Ամանորյա սեղաններին մսեղենն այնքան շատ է լինում, որ ակամայից աչքերով բանջարեղեն ես փնտրում՝ մսի քանակը մի փոքր «չեզոքացնելու» համար: Այս ուտեստը կարող է ինչպես շատ լավ խավարտ ծառայել, այնպես էլ լինել ինքնուրույն ուտեստ: Ի դեպ, քանի որ Ամանորը Սուրբ Ծնունդին նախորդող պահքի օրերին ենք տոնում, այս ուտեստը կարող է նաեւ պահք պահողների համար լավ տարբերակ լինել, եթե միջից բացառենք պանիրը եւ մայոնեզը:
Անհրաժեշտ մթերքները
Խոշոր սունկ (ագարիկոն (շամպինիոն) կամ պորտոբելո տեսակի)- 0,5 կգ
Կարմիր եւ կանաչ թարմ պղպեղներ- 4-5 հատ
Թարմ կանաչի՝ համեմ, մաղադանոս- կես կապ
Դեղին կոշտ պանիր (օրինակ՝ գաուդի տեսակի)- 100 գրամ
Մայոնեզ կամ սեւ պղպեղի սոուս- 3-4 ճաշի գդալ
Համեմունքներ ըստ ձեր ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Սկզբում պատրաստում ենք լցոնը: Պղպեղները խորովեք եւ մաքրեք: Սունկը լվացեք եւ թղթե սրբիչով լավ չորացրեք: Սնկի ոտիկները, խորոված պղպեղը եւ կանաչին կտրատեք եւ լցրեք խորը ամանի մեջ: Ավելացրեք մայոնեզը կամ սեւ պղպեղի սոուսը (կարող եք սոուսն ընտրել ձեր ճաշակով, ընդունելի է նույնիսկ թթվասերի տարբերակը, իսկ պահք պահողների համար՝ պարզապես բուսական յուղը), քերած պանիրը եւ լավ խառնեք բոլոր մթերքներն իրար:
Այս խառնուրդով լցոնում ենք սնկի գլխիկները եւ տեղավորում ջերմակայուն ամանի մեջ, ցանկալի է կավից, բայց կարող է լինել նաեւ ապակուց կամ որեւէ այլ հրակայուն նյութից: Դրեք ջեռոցը՝ 20-30 րոպեով, մինչեւ պանիրը հալվի, իսկ սունկը փափկի:
Եթե լցոնը ավելանա, կարող եք դրանով լցոնել նաեւ այլ բանջարեղեններ՝ պղպեղ, լոլիկ, թեթեւ տապակած սմբուկ եւ այլն: Կարող եք նաեւ բուսական յուղով տապակել այդ լցոնը եւ օգտագործել որպես սոուս՝ բրնձի ու մակարոնեղենների հետ:
Բարի ախորժակ:
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015
Իսկ սունկը հետո ջեռոց դնել պետք չէ? Կարող է մոռացել եք այդ մասին նշել?
Վայ, ապրեք շատ, Ամալյա ջան… հիմա ուղղեմ 🙂