«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն այսօր «ԷՕՆ» հակասրճարան-ակումբում անցկացրեց ամանորյա ձեռագործ նվերների և զարդարանքի պատրաստման վերաբերյալ 12 թեմատիկ դասընթաց: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 27-ին, նույն տեղում կմեկնարկի ամանորյա տոնավաճառ, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել տեղացի վարպետների ձեռագործ աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Հարթակ»-ն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-18-ը Երևանում: Նախագիծը «ԷՕՆ»-ի և լուսանկարիչ Քրիստինա Հարությունովայի համատեղ նախաձեռնությունն է:
«Հարթակ» փառատոնի տնօրեն Քրիստինա Հարությունովայի խոսքով՝ փառատոնի հիմնական նպատակը փորձի փոխանակումն է, որն իրականացվում է տարբեր դասընթացների, վարպետության դասերի և այլնի միջոցով. «Սա հնարավորություն է կիսվելու, սովորելու, փորձելու, հարցնելու և, իհարկե, ինքներդ ձեզ բացահայտելու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ընդգծեց նա:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս դասընթացներով հետաքրքրված են տարիքային գրեթե բոլոր խմբերը. «Մենք ունենք 6-90 տարեկան մասնակիցներ»:
6-ամյա Մանե Մուրադյանն այսօր մասնակցում էր ամանորյա ձեռագործ նվերների պատրաստմանը: Բացիկ՝ վրան էլ ձնեմարդ. ահա թե ինչ էր պատրաստել փոքրիկ Մանեն: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ շատ է սիրում այսպիսի դասընթացների մասնակցել: Արդեն որոշել է, որ նկարչուհի է դառնալու. «Բայց համ էլ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ»,- հանկարծ մտափոխվեց Մանեն:
Արփինե Գրիգորյանը կար ու ձևի դասընթացներ է անցկացնում փառատոնի շրջանակներում: Մասնագիտությամբ ծրագրավորող է: Ինքնուրույն սովորել է կար ու ձև անել: Կարծում է, որ «Հարթակ»-ը հիանալի հնարավորություն է տալիս փորձի փոխանակման համար. «Ես միշտ սիրել եմ սեփական փորձով կիսվել: Այդ ընթացքում ինքս էլ եմ շատ բաներ սովորում»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը՝ նկատելով, որ երբևէ չի մտածել կար ու ձևով գումար վաստակելու մասին. «Այդպիսի նպատակ չունեմ, չեմ էլ պատկերացնում, որ կարող եմ կարն ու ձևը մասնագիտություն դարձնել: Այն զուտ նախասիրություն է. ես դրանով կարողանում եմ կտրվել առօրյայից ու շատ լավ ժամանակ անցկացնել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ