզում էի ավելուկի վրա լցնել, տեսա` պրծել է: -Ժամը քանի՞սն է,- աղջիկը փոքր-ինչ խուճապի մեջ էր:- Իմ պատճառով դուռը բաց եք պահել, կցրտի, գոնե ծածկեք:
– Որ ասեմ` ժամացույց չունե՞մ: Այսինքն` ունեմ, բայց չի աշխատում: Արհեստանոց պիտի տարվի, մոռանում եմ: Ինձ թվում է` տասը:
– Տասնմեկն էր, երբ դուրս եկա. Նոր տարուն մի ժամ էր մնացել:- Հեռուստացույցը կմիացնե՞ք:
– Դեկոր է,- նեղվեց Հայկը,- հետս տնից տուն եմ տեղափոխում: Դեմի հարևանին հարցնենք:
– Ռուսաստանում են` արդեն քանի՜ տարի…
– Զանգե՞նք արտակարգ իրավիճակների ծառայություն:
– Նման տե՞ղ էլ կա: Կկարողանա՞ն:
– Հեչ որ չէ` պարանով կկախվեն:
– Երկու հա՞րկ:
– Եթե շատ է բարձր, հեշտը պիտի վերևից իջնելը լինի:
– Համարը գիտե՞ք:
– Կգտնենք:
Ծանոթներին հեռաձայնելը ժամանակ խլեց: Մի քանիսը հետաքրքրվեցին` հո բան չի՞ եղել: Տեսնելով` աղջիկը քողարկում է ճշմարտությունը, Հայկը ևս խուսափողական պատասխաններ էր տալիս: Ի վերջո ոստիկանության հերթապահ աշխատակցուհին խորհուրդ տվեց դիմել հրշեջներին, վերջիններս իրենց հերթին ինչ-որ համար տվեցին, որը շարունակ զբաղված էր: Տարաբնույթ զանգերի արդյունքում մեկմեկու անուն իմացան:
– Շաղիկ… Քնքուշ անուն է, մտքովս չէր անցել:
– Անձնագրով Շողիկ է` մորական տատիս անունը: Կուրսում են Շաղիկ ասում: Արդեն տանն էլ են սովորել:
– Քանի՞ տատիկ ունեք. շատ չեղա՞ն:
– Ընդամենը երկուսը: Մեկը Թիֆլիսում է, մյուսը փակվել, չի բացում: Չզանգե՞մ…
– Ո՞ւր` Վրաստա՞ն…
– Մերոնք գնացել են Դուբայ` ապրանք բերելու: Ամսի երկուսին նոր կգան: Հյուրանոցի համարն ունեմ:
– Իզուր չանհանգստացնենք,- տղան մտմտուքի մեջ էր:- Իսկ եթե ես մտնե՞մ: Մեր թևի վրա պատշգամբ ունե՞ք:
– Ննջարանի կողմի՞ց` իհարկե:
– Ապակեպա՞տ է:
– Ոչ, բայց դուռը փակ ենք պահում:
– Ապակին կհանեմ,- Հայկը վճռական անցավ պատշգամբ, սկսեց հինումին իրերը դեսուդեն տանել. մոտենալու համար տարածք էր ազատում:
– Ավելի լավ է դրսի դուռը ջարդենք:
– Կես մետրի չափ տարածություն է, զգույշ կանցնեմ:
– Հանկարծ ու ընկնեք, չեմ ուզում,- աղջիկը գլուխը կորցրածի պես էր:
– Մի անհանգստացեք,- Հայկը ելավ բազրիքին:
– Ցած չնայեք:
– Հասա,- ոտքի հենարան ընտրելով լվացքապարանի անկյունակը` տղան անհետացավ տեսադաշտից:
– Ի՞նչ եղաք,- Շաղիկը դրմփյունից տագնապեց:- Ետ եկեք:
– Արդեն ձեր կողմն եմ:
– Դուռը փակ է, չէ՞:
– Ցավոք` այո:
– Իսկ պատուհա՞նը: Հնարավոր է փեղկն ամուր սեղմած չլինենք, փորձեք հրել:
– Լավ էլ պինդ է: Ոչինչ, հետս դանակ եմ վերցրել, ապակին պահող փայտերը կթուլացնեմ, դուրս կգա:
– Ներսի դուռը տաք լինելու համար բաց ենք պահում: Տատիկս չի՞ երևում:
– Միջանցքում լույս վառվում է, սակայն շարժում չկա: Ինչ-որ ձայն եմ լսում:
– Երևի հեռուստացույցն է:
– Մեխերը քաշելու համար մոռացա գործիք վերցնել: Աջի վրա` պահարանում պիտի լինի… Երրորդ դարակում են:
Շաղիկը գտավ աքցանը:
– Կհասնի՞,- նա, որքան հնարավոր է, երկարեց ձեռքը:
Հայկն իր հերթին ձգվեց` վերցնելու պարզած գործիքը: Այդ պահին օդը լցվեց տրաք-տրաքոցով, հրթիռներ ճայթեցին երկնքում: Անակնկալից աղջիկը բաց թողեց աքցանը: Այն տասներորդ հարկից գրեթե անլսելի ընկավ, հավանաբար խրվեց ձյուների մեջ:
– Հիմա կբերեմ:
– Գլուխ կհանեմ, մի գնացեք:
Անմիջապես տակի հարկից լսելի էր տարեմուտի զանգերի ղողանջը:
– Նոր տարին եկավ, այսպես ո՞նց կլինի,- աղջկա ձայնում վհատություն կար:
– Հիշելու բան կունենանք, ամենևին վատ մի զգացեք: Երազանք պահեք, կկատարվի,- տղան ապակին զգուշորեն հենեց պատին:- Ներսի կողմինը կոտրելու եմ, այլ կերպ անհնար է:
– Ձեզ չվնասեք:
– Տատի անունն ի՞նչ է:
– Ազգանուշ, Ազգուշ ենք ասում:
– Ձայն տամ` չվախենա հանկարծ, կարծի` գող եմ: Շաղիկ, դռռոց եմ լսում: Ինչ-որ բան է աշխատում: Հեռուստացույցից բացի ի՞նչ կա միացած:
– Սառնարանը:
– Չէ, ուրիշ ձայն է: Կտրվեց: Շաղ…- տղան հուզված էր,- միջանցքի լույսը մարեց: Տատդ ողջ-առողջ է:
– Երանի ճիշտ լիներ,- աղջիկն ուժավորվեց:
– Այդպես էլ կա` շարժում եմ զգում: Վարագույրը, ափսոս, խանգարում է: Նա է… Երևի քնով էր ընկել, զարթնեց: Իմ մտնելն արդեն իմաստ չունի: Մինչև զանգը տաք, ես մեր կողմը կանցնեմ:
– Նման բան չանեք:
– Անհարմար չէ՞ տեսնի պատշգամբում:
– Խոստացիր, որ կմնաս,- առաջինը մտերմական դու-ի անցավ օրիորդը:
– Լավ,- Հայկը ենթարկվեց,- ընթացքում փորձեմ ապակին տեղը դնել:
– Խնդրում եմ` ոչնչի ձեռք մի տուր,- հետո, տպավորությունը մեղմելու համար, կեսլուրջ-կեսկատակ գումարեց:- Հարց է` կբացի՞:
– Գոնե քաղաքով հիանալ կարելի՞ է:
– Անվնաս զբաղմունք է, թույլ եմ տալիս,- առաջարկած դերից չխուսափեց Շաղիկը:- Առայժմ…
Մեկտակ ապակին ներսի աղմուկն իսպառ խլացնել անկարող էր, և պատշգամբում կալանված Հայկին լսելի էին թե զանգի ձայնը, թե փականքի շխկոցը և թե խոսքի պատառիկները, որոնք տատի ու թոռնուհու ննջարան մտնելուն պես հստակվեցին:
– Հետաքրքիր ես` ինչո՞ւ վերցնեի,- վիճելով` Շաղիկը հասավ պատշգամբ հանող դռանը, սակայն աճապարելուց չէր կարողանում բացել:- Սրան ի՞նչ եղավ: Տատ, լույսը վառիր:
Սենյակը լուսավորվեց, վարագույրի թիկունքում ուրվագծվեցին մարմինները:
– Ինչի՞դ է պետք, բացում ես:
– Մարդը դրսում է, ներս չգա՞:
– Մեղա քեզ…
– Հայկ, հիմա էլ սա չի բացվում,- նա սկսեց տենդագին պոկոտել կպչաժապավենը, որ հայրն էր գնալուց օրեր առաջ ամրացրել:
– Ու՞մ հետ ես խոսում, Շաղո:
– Մեր հարևանի:
– Էս աղջիկն ինձ չարոց կգցի: Ի՞նչ ես անում, թող,- նա թափով քաշեց դուռը:- Ահան…
– Բարև ձեզ,- Հայկը կտրվեց բազրիքից:
Կինը շվար`օտարականին հառեց հայացքը:
– Ձեր նոր հարևանն եմ, վատ բան մի մտածեք:
– Ի՞նչ գործ ունես Սիրակիս տանը,- նա ուշքի էր գալիս:
– Ես եմ խնդրել: Զանգը տալիս-տալիս էի, չէիր լսում, ուրիշ ի՞նչ անեինք: Մի կերպ անցել էր, որ բացի:
– Ձեռքինդ… ինչո՞ւ ես պահել,- խոժոռ հայացքը վկայում էր, որ լիովին չի վստահում թոռանն ու անծանոթին:
Հայկը շփոթահար` դանակը թաքցրեց թիկունքում:
– Լուսամուտի ապակին հանելու համար էի վերցրել: Եթե մուրճ տայիք…
– Նոր տարի է, այլևս ոչ մի գործ: Ներս արի, Հայկ:
– Բա որ փորձանքի գար. մեղքի տակ կմտնեինք:
– Դու քեզնից խոսիր, ի՞նչ ես վառել: Ծխահոտ առա:
– Բլինչիկը…- տատը, որ փոքրամարմին էր, առաջկտրուկ դիմեց խոհանոց:
– Ասե՞լ էի` տոլմայից բացի ոչնչի ձեռք չտաս,- կշտամբեց թոռնուհին, իսկ անորոշության մեջ մի ոտքից մյուսը տեղափոխվող տղային ժպտաց:- Գնա ձեր դուռը փակիր ու եկ:
– Հարկ կա՞:
– Նոր տարի է, միասին կանցկացնենք:
– Բա որ դե՞մ լինի:
– Քանի մերոնք չեն եկել, իշխանությունն իմ ձեռքում է: Տատի,- կանչեց,- համաձա՞յն ես Հայկը մնա:
– Հյուրն Աստծունն է, ես ո՞վ եմ: Տաք ջուր չի մնացել, բայց սառը խշխշալեն գալիս է, թող գա լվացվի,- նկատելի դժկամ հնչեց հրավերքը:
– Մտել էիր բաղնիք, չէ՞: Ես էլ ասում եմ` ինչո՞ւ չի բացում:
– Չլողանայի՞,- դիմադարձեց տատը:
– Դուք ձեր հաշիվները պարզեք, մինչև գամ:
Միջանցքով անցնելիս Հայկը նկատեց լուսառատ հյուրասենյակի շողշողուն տոնածառը: Երկարուկ սեղանին ծոպավոր ճերմակ սփռոց կար փռած, վրան` ութ, թե տասը տեղ ափսե-պատառաքաղ, ըմպանակներ, անձեռոցիկ: Ուտեստն աղջիկը, հավանաբար, հետո պիտի շարեր, եթե դրսում չմնար:
– Սպասում ենք, չուշանաս,- Շաղիկը մինչև դուռն ուղեկցեց:
– Ամենակարևորը չմոռանամ,- Հայկն ուղղվեց դեպի վերելակը:
– Ո՞ւր:
– Ուրիշի գործիք է, չտանեն: Դու մտիր, թե չէ նորից կփակի,- կատակեց:
– Թող փորձի…
Աքցանը հեշտ գտավ. ոտնատակից հեռու ձյան մեջ գլխիվայր խրված էր:
Խանութի մոտ հիշեց, որ խմելիք չունի: Վաճառողը, տետրին հակված, խորասուզվել էր թվերի մեջ:
– Շնորհավոր նոր տարի:
– Քոնն էլ, ախպերս,- նա պատրաստակամ` կտրվեց մատյանից:- Առաջին մտնողն ես, ինչո՞վ հյուրասիրեմ: Աշխատողներին ուղարկեցի տուն, ասի` թող Նոր տարի անեն: Ես եմ մնացել:
– Շտապում եմ: Խմիչք է պետք. կոնյակ, թե՞ շամպայն, ո՞րը խորհուրդ կտաք:
– Նայած ուր ես տանում:
– Ինքս էլ լավ չգիտեմ:
– Եթե ինձ մնա` կոնյակ. տպավորությունն ուրիշ է:
– Կոնյակ տուր` ոչ շատ թանկանոց և բանան` մի կապուկ:
– Իր գնով եմ հաշվելու,- խանութպանը Հայկի պարզած թղթադրամը քսմսեց մոտերքում եղող ապրանքներին:- Խերով տարի լինի: Կարգին տոպրակի մեջ կդնեմ: Հարյուր դրամ արժե, բայց անվճար եմ տալիս. ասի` առաջին հաճախորդն ես:
– Մակարդակ…
– Բա ո՜նց… Թող եվրոպացիք ու ամերիկացիք մեզնից սովորեն: Հայաստանից լավ տեղ, ճիշտ եմ ասում, չկա:
– Ուշանում եմ, բարի գիշեր:
– Գնա, ցավդ տանեմ… Գիշեր-ցերեկ խանութս բաց է: Եթե ես էլ չլինեմ, մտի, ասա` Սաքոյի ընկերն եմ:
Վերելակն ազատ էր: Կոստյում կհագնեմ, ճերմակ վերնաշապիկ` փողկապով,- սափրվելիս վճռեց,- և սև կոշիկներ: Դուռը կողպելիս մտաբերեց, որ ձեթը չի վերցրել: Մինչ վերստին կբացեր, Շաղիկն անաղմուկ ելավ հարթակ.
– Մենք պատրաստ ենք:
– Ես` նույնպես,- տղան տոպրակները տվեց աղջկան:
– Ձեթը տեսա, իսկ սա՞:
– Խմելու բան է, ուրիշ նվերի ժամանակ չկար:
– Կարող էիր և առանց դրա: Զգացված եմ,- նա ևս զուգվել էր:
Հայկը չկարողացավ զսպել հիացքը.
– Գեղեցկուհիների մրցույթի՞ ես պատրաստվում:
– Եթե ժյուրիի անդամ դառնաս, գուցե:
– Եզրափակիչում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Շաղիկ…- նա աչքը գցեց ցուցանակին և ասմունքողի առոգանությամբ շարունակեց,- Ավետիսյանը:
– Թատերականո՞ւմ ես սովորում:
– Ոտք դրած չկամ:
– Իսկ ես խմբակի անդամ եղել եմ: Չե՞ս հավատում,- աղջիկն աշխույժով մաքրեց կոկորդը:- Լսիր` հաղթահանդեսի ճաշկերույթը կկայանա մեր տանը: Պատիվ արեք…- և թեթևակի խոնարհվեց:
Հայկը ծափեց.
– Վատ չէր,- կասեի մինչևիսկ` փայլուն:
Հայկական սեղան էր` ուտելիքով ծանրաբեռ:
– Նստեք, տոլման սառեց: Խմիչք ո՞վ է լցնելու,- տատն իրար էր խառնվել. Հայկի վայելուչ հագուկապը բարերար էր ազդել, թողած տպավորությունն ակնհայտ այլ էր:
– Իհարկե` ես,- տղան օղի բացեց:
– Ինձ` գինի:
– Ես լիկյոր կխմեմ: Իմ սարքածն է` կանաչ պոպոքի կեղևով…
– Տատ, բաժակաճառդ սկսիր, եղավ ժամը մեկը:
– Աշխարհին` խաղաղություն, գործերին` հաջողություն, ով օտարության մեջ է, իր տունուտեղին դառնա, ջահելների ոտը քարին չառնի…
– Բոլոր կենացները մեկից ասիր, հետո ի՞նչ ենք խմելու,- կանխեց թոռը:
– Չկա կենա՞ց… Փառքդ շատ, Աստված, դու հասնես անճարներին, անօթևաններին…- նա թեթևակի կում արեց:- Հիմա ձեզ տեսնեմ:
Զրնգացին գավաթները:
– Հաղթության տարի լինի: Հաջորդը` իսկական բեմահարթակում, ոչ թե տասներորդ հարկի:
– Առաջինն ամենաանմոռացն է,- երկիմաստ նկատեց օրիորդը:
– Մեր իղձերի կենացը…
– Թաքնագրերով եք խոսում:
– Ձեր գեղանի թոռնուհու ապագան եմ կանխագուշակում:
– Գաղտո՞ւկ,- ապա խոսքը շրջեց:- Անուշ արեք, Շաղիկ, հյուրասիրիր:
– Ես սկզբում տիկին Ազգուշի պասուց տոլման կհամտեսեմ:
– Վե՛րջ, դարձար աչքի լույսը, Հայկ:
– Տեսնեմ ինչքան կուտի, նոր…
– Հաշվելո՞ւ ես պատառները:
– Շաղիկ, քեզ նման չես:
– Նոր տարով դուռը վրաս էիր փակել, լռե՞մ: Ի՞նչ էի անելու, եթե ինքը չլիներ: Սիրտս կանգնում էր, գիտե՞ս ինչեր անցան մտքովս: Մերոնք գան, պատմելու եմ:
– Եթե մնամ: Ես էլ տուն ունեմ, հարևանություն, եկող-գնացող կա:
Թոռնուհին սեղանը շրջանցելով` փարվեց տատին.
– Մինչև տաքերը չընկնեն, քեզ թողնող չկա: Հայկ, արի Ազգուշ տատիս կենացը խմենք: Նա իրականում մեղք չունի: Կարծել է` մոտս բանալի կա: Սպասում էր ջրի տաքանալուն. Նոր տարուց առաջ պարտադիր պիտի լողանա:
– Մտքումս նեղացել էի: Ասում եմ` փոխանակ գա, մեջքս տրորի, էլի ո՞ւմ տուն մտավ:
– Քեզ առողջություն, երկար-երկար կյանք:
– Ձեր թոռներին մեծացնեք, ծոռներին բանակ ճամփեք,- երկրորդեց Հայկը:
– Շատ եղավ. թոռներիս համաձայն եմ: Աստված Շաղիկիս պսակին արժանի անի… Հայկի հետ:
– Տատ, ինչե՞ր ես խոսում,- աղջկա դեմքը վայրկենաբար բոսորեց:
– Սխալ չեմ. ասես իրար համար ծնված լինեք:
Հեռախոսազանգը փրկեց դրությունը:
– Դուբայից հայրիկենք են,- Շաղիկը վազեց դեպի հեռախոսը, որ միջանցքում էր:
– Դու կեր, թող ինքը խոսի: Մսով տոլմա լից: Սպասիր` իմ ձեռով…
– Հերիք է, չեմ կարողանա:
– Տղամարդը պիտի ուտի: Սիրակս ու Կարինես, ափսոս, ուշացան: Ճանաչում ես, չէ՞: Երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեն, գիտահետազոտական ինստիտուտում էին աշխատում, պաշտոն ունեին… Հիմա առևտրով են տուն պահում: Հո ուրիշի ձեռքի չէի՞ն նայելու: Շաղիկը հորն է քաշել` առավ ու առավ: Թող առատ լինի,- ասում է: Հարսս` Կարինեն էլ գովելի է: Ինձ նեղում են` տունդ ծախի, արի մեզ հետ կապրես,- ամեն գնալ-գալիս խոսք կբացեն: Էս երկու շաբաթն էլ Շաղիկի համար եմ այստեղ: Մնացել էր մենակ: Ախպերը, հո, գիտես, բանակում է…
– Տատ, հեռախոսի մոտ. հայրիկն ուզում է տարիդ շնորհավորել:
Հայկն անհարմար էր զգում, որ ակամա ականատեսն է նրանց ներընտանեկան կյանքի:
– Ի՞նքն է լցրել,- Շաղիկը տեսավ լի պնակը:- Եթե լրիվ չուտես, ձեռքից չես պրծնի:
– Բարի կին է:
– Բա որ Շողիկ մամի՞ս տեսնես` տեղով հումոր: Թիֆլիսահայերի բարբառով հո չի պատմում…
Տատը վերադարձավ` աչքերում արտասուք:
– Ազգանուշ, հուզվեցի՞ր:
– Մա՞րդ էլ էս անուշ օրով իր օջախում չլինի: Նարեկիս հիշեցինք, մեռնեմ թոռանս արևին` բանակային է:
– Տատ, կենացդ մնաց: Շողիկ մամին էլ միացնե՞նք:
– Խնամուս ականջը կանչի, ուր որ է կզանգի: Թե՞ գիտի, որ Կարինեն քաղաքում չէ: Ձեր տանը մեծ կա՞, Հայկ:
– Մերոնք գյուղում են` Ապարանից եմ:
– Ապարանցիք լավ ժողովուրդ են: Պարզամտությունը, որ կպցրել են, հորինովի է: Մարդու շիտակությո՞ւնն էլ երեսով տան, ծիծաղի նյութ շինեն: Մուշից գաղթածներ են, չէ՞: Իսկական հայերը մշեցիք են: Չես վերջացրել, տղաս: Գլուխ ես պահում,- նա գոհունակ` անցավ խոհանոց:- Բլինչիկը բերում եմ:
– Փոխե՞մ ափսեդ, քանի չի եկել,- խաղացկուն ժպիտ կար Շաղիկի երեսին:
– Պայմանով, որ ուրիշ բան չդնես:
– Ինչո՞ւ:
– Ավելուկի աղցան անգամ չկա, ի՞նչ ուտեմ:
– Սոխեռած չեմ արել, մնա վաղը:
– Էգուց էլ եմ գալո՞ւ:
– Ինչպես կամենաս,- խոսքը բերանում` քիթը կախեց օրիորդը:- Հանկարծ խցից դուրս չգաս, ճգնավոր,- հեգնեց:
– Մոռացել էի` ապակին, հո, այդպես չի՞ մնա:
Նույնքան արագ տրտմությանը փոխարինեց խինդը, անցավ սեռին հատուկ հտպտանքի.
– Կարևորն ապակի՞ն է, թե՞ երազանքը` զանգերի ներքո…
Պատասխանը չհնչեց, միջոց չեղավ. տատը վերադարձել էր` պնակում բերնեբերան մսաբլիթ:
– Շաղիկիս պատրաստածն է:
– Այնպիսի բան ասիք, կարո՞ղ եմ հրաժարվել: Տիկին Ազգուշ, կներեք, հա ուզում եմ հարցնել` ձեր պատշգամբում եղած ժամանակ ականջիս դռռոց էր հասնում, ի՞նչ ձայն էր:
– Հայկ, հետաքրքիր տղա ես: Ֆենը, բա, ծննդյանս օրն ինչո՞ւ նվեր բերեց, որ մենա՞կ օգտագործեմ,- հետո արդեն` իբր լուրջ:- Փոխանակ անհանգստանա` թոռն ուր մնաց… Կգան, չէ՞:
– Ես ևս բան ունեմ պատմելու:
– Չասողի՞, ի՞նչ…
– Հեչ, կասեմ` ձեր ցանցառը գնացել էր հարևանի տուն սուրճ խմելու:
– Ո՞ր մեկի:
– Ում եմ ճանաչո՞մ,- տատն աչքով արեց տղային:
– Չեն հավատա: Նրանք մինչևիսկ չգիտեն, որ Սիրուշենք տունը վարձով են տվել:
– Կենվոր ե՞ս,- Ազգուշ տատը տատամսեց:
– Հիասթափվեցի՞ր, տատի:
– Ամիսն ինչքա՞ն ես տալիս:
– Հիսուն հազար:
– Մի տուր,- նա կտրուկ էր տրամադրված:- Շաղիկ, թող մեր տանը կենա: Երեք սենյակ է, ի՞նչ եմ անում:
– Տա՞տ…
– Հրես Սիրակս գա… Մեկ է` բնակարանը, երբվանի՞ց եմ ասել, քոնն է:
– Տատ, լիկյորն ազդեց, թե՞ իմ դրսում եղած ժամանակ մենակ էլ ես խմել: Վարձը որքա՞ն է լինելու:
– Ի՞նչ վարձ: Վերջ-առաջ ձեզ չի՞ մնալու, չպիտի՞ կարգվեք:
– Արդեն որոշեցի՞ր:
– Քանի՞ շապիկ փոխած կլինեմ. չե՞մ տեսնում:
– Հայկ, սուրճ դնե՞մ,- Շաղիկը ճողոպրեց խոհանոց:
– Ամաչում է,- տղային դարձավ տատը:- Ինձ թեյ կդնես, Շաղոս: Սիրակիցս բացի ո՞վ ունեմ: Նարեկն իրենց հետ կապրի, դուստրն էլ թող Սեդրակիս ունեցվածքին տեր դառնա: Աստված ինչքան կյանք տվեց, ձեզ հետ կանցկացնեմ: Ախպեր, քույր ունե՞ս:
– Երկու եղբայր, մի քույր ենք: Ծնողներս դպրոցում են, հայրս տնօրենն է:
– Աստված շատ չհամարի: Ես նույնպես ուսուցիչ եմ եղել` քառասուն տարի: Իսկ դու զբաղմո՞ւնք…- պատշաճության սահմանները խախտելով և, տարեցներին հատուկ, ծավալվեց Ազգանուշը:
– Բակալավրի ավարտական քննությունների եմ պատրաստվում, բայց հետո պիտի մագիստրատուրա ընդունվեմ:
– Գլուխ չեմ հանում հիմիկվա անուններից: Ասպիրանտուրայի մասի՞ն է խոսքը:
– Դրա հերթն էլ կգա:
– Շաղիկս համալսարանի երկրորդ կուրսում է` տնից երկու կանգառ է հեռու: Դու ո՞ր բուհում ես:
– Կից մասնաշենքեր են` պատմության ֆակուլտետում:
– Իրար հետ կգնաք-կգաք, աչքդ վրան կլինի…
– Հաստատ ինձնից եք բամբասում,- օրիորդը վերագտել էր իրեն:- Տատ, մեխակ էլ եմ գցել:
– Շատ ապրես, քաղցրավենիքը չմոռանաս:
– Չեմ ուտի, եթե անգամ քո պատրաստածն է: Խնդրում եմ, մի բեր:
– Բերանի մեջ հալվում է:
– Եթե չի ուզում, մի զոռիր:
– Քեզնից եմ սովորել,- ապա խոսքը փոխեց:- Մեր կուրսում տղա կա, մի տորթ դնես, կուտի` տկռոշին հագենալ չկա:
– Պապդ անուշեղեն` չէ, բայց մսակեր էր: Ճաշի մեջ միս չլիներ, կխռովեր, բերան չէր տա:
– Հեռուստացույց ինչո՞ւ չենք միացնում,- Շաղիկը գտավ ալիքների փոխարկիչը:
Հանրապետության գլխավոր հրապարակում շքահանդես էր` ծով երիտասարդություն:
– Ուղիղ եթեր է:
– Տատ, թույլ կտա՞ս…
– Ժամը քանի՞սն է, քուններդ չի՞ տանում:
– Ընդամենը երկուսը:
– Տաք հագնվեք: Շաղիկ, գլխարկ կդնես` ականջավորը: Որդի, դու էլ…
– Ձյուն է գալիս, ինչ լա՜վ է… Հայկ, դու ձմեռ սիրո՞ւմ ես,- աղջիկը տարերքի մեջ` ցնծում էր:
– Շա՜տ: Մեր կողմերում գիտե՞ս ինչքան է դնում. համատարած դառնում է ճերմակ:
– Կեսրարս ասում էր` փաթիլն Աստծո թարթիչն է: Մոկսից էին: Հազար ողորմի..- հետո վերադարձավ իրականություն:- Երանի ձեզ, գնացեք: Թոռնիկս, բանալին չմոռանաս:
– Գործ մի արա: Կգամ` կհավաքեմ:
– Փչացող ուտելիքը սառնարանը դնեմ: Պատշգամբը, լավ եղավ, բացեցիք. որը չտեղավորվեց, դուրսը կթողնեմ: Պինդ կծածկեմ, չսառչի հանկարծ,- նա արդեն ինքն իր հետ էր խոսում:
– Տիկին Ազգուշ, զգույշ կլինեք, այնտեղ ապակի կա: Առավոտյան տեղը կգցեմ:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ