Պատմվածք
Երկու տարի առաջ, ես՝ Փայլակ Փայասլյանս, որոշեցի նամակ-դիմում գրել ֆինանսների նախարարությանը՝ խորհրդային կարգերի փլուզումից հետո սառեցված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հարցով:
Դիմումի մեջ նկարագրեցի իմ տվյալները և ձևակերպեցի խնդրանքս՝ կարճ ու կոնկրետ պատասխանել իմ մեկ հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է որոշի, որ ես սոցիալապես անապահով խավին եմ պատկանում, որից կբխի երկրորդ հարցի պատասխանը, այսինքն, եթե «այո», ապա ավանդի համար փոխհատուցում երբևէ ստանալու եմ, թե՝ ո՛չ:
Դիմումիս մեջ նշեցի նաև, որ տեղյակ եմ նախկին խորհրդային բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների արժեզրկումից հետո ավանդատուների կրած կորուստների դիմաց գումարների տրամադրման մասին ընդունված որոշմանը, որի համաձայն առաջնահերթ կարգով փոխհատուցում է տրվում ընտանեկան նպաստառուների ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին` ըստ թվարկված խմբերի հերթականության:
Դիմում-նամակում նշել էի նաև, որ արդեն 78 տարեկան եմ և կյանքիս ավարտին, նույնիսկ նրա լավագույն ընթացքի դեպքում, շատ քիչ ժամանակ է մնացել և ցանկալի է այն աշխարհ գնալուց առաջ իմանալ, թե իմ պարագայում փոխհատուցումը երբևէ լինելու է, թե՝ ոչ: Վերջին նախադասությունը հատկապես գրել էի պաշտոնյաների սիրտը մի քիչ ճմլելու դիտավորությամբ: Երբ նամակ-դիմումի տեքստը պատրաստ էր, միացա համացանցին, բացեցի իմ էլեկտրոնային հասցեն և այն ուղարկեցի ֆինանսների նախարարության հասցեով:
Որոշ ժամանակ անց, սույն նախարարությունից ստացա մի փոքրիկ գրություն, որում հայտնվում էր.
«Հարգելի քաղաքացի, Ձեր դիմումը մուտքագրվել է ֆինանսների նախարարության աշխատակազմում, դիմումի քննարկման գործընթացին կարող եք հետևել կառավարության պաշտոնական կայքում, համապատասխան պատուհանում մուտքագրելով Ձեր դիմումի 12 նիշանոց հսկիչ համարը, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներին զանգահարելով…»:
Շատ չանցած ես ստացա նաև լրացուցիչ, երկու էջանոց մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե ովքեր ներկայումս իրավունք ունեն ստանալու այդ փոխհատուցումը (մեջբերումը կրճատումներով եմ անում շատ տեղ չզբաղեցնելու նկատառումներից ելնելով):
“Ի պատասխան մեր նախարարությանը հասցեագրված Ձեր դիմումի հայտնում եմ, որ “ավանդ” և “ավանդի դիմաց տրվող դրամական փոխհատուցում” հասկացությունները չեն նույնացվում…, ավանդները չեն վերադարձվում, այլ տրամադրվում է ներդրված ավանդների դիմաց դրամական փոխհատուցում, ինչն իրենից ներկայացնում է սոցիալական օգնություն ավանդատու հանդիսացող անձանց… և այլն և այլն»: Այնուհետև բերվում էր նպաստառուների խմբերի բաժանված ցուցակները և դրանք վճարելու առաջնահերթությունները:
Կարդալով ստացված պատասխանը, ակամա մտածեցի, թե նախարարության աշխատակիցը գուցե ստանդարտ տիպի պատրաստի նամակ ունի և այն ուղարկում է յուրաքանչյուրին՝ ով նմանատիպ հարցում է կատարում, փոխելով որոշ բառեր և նամակ-դիմումի հեղինակի անուն-ազգանունը:
Բավական երկար ժամանակ ընկա մտատանջությունների մեջ: Ինքս ինձ ասում եմ, լավ, ես հայերեն գուցե ճիշտ չեմ արտահայտում մտքերս, որ իմ հարցին զարտուղի ճանապարհներով են պատասխանում, որ ես դրանցից հասկանամ իմ կարգավիճակը, փոխանակ ուղիղ տեքստով բացատրեն: Երևի չեն ուզում ինձ սթրեսի ենթարկել:
Մի երեկո որոշեցի գնալ մեր հարևան Գևոյի մոտ, որը, ըստ ինձ հասած տեղեկությունների քաջատեղյակ է նմանատիպ նամակ-դիմում գրելու խորամանկություններին: Խնդրեցի նրան իմ անունից նամակ գրել: Նա, իհարկե, պահանջեց իմ գրած բնօրինակ նամակ-դիմումը, արժեքավոր լրացումներ կատարեց նրա բովանդակության մեջ, նաև խորհուրդ տվեց, որ այն ուղարկեմ ոչ թե ֆինանսների այլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ես այդպես էլ վարվեցի:
«Հարգելի նախարարության աշխատակազմ.
Խնդրում եմ համբերատար լինել և մինչև վերջ կարդալ իմ այս դիմումը և չտալ ինձ երկու-երեք էջանոց տեղեկատվություն, թե ու՞մ և ի՞նչ հանգամանքներում են տրվում ավանդատուների փոխհատուցումները, դրանց հետ ես արդեն ծանոթ եմ, ինձ հետաքրքրում է իմ անձին վերաբերող հարցապնդմանը՝ մեկ, առավելագույնը, երկու մատչելի նախադասությամբ, այլ ոչ թե երկու-երեք էջանոց բացատրություն, որի մեջ ես սուզվելով կարող եմ խեղդվել և դուրս չգալ այնտեղից: Իմ հարցադրումը հետևյալն է.
Շուտով 79 տարեկան կդառնամ, միայնակ թոշակառու եմ և հետևաբար, ո՞վ և ինչպե՞ս է որոշելու իմ սոցիալապես անապահով լինելու կամ չլինելու հարցը, որպեսզի ընդգրկվեմ ավանդատուների փոխհատուցում ստացողների ցուցակում: Միթե՞ իմ հարցադրումը պարզից էլ պարզ չէ: Հարգանքներով՝ Փ. Փայասլյան»:
Պատասխանը չուշացավ և որոշ ժամանակ անց, էլեկտրոնային փոստով ես ստացա դիմում-նամակիս պատասխանը, որը ճիշտն ասած, դարձյալ հիասթափեցնող էր: Գրեթե նույն բովանդակությամբ, ինչպես նախորդ նախարարությունից ստացածը, երկու էջանոց նամակը շուտով հանգրվանեց իմ թղթապանակում, չտալով ոչ մի նոր բան իմ իմացածին: Պարզվեց նաև, որ հարևան Գևոն էլ նամակ գրելու ճիշտ ձևը չգիտի:
Երկար փնտրտուքներից հետո, որոշեցի գրել վերոհիշյալ նախարարությունների վերադասին, այսինքն՝ վարչապետին, գուցե այնտեղից սպառիչ պատասխան ուղարկեն: Դե, ես գիտեմ, վարչապետը հո այն չի կարդալու, բայց աշխատակազմի ղեկավարը անպայման աչքի կանցկացնի և կպատասխանի:
Շատ չանցած վարչապետի աշխատակազմից ստանում եմ հետևյալ գրությունը. “…ի պատասխան Ձեր դիմումի հայտնում ենք, որ այն վերահասցեագրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությանը, որտեղից կստանաք Ձեզ հուզող հարցի պատասխանը”:
Շուտով ես ստացա վերոհիշյալ նախարարությանը “վերահասցեագրված” նամակիս նույնատիպ պատասխանը, միայն այն տարբերությամբ, որ այնտեղ, նախորդի համեմատ ավելացված էր «կրկին» բառը մի փոքր զայրացկոտ տոնով, (երևի հիշելով, որ արդեն մի անգամ իրենց դիմել և պատասխան եմ ստացել):
“Կրկին” ուղարկած նամակը ինձ կրկին գցեց մտորումների մեջ, երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե հիմա ու՞մ դիմեմ, որ կրկին չստացվի նույնը և ինձ ճիշտ հասկանան և պատասխանեն:
Երեկոյան քնելուց առաջ հանկարծ գլխի ընկա, որ այս հարցով ավելի ճիշտ կլինի դիմեմ Ազգային Ժողովին, որը մեր, այսինքն՝ ժողովրդի ընտրյալն է և նա է վերջնական օրենքները ընդունում և ինձ ճիշտ խորհուրդ-պատասխան կտան: Էլեկտրոնային նամակս արագ ուղղություն վերցրեց դեպի այդ հասցեն:
Եվ ինչ ե՞ք կարծում, այո, ճիշտ կռահեցիք, այն վերահասցեագրվել էր նույն նախարարությանը, որն էլ ջանասիրաբար որոշ ժամանակ անց ինձ «կրկին» ուղարկեց ստանդարտ պատասխանը:
Արդեն օղակը սեղմվում էր իմ շուրջ և վերին հաստատությունների քանակը, որոնց կարող էի դիմել, խիստ նվազում էր: Մտածում եմ, թե էլ ո՞վ մնաց ինձ հարազատ այս պետության մեջ, որին կարող եմ դիմել, հա՛, իհարկե, նախագահը: Դե նախագահին չէի ուզում անհանգստացնել, մտածելով, որ նա շատ զբաղված պաշտոնյա է և այդ փոքրիկ հարցով չարժե նրան դիմել ու միևնույնն է նրա աշխատակազմից կրկին “կվերահասցեագրեն” ու ես թանկարժեք ժամանակ կկորցնեմ իզուր տեղը:
Հուսահատության մեջ անցկացնելով մի քանի դժվար ու ծանր օրեր, լարված մտածում էի, թե, էլ ո՞վ վերջապես կարող է տալ ինձ հուզող հարցի պատասխանը: Ու քանի որ ես էությամբ շատ համառ անձնավորություն եմ և մինչև վերջին պահը հույսս չեմ կտրում, որ կստանամ սպառիչ պատասխան իմ հարցադրմանը, ուստի գտա այն փրկարար օղակը, որին կարող եմ հասցեագրել իմ հարցումը: Մի փոքր մտածելով թե որ թեքումով թերթին դիմեմ՝ ընդդիմադիր, թե՞ իշխանամետ, որ չսխալվեմ, վերջապես ընտրեցի կիսաընդդիմադիր կեցվածքով մի օրաթերթի և նրան ուղարկեցի էլեկտրոնային նամակիս մի փոքր խմբագրված տարբերակը:
“Հարգելի խմբագրություն ես 78 տարեկան եմ, միայնակ թոշակառու, ունեմ որոշակի խնայողություն նախկին խորհրդային բանկում, սակայն ավանդների փոխհատուցման ոչ մի սոցիալական խմբում ընդգրկված չեմ: Դիմել եմ ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարություններին, վարչապետի և Ազգային Ժողովի նախագահների աշխատակազմերին, սակայն կոնկրետ պատասխան չեմ ստացել այն մասին, թե, ո՞վ և ինչպե՞ս պետք է որոշի, արդյո՞ք ես պատկանում եմ անապահով խավին, թե՝ ոչ և հետևաբար, արդյո՞ք կարող եմ ընդգրկվել ավանդատուների հատուցման որևէ սոցիալական խմբում: Գուցե դուք օգնեք այս հարցում”:
Այս թերթից, շատ չանցած ինձ պատասխան եկավ այն մասին, որ իրենց աշխատակիցը այդ հարցով սկսել է զբաղվել և հենց պատասխանը լինի, կտպագրեն :
Շուտով այդ նույն թերթում, որի անունը չեմ տալիս գաղտնիությունը ապահովելու նկատառումներից ելնելով, տպագրվեց հետևյալ պատասխանը, որը նրանց էր տրամադրել այն նույն նախարարությունը, որը մի քանի անգամ արդեն ինձ ուղարկել էր ընդհանուր պատասխաններ. (մեջբերումները կատարում եմ կրճատումներով, չթվարկելով նաև իմ անձին չհամապատասխանող սոցիալական այլ խմբերի ցուցակը, ընտրելով դրանցից միայն երկուսը, որին կարող է հավակնեմ) “…ի պատասխան Փ. Փայասլյանի դիմումի պատասխանում ենք, որ “Պետական բյուջեի մասին օրենքի համաձայն ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, “O”-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված, մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց… և այլն»:
Իսկ ամենավերջում ասված էր՝ «…Փ. Փայասլյանը` ծնված 1937 թ., իր կարգավիճակով չի համապատասխանում վերոգրյալ որոշմամբ սահմանված սոցիալական խմբերից որևէ մեկին, որի պատճառով չունի ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք….”
Այդպես էլ չստանալով իմ հարցի սպառիչ պատասխանը, ես, սակայն, ընդհուպ մոտեցա հանգուցալուծմանը, այն է՝ պետք է պարզեմ, թե ի՞նչ է նշանակում ընտանիքի “0”-ից բարձր անապահովության միավոր, ո՞վ և ինչպե՞ս է այն որոշում, որից կբխի հետևանքը՝ արդյոք ես կընդգրկվեմ սոցիալական որևէ խմբում, ստանալու համար իմ արդար քրտինքով վաստակած խնայողության փոքրիկ փոխհատուցումը:
Սակայն մի բան էլ էր հուսադրող այս պատասխանում, որ եթե հիմա 1931 թ. ծնվածները իրավունք ունեն ընդգրկվելու ցուցակում, ապա հերթը ինձ երևի կհասնի մի տասն-տասնհինգ տարի հետո, որը ինձ պարտավորեցնում է գոնե այդքան ապրելու, բա հո չեմ թողնի, որ իզուր տեղը կորչի փոխհատուցումը…
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ