Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «100 դուռ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը կտևի միայն մեկ օր:
«100 դուռ» նախագծի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը և լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը հանրությանը կներկայացնեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» ծրագրի շրջանակներում արված 100 լուսանկար:
Դրանք Արևմտյան Հայաստանի, Ջավախքի, ՀՀ-ի և Արցախի տարածքում գտնվող 100 եկեղեցիների դռների լուսանկարներ են, որոնք նրանք արել են մոտ երկու տարվա ընթացքում:
«Նշված տարածքներում հազարավոր եկեղեցիներ կան, բայց մենք ընտրել ենք այն եկեղեցիների դռները, որոնք գեղագիտորեն ավելի գրավիչ են»,- ասում է Խաչիկ Եղոյանը:
Կարդացեք նաև
«Հրաշալի ցուցահանդես է լինելու,- վստահեցնում է Ռուբեն Մարտիրոսյանը,- եկեղեցիների լուսանկարներով ցուցահանդեսներ եղել են, բայց երբևէ չեն ցուցադրվել նրանց միայն դռները: Կարծում եմ՝ շատ տպավորիչ է միանգամից տեսնել թե´ աշխարհագրական, թե´ ժամանակագրական առումներով իրարից բավականին հեռու գտնվող 100 եկեղեցու դուռ»:
Ռուբեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսում ընդգրկել են նաև մի քանի խոնարհված եկեղեցիներ, որոնք դուռ չունեն. «Ցուցադրելու ենք Արևմտյան Հայաստանում գտնվող 3-4 եկեղեցու շեմ: Այդ եկեղեցիները դուռ չունեն և խոնարհված են: Սակայն որոշեցինք լուսանկարել ու ներկայացնել նրանց շեմը, մուտքը»:
Ի դեպ, ցուցահանդեսի համար նաև խորհրդանշական 100 հրավիրատոմս է պատրաստվել: Դրանցից յուրաքանչյուրում հասցեատերը կգտնի Մշո սուրբ առաքելոց վանքի դռան լուսանկարի փոքրիկ մի կտոր: Այդ 100 կտորները համարակալված են և ցուցահանդեսի օրը այնպես կդասավորվեն, որ կտեսնենք վանքի դռան ամբողջական պատկերը:
«Արևմտյան Հայաստանում գտնվող Մշո սուրբ առաքելոց վանքի դուռը մարդիկ փրկել բերել են, և հիմա գտնվում է Պատմության թանգարանում: Այն յուրահատուկ տեղ կունենա մեր ցուցահանդեսում»,- ասում է Խաչիկ Եղոյանը:
Նկատենք, որ հիշյալ 100 հրավիրատոմսերը զուտ սիմվոլիկ իմաստ ունեն. ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Խաչիկ Եղոյանն ասում է, որ հաջորդ տարի պատրաստվում են «100 դռնով» շրջագայել. «Պետք չէ շատերի նման մտածել, որ 2015 թվականով ավարտվեցին Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները»:
Խ. Եղոյանը նշում է նաև, որ նախագիծն իրենց սեփական միջոցներով են սկսել: Այնուհետև որոշակի աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը, և լուսանկարների տպագրության ծախսերը հոգացել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը. «Սկզբում դիմեցինք Սփյուռքի նախարարություն, մերժեցին՝ պատճառաբանելով, որ դա ավելի շատ մշակութային ծրագիր է,- պատմում է Խ. Եղոյանը,- այնուհետև դիմեցինք Մշակույթի նախարարություն, որին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել՝ տարի ու կես մեզ մատների վրա խաղացնելու և չաջակցելու համար:
Մեկ ու կես տարի առաջ նամակ գրեցինք Մշակույթի նախարարությանը: Նամակը պարբերաբար ընկնում էր տարբեր բաժիններ, հետո վերջապես ընկավ ճիշտ բաժին: Ե´վ գրավոր, և´ բանավոր խոստացան, որ կազմակերպչական ծախսերն իրենք կհոգան: Մենք էլ վստահորեն սկսեցինք այս ամենը: Հետո ապրիլին ինձ զանգահարեցին ու մերժեցին: Ես խնդրեցի գրավոր մերժում, բայց չտվեցին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չենք արդարացնում մշակույթի նախարարությանը, բայց դե մի բանն էլ դուք արեք` Եղեռնի հետ կապված….